Սփյուռքը կոպեկ-կոպեկ ուղարկում էր, որպեսզի պարգեվավճարները չպակասե՞ն

Սփյուռքը կոպեկ-կոպեկ ուղարկում էր, որպեսզի պարգեվավճարները չպակասե՞ն

Ադրբեջանաթուրքական ագրեսիան մի բռունցք դարձրեց համայն հայությանը: Հայաստանն ու սփյուռքը դարձան մեկ միասնություն եւ սկսեցին անել հնարավորն ու անհնարինը` ռազմաճակատին օգնելու, հայ զինվորին զենք, հագուստ ու սնունդ հասցնելու համար: Սկզբում այդ ամենն արվում էր տարերայնորեն. մարդիկ հավաքում եւ ուղարկում էին` ով ինչ կարող էր․ հագուստ, սնունդ, անկողին, բժշկական պարագաներ: Սփյուռքից անգամ զինվորական սաղավարտներ,  զրահաբաճկոններ, այլ զինվորական պարագաներ էին ուղարկում: Շատ կարի արտադրամասեր սկսեցին զինվորական հագուստ կարել, դերձակներն աշխատում էին անգամ անվճար, որպեսզի իրենց զինվոր որդիներն ու ամուսինները ռազմաճակատում տաք հագուստ ունենան, անգամ օպերային երգչուհիներն էին ցանցեր հյուսում: 
Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ բոլոր օգնությունների փոխարեն ավելի արդյունավետ է, որ մարդիկ փող փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ վստահեցնելով, որ դա նպատակային կծախսվի բանակի համար: Բոլորիս մոտ տպավորվել է, թե ինչպես էր անչափահաս երեխան հատիկով ընկույզ վաճառում ու փողն ուղարկում ռազմաճակատ: Սահմանամերձ գյուղերի դպրոցական երեխաներն իրենց ծնողների թոշակներն ու նպաստներն էին ամբողջությամբ նվիրաբերում բանակին` հիմնադրամին: Տուն գնելու համար հավաքած գումարն էր մարդն ուղարկում բանակին։ Բոլորը լծվեցին հիմնադրամին փող փոխանցելու սուրբ գործին: Մեր սփյուռքահայ հայրենակիցներից ոմանք աշխատում են արտաժամյա, որ կարողանան գումար փոխանցել հիմնադրամին: Սակայն, ի զարմանս շատերի, օրերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չէ եւ նվիրաբերվել է կառավարությանը։ Դա տեղի է ունեցել դեռեւս հոկտեմբերին` պատերազմի թեժ օրերին: Ո՞ւմ համար եւ ի՞նչ նպատակով են խնայվել այդ գումարները: Իսկ նվիրատվությունից առաջ դոնորների կարծիքը հիմնադրամը հաշվի առե՞լ է: Ի դեպ, հիմնադրամում հավաքագրված ավելի քան 170 միլիոն դոլարի 70 միլիոնը, ըստ տնօրենի, Հայաստանից է փոխանցվել։ Նվիրատուների ցանկում կան նաեւ խոշոր գործարարներ։ 
Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, անդրադառնալով մեղադրանքներին, թե ինչու այդ միջոցներով զենք չի գնվում, մեղադրանքները համարեց ոչ տեղին եւ հիշեցրեց, որ զենք, ինչպես նաեւ պաշտպանական պարագաներ՝ սաղավարտ ու զրահաբաճկոն գնելու իրավունք չունեն։ Հիմնադրամի միջոցները միայն մարդասիրական ծրագրերին են հատկացվում։ Նա չի մանրամասնում, թե ինչ ուղղություններով են հիմնականում կատարվել ծախսերը՝ հորդորելով սպասել համապատասխան աուդիտի ավարտին: Այդուհանդերձ նշվում է, որ հսկայական գնումներ հենց անմիջապես հիմնադրամից արդեն իսկ կատարվել են առողջապահական համակարգի պահպանման համար՝ շտապօգնության մեքենաներ, շարժական ռենտգեն ապարատներ, դեղորայք, տարրական կենցաղային իրեր։ Բայց այստեղ մութ հարցեր կան. այդպիսի օգնություններ շատ են եկել թե՛ հայաստանցի գործարարների, անհատների ու տարբեր կառույցների, թե՛ ՌԴ-ի մեր հայրենակիցների, թե՛ ՌԴ կառավարության կողմից: Այստեղ միմյանց խաչվող բավականին շատ իրողություններ կան: Այս կառավարությունը, ինչպես բոլոր նախկինները, հանրության մեծ մասի մոտ չունի վստահություն, քանի որ բյուջեն ուղղակի մսխում է պարգեւավճարներ տալով: Հիշեցնենք, որ պատերազմական թեժ օրերին, երբ հայ զինվորն ու կամավորները կենաց ու մահու կռիվ էին տալիս ռազմաճակատում, իսկ նրանցից շատերի ընտանիքները մատնված էին սովի, քանի որ աշխատող ու կերակրող ուժը ռազմի դաշտում էր, ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր 2021 թ․ բյուջեում 23 մլրդ դրամ ավելի պարգեւավճարներ հատկացնելու հարցը: Թեեւ դեռ հայտնի չէր ռազմի դաշտում կռվողների կյանքի ու առողջության հարցը, թե ինչ ավարտ կունենա պատերազմը, քանի զոհ կունենանք, քանի հաշմանդամ։ Չէ որ այս ընտանիքներին պետությունը պարտավոր է օգնել: Քննարկվում էր, որ պետական համակարգի պարգեւատրումների չափը 2021թ․ կկազմի 18 մլրդ 825 մլն դրամ, որը, ի դեպ, 21 մլն-ով գերազանցում է 2020-ի բյուջեով պարգեւատրումների համար նախատեսված գումարը։ 
Տարբեր պետական օղակներում, անգամ պատերազմական օրերին, պարգեւավճարներ են բաժանվել` նախարարներին, նախարարությունների աշխատակիցներին: Սահմանադրական դատարանի նորանշանակ նախագահ Արման Դիլանյանը պարգեւատրումներ էր բաժանում ՍԴ աշխատակազմին, գումարներ վատնում ծառայողական մեքենաների համար «գոլդ» համարանիշներ պատվիրելու վրա: Նա կարգադրություն է ստորագրել՝ դատարանի աշխատակազմի 84 աշխատակիցների պարգեւատրել աշխատավարձի 30%-ի չափով։ Բացի այդ` հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին ՍԴ աշխատակազմի երկու ստորաբաժանումների ղեկավարներ (յուրաքանչյուրը՝ մեկ անգամ) ստացել են պարգեւավճար՝ մեկ ամսվա աշխատավարձի դրույքաչափով։ Պատերազմի թեժ օրերին  Երեւանի ավագանին որոշում կայացրեց «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ եւ մատչելի դարձնելու նպատակով տրամադրել ավելի քան 49 մլն ՀՀ դրամ: 
ՀԳ․ Հիշեցնենք․ պատերազմական օրերին ամերիկահայ գործարար Ջորջ Բաղումյանը 1 մլն դոլար նվիրաբերեց Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին: Հայտարարեցին, որ այդ գումարները ծախսվելու են քովիդի բուժման նպատակով։ Սակայն մանրամասներ, թե որտեղ եւ ինչ նպատակներով է հիմնադրամը ծախսել իր գումարները վերջին շրջանում, չեն տրամադրում, Հակոբյանի խոսնակը հայտարարում է, որ հաշվետու են միայն դոնորներին եւ լրատվամիջոցներին տեղեկատվություն չեն տրամադրում: Եթե հաշվի առնենք, որ այդ դոնորների մեծ մասը գործարարներ ու օլիգարխներ են, որոնք վարչապետի կնոջ հիմնադրամին «մուծվել» են իշխանափոխությունից հետո` «ասֆալտին չփռվելու» համար, որպես ազատության «փրկագին», ապա հազիվ թե այդ գումարների ծախսման վերաբերյալ ողջ ճշմարտությունն իմանանք: