Մեզ հավասարեցրել են շահումով խաղեր կազմակերպողների հետ․ փաստաբաններին արգելում են անվճար ծառայություն մատուցել

Մեզ հավասարեցրել են շահումով խաղեր կազմակերպողների հետ․ փաստաբաններին արգելում են անվճար ծառայություն մատուցել

ՀՀ-ում դատարանները շարունակում են ծանրաբեռնված մնալ, որի մասին փաստաբաններ ու մամուլը հաճախ են բարձրաձայնում, եւ այս ֆոնին նոր աղմուկ է բարձրացրել փաստաբանական գործունեության հարկային բեռի ավելացում թեմայով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծիծը, որով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, այսինքն` կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Փաստաբանների խոսքով, կարգավորումները խնդրահարույց են և որպես հետևանք՝ նվազելու է իրավաբանական օգնության հասանելիությունը հատկապես քաղաքացիների համար:Կմեծանա Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուների թիվը, եւ կառավարությունը կա՛մ ստիպված լինի մեծացնել պետական ֆինանսավորումը, կա՛մ համակերպվել մատուցվող ծառայության որակի նվազման հետ։

Գյումրեցի փաստաբանները «Երկխոսության մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձան խնդրին՝ ընդգծելով, որ փոփոխության պատճառով շուտով ստիպված կլինեն հրաժարվել անվճար ծառայություններ մատուցելուց:

«Փաստաբանների պալատի հետ որևէ քննարկում չի եղել։ Ինչի է սա հանգեցնելու․ 38 տոկոսով թանկանալու է փաստաբանների մատուցած ծառայությունների գինը։ Յուրահատկությունը փաստաբանական ծառայության այն է, որ բիզնես լինելուց առաջ իրավապաշտպան գործունեություն է։ Պետությունն ուղղակիորեն հարված է հասցնում իրավապաշտպան գործունեությանը, քանի որ քաղաքացու համար հասանելի չի լինելու իր ընտրած պաշտպանի, փաստաբանի միջոցով իր իրավունքների պաշտպանությունը, որը ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի ուղղակի խախտում է։ Մեզ, ըստ էության, հավասարեցրել են շահումով խաղեր կազմակերպողների հետ, այնտեղ շրջանառությունը միլիարդավոր դրամներ են, փաստաբանական ոլորտում շրջանառությունը էապես քիչ է, եթե 100 միլիոն գերազանցող շեմը կլիներ, հա, հասկացանք, բայց Հայաստանի Հանրապետությունը 3-4 տոկոսն է կազմում փաստաբանական այն գրասենյակների թիվը, որոնց շրջանառությունն այնքան է, որ նրանք ամեն դեպքում պետք է հարկվեին ավելացված արժեքի հարկով։ Տրամաբանությունը ո՞րն է փոքր բիզնեսի, փաստաբանությունը որպես բիզնես շատ փոքր է, դնել այնպիսի հարկային բեռ, որը հանգեցնելու է կամ գործունեության դադարեցման կամ ստվերի առաջացման կամ գների աննախադեպ թանկացման»,-ասում է  փաստաբան Արամայիս Հայրապետյանը՝ ընդգծելով, որ այս փոփոխությամբ սահմանափակում են իրենց գործունեությունը, քանի որ չեն կարող այլևս  անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, եթե անգամ անվճար իրավաբանական օգնություն ես ցուցաբերում, դրա համար ևս պետք է վճարեն:

Փաստաբան Թամարա Յայոլյանն էլ վստահ է, որ սա ինչ-որ առումով քաղաքական ենթատեքստ է պարունակում, եւ փաստաբաններին ճնշելու նպատակով է արվում, քանի որ փաստաբաններից շատերը  ընդդիմադիր հայացքներ ունեն։
«Փաստաբանները, բնականաբար,  որևէ կուսակցության չեն պատկանում, բայց որպես երկրի քաղաքացիներ, որպես այս երկրում ապրող մարդիկ, իրենք իրենց կարծիքն են հայտնում, հայտնում են դժգոհությունը որոշակի քաղաքական գործունեության հետ է կապվում։ Եվ նկատի ունենալով այն, որ փաստաբանների համայնքը բավականին մեծ է, ճնշելու համար այս միջոցներն են գտնում։ Ոչ միայն 38 տոկոսը կավելանա որպես հարկային բեռ, այլ մենք ունենք զինվորի գումար, որը վճարում ենք, ունենք կենսաթոշակային վճար, անդամավճար ենք վճարում, որոնք գումարվում են, կատարում ենք բազմաթիվ ծախսեր, որովհետև բոլոր ծախսերը՝ կապված տարածքի վարձակալության հետ և մնացած բոլոր մանր ծախսերը, որոնք կան, մենք ենք կատարում։ Ճիշտ է՝ նշվում է, որ այդ հարկերից ծախսերը դուրս կգան, բայց դրա համար պետք է հաշվապահ վերցնես, իսկ հաշվապահին պետք է բավական մեծ գումար վճարես, որպեսզի նա քեզ համար յուրաքանչյուր կոպեկը հաշվարկի և վերջում դուրս գա։ Այսինքն, ի վերջո, որևիցե ձևով չի բարելավվում փաստաբանի վիճակը։Պետության կողմից նման նախագիծ մշակելիս որևէ ռիսկ հաշվի չի առնվել, քանի որ բյուջեին գումար է պետք՝ պարգևավճարներ շռայլելու համար։ Այս ամենը հնարավոր է հանգեցնի արտագաղթի․ մարդիկ սովորաբար հեռանում են, երբ արդարություն չեն գտնում երկրում»,-նկատում է փաստաբանը։