Բժշկական կենտրոնում հիվանդին տեսակցելու համար 2000 դրամ են պահանջում

Բժշկական կենտրոնում հիվանդին տեսակցելու համար 2000 դրամ են պահանջում

Հայաստանում մարդիկ արդեն վաղուց կորցրել են զարմանալու հատկությունը, սակայն պատահում են դեպքեր, երբ կրկին ու կրկին մարդիկ զարմանում են, տեսնելով երևույթներ, որոնք չունեն որևէ տրամաբանություն: Վերջերս այցելել էի «Մոր և մանկան» առողջության կենտրոն` հիվանդատես: Բժշկական կենտրոնի աշխատակիցն ինձ բավականին սիրալիր ձևով հորդորեց տեսակցության համար վճարում կատարեմ, ապա նոր միայն առաջ անցնեմ: Խոսքը 2000 դրամի մասին է: Աշխատակիցը վերցրեց 2000 դրամը, տերմինալով վճարում կատարեց, կտրոնը հանձնեց ինձ և նշեց, որ իմ հարցերին չի կարող պատասխանել: Իսկ թե ինչո՞ւ պետք է հիվանդատես գնալու համար 2000 դրամ վճարի քաղաքացին, այն դեպքում, երբ հիվանդն արդեն իսկ հիվանդասենյակի համար վճարել է, ի՞նչ փողերի լվացման նոր մեթոդ է սա, ի դեպ` պրակտիկայում չլսված ու աննախադեպ մեթոդ է սա, այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել նախ Առողջապահության նախարարությունից, սակայն նախարարի խոսնակը մեզ հետ զրույցում պնդեց, որ ոչ մի հարցի հստակ պատասխանել չի կարող, քանի որ «Մոր և մանկան առողջության» կենտրոնը մասնավոր բժշկական կենտրոն է: Իսկ ինչո՞ւ չկա որևէ վերահսկողություն, գուցե վաղն էլ 2000 դրամ վճարի չափը դառնա 20 հազար, ո՞վ է կարգավորում խնդիրը, խոսնակը նշեց, որ հարցը նախարարության տիրույթում չէ, ավելին` մեզ խորհուրդ տվեց իրավապահներին դիմել: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցեց «Մոր և մանկան» առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ:

- Պարոն Մելիք-Նուբարյան, ես որպես քաղաքացի նման բան Հայաստանում երբևէ չէի տեսել, որ հիվանդին տեսակցելու համար քաղաքացուց գումար պահանջեն, այս ի՞նչ նոր կարգեր են հաստատվել «Մոր և մանկան»-ում:

- Այո, կա Առողջապահության նախարարի հրաման` 27.31 հրամանի մասին է խոսքը, որը կանոնակարգում է ծննդօգնության ոլորտում վճարովի` ոչ բժշկական ծառայության մատուցման համար: Այս հրամանի համատեքստով ծննդկաններին տեսակցելու սահմանափակ թիվ կա և դրանից ավել չի նախատեսվում տեսակցել նրանց:

- Իսկ ո՞վ ասաց, որ խոսքը ծննդկանի մասին է, բոլորովին: Խոսքը ոչ ծննդկան քաղաքացու մասին է, ով պարզապես վիրահատվել է «Մոր և մանկան» առողջության կենտրոնում:

- Այսինքն` Դուք վճարե՞լ եք:

- Այո, իհարկե վճարել եմ:

- Բայց կտրոն տվել են, չէ՞, Ձեզ:

- Այո, բայց դա ի՞նչ կապ ունի:

- Եթե հարցը դրան է վերաբերում, ապա ասեմ, որ դա էլ որոշակի ծառայության համար է: Օրինակ` Ձեզ տվել են, չէ՞, համապատասխան հանդերձանք և բախիլ: Դա ծառայության մատուցման համար է, որպեսզի հարցերը համաճարակաբանական տեսանկյունից կանոնակարգվեն, ինչպես նաև ինչ-որ առումով ավելորդ հոսքը սահմանափակելու միջոց է սա:

- Բայց բոլոր բժշկական կենտրոններում էլ բախիլներ տրամադրում են մարդկանց, փոխարենը գումար չեն պահանջում:

- Դե ես չեմ կարող այլ բուժհաստատությունների գործունեությունը մեկնաբանել: Հասկանալի է, որ ամեն հաստատություն իր քաղաքականությունն ունի:

- Իսկ եթե օրվա կտրվածքով հիվանդին մի քանի անգամ նույն անձը տեսակցում է, մի քանի անգա՞մ է վճարում գումարը:

- Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես տնօրեն եմ: Նման քաղաքականություն ամեն դեպքում չկա, որ մարդուն մի քանի անգամ ասեն գումար վճարիր:

- Երբվանի՞ց է այս վճարովի համակարգը գործում:

- Ես երեք ամիս է, ինչ աշխատում եմ, ինքս ոչինչ չեմ փոխել, չեմ կարող ասել երբվանից է գործել: Իմ նախորդ ղեկավարին չեմ տվել նման հարցեր: