Մեզ պետք է հարգեն անընդհատ,  չեմ սիրում մարտի 8-ը

Մեզ պետք է հարգեն անընդհատ,  չեմ սիրում մարտի 8-ը

«Հրապարակի» զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը:

- Տիկին Ջուլիետա, սիրո՞ւմ եք մարտի 8-ը:

- Չէ, ընդհանրապես չեմ սիրում: Միակ տոնն է, որ բոլորովին չեմ սիրում: Կարծում եմ, որ այն ճիշտ տոն չէ: Մեզ պետք է հարգեն անընդհատ, ոչ թե միայն մարտի 8-ին:

- Իսկ ինչը՞ կարող է փչացնել կնոջ երջանկությունը:

- Տրամադրությունը: Մարդու հոգին պետք է խաղաղ լինի, հանգիստ լինի, որ տրամադրությունն էլ բարձր լինի:

- Ինչպիսի՞ն է այսօրվա հայ կնոջ կերպարը:

- Հայ կինը միշտ էլ տանջվող, բանող, ընտանիքին նվիրված է եղել: Մշտապես զավակների, թոռների հետ, նրանց կողքին: Կարծում եմ, այսօր երիտասարդները փոխվել են: Ուրիշների մասին, որպեսզի չխոսեմ իմ աղջիկների մասին, ասեմ՝ ճիշտ է նրանք ևս շատ հոգատար են, բայց այսօրվա կնոջ պահանջները մի փոքր այլ են: Հայ կինը պետք է ոչ թե տանջված լինի, այլ` սիրող և սիրվող: Կնոջը պիտի սիրեն: Եթե կինն իրեն սիրված է զգում, նշանակում է` սիրում է բոլորին: Այսօրվա հայ կնոջ մեջ պարտադրողականության ինչ-որ բան կա: Այսօրվա հայ կինը կարծում է, որ պարտադիր չէ ամեն ինչ անելը, աշխատանքը պետք է արվի հավասար` թե կնոջ, թե տղամարդու կողմից: Անգամ մտածում է, որ իր փոխարեն էլ ինչ-որ բաներ պետք է անեն: Շատ են տարբեվում: Արտաքինը նույնպես շատ է փոխվել:

- Ժամանակակից կնոջ արտաքինում կա՞ մի բան, որ Ձեզ դուր չի գալիս:

- Հաստացրած շուրթերը: Երբ խոսում եմ ու զգում եմ, որ դիմացինիս շուրթերն իրենը չէ, տհաճ է:

- Ինչը՞ կարող է կնոջը չարացնել:

- Անտարբերությունը: Անտարբերությունը շատ է չարացնում կնոջը: Բամբասանքը նույնպես չարացնում է կնոջը:

- Կինը ուժեղ է, եթե…

- Կինն ուժեղ է, երբ ճիշտ է մտածում: Կինն ուժեղ է հատկապես, երբ սիրված է: Եթե կինն ընտանիքում սիրված եղավ` ամուսնու և երեխաների կողմից, ապա անպայման ուժեղ է դառնում: