Քաղգործիչները սաղմոս են կարդում, հոգեւորականները՝ քաղաքական բառապաշար կիրառում

Քաղգործիչները սաղմոս են կարդում, հոգեւորականները՝ քաղաքական բառապաշար կիրառում

Հայաստանում վերջին շրջանում կրոնական իմաստով բավական տարօրինակ տենդենց է նկատվում։ Նախ՝ հայկական հեթանոսական Անահիտ աստվածուհու դիմապատկերի՝ այս տարվա աշնանը Հայաստանում ցուցադրությունը, չգիտես թե ինչու, կատարվում է «Մայր Աստվածություն. Անահիտից մինչեւ Մարիամ» խորագրի ներքո, եւ ապա նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հիսուս Քրիստոսի հետ իր եւ ՔՊ կուսակցության համեմատությունը եւ Հիսուս Քրիստոսին որպես հեղափոխական ներկայացնելը բավականին հարցեր են առաջացնում։

Այն, որ իրոք Հայաստանում կրոնական առումով բավական անհասկանալի վիճակ է, նկատում են նաեւ արտասահմանյան մամուլում։ Պատահական չէ, որ հայտնի «Ասիա նյուզ» պարբերականը նկատում է, որ Հայաստանում քաղաքական գործիչները խոսում են՝ սաղմոսներից եւ Ավետարանից մեջբերումներ անելով, իսկ հոգեւորականները քաղաքական բառապաշար են կիրառում։ Սա թերեւս ամենամեղմ բնորոշումներից է։ Ինձ համար անձամբ անհասկանալի է գործող իշխանությունների այս միտումը՝ ամեն կերպ փորձել Հայաստանում մեծամասնության կրոնադավանական կառույցին այլընտրանք կամ հակադիր որեւէ գաղափար ներդնել՝ անհամատեղելի իրողություններ համարվող Անահիտ դիցուհուն եւ Սբ Մարիամ Աստվածածնին նույն հարթության մեջ դնելով կամ Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելով։ Նախ՝ անկախ գիտական, ազգագրական կամ բանահյուսական մեկնաբանություններից, Անահիտ դիցուհին եւ Մարիամ Աստվածածինը որեւէ կերպ չեն կարող դիտվել նույն հարթության վրա, առավել եւս՝ համարվել մայր աստվածության կրողներ։

Եթե հայկական բազմաստվածության մեջ Անահիտը մայր աստվածության կրողն է, ապա քրիստոնեության մեջ Մարիամ Աստվածածինը Հիսուս Քրիստոսի՝ Աստվածորդու մայրն է, բայց ինքը երբեք աստվածություն չի համարվում։ Մարիամը, ըստ քրիստոնեական ընկալումների, մարդ է, ազգությամբ հրեա, Հովակիմի եւ Աննայի դուստրը, ով կրթվել է, ամենայն հավանականությամբ, Երուսաղեմի տաճարին կից գործած օրիորդաց կրթարանում, նշանադրված է եղել Հովսեփ անունով հյուսնի հետ, երբ աստվածային նախախնամությամբ եկել է ժամանակը, որ այն առաքելությունն իրականացնի, որը պետք է իրականացներ՝ մասնակիցը դառնալով Սբ Երրորդության երկրորդ Անձի՝ Որդի Աստծո՝ Աստվածային Լոգոսի մարդացմանն ու մարմնացմանը։ Սա երբեք եւ ոչ մի պարագայում Մարիամին մայր աստվածության կարգավիճակ չի տալիս, որքան էլ որ նա համարվում է քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբուհին։

Քրիստոնեությունը միաստ-վածյան կրոն է, որտեղ առանցքը միակ Աստված է՝ երեք Անձերով։ Քրիստոնեությունը բազմաստվածություն չէ կամ չորրորդություն չի դավանում, եւ այս իմաստով, անկախ ֆոլկլորային ժողովրդական ընկալումներից, պետք է հստակ լինի ամեն բան։ Նույնկերպ՝ նաեւ Հիսուս Քրիստոսը հեղափոխական չէ։ Հիսուս Քրիստոսը խաչվեց հենց այն բանի համար, որպեսզի չլիներ հեղափոխական։ Հիսուս Քրիստոսը եւ Նրա հետեւողությամբ՝ նաեւ քրիստոնեական եկեղեցին, երբեք քաղաքական նկրտումներ չեն ունեցել։ Նույնիսկ այն պարագայում, երբ Նրան համարել են Մեսիա՝ բառի եբրայական ընկալման քաղաքական ենթաշերտ ունեցող իմաստով, Նա միշտ մերժել է՝ հայտարարելով, որ Իր Արքայությունն այլ է, եւ Իր առաքելությունը քաղաքական չէ։ Մոլորություն է Քրիստոսին հեղափոխական ներկայացնելը, որքան էլ որ ժամանակին այդ մոլորությունը որոշ արեւմտյան աստվածաբանական ժամանակակից շրջանակների մոտ տեղ է գտել ու զարգացվել։ Ավանդական ընկալումն այլ է։ Այսպիսով անիմաստ է, անկախ շարժառիթներից, նման պատկերացումներ սերմանելը հասարակության մեջ եւ փորձելը՝ ինչ-որ այլընտրանքային հարթություններ ձեւավորել որպես ավանդական քրիստոնեական ընկալումներին փոխարինող։