Աշոտ Հովսեփյան․ Քաղցկեղի մահը

Աշոտ Հովսեփյան․ Քաղցկեղի մահը

«ՀԵՐՎԱՆ ՁՅՈՒՆԻ ՓՆՏՐՏՈՒՔ» ժողովածուից

Աշխարհարարման օրվանից ի վեր քաղցկեղը եղել է։ Միշտ ու մշտապես։ Եվ միշտ ու մշտապես էլ ինքն իրեն կերել է... ուտելով այլոց։ Միշտ ու մշտապես։ Եվ` շարունակ։ Անդադար...

Ասենք` կընկնի մի տեղ էդ քաղցկեղը։ Քաղցկեղի բջիջը։ Կհայտնվի նա էդ տեղում ու կսկսի տարածվել։ Կտարածվի՜, կտարածվի՜։ Կտարածվի և կուտի։ Կուտի մի բջիջ։ Կուտի երկու բջիջ։ Կուտի` երեքը, չորսը։ Կուտի բջիջները։ Դրանցով կսնվի։ Դրանց հաշվին ինքը կապրի։ Որովհետև քաղցկեղի բջիջը քաղցած է։ Քաղցից կեղեքված։ Չտես ու սոված։ Ահա և կուտի անկուշտ։ Կսնվի անզուսպ, անհագուրդ։ Քաղցած է քաղցկեղի բջիջը, չէ՞։ Քաղցից կեղեքված։ Չտես ու սոված։ Ու կուտի էլի։ Մինչև որ կմեռնեն բոլոր բջիջները, որոնք սնում էին իրեն։ Որոնց հաշվին ապրում էր ինքը։ Պարազիտը։ Մակաբույծը... կոնստիտուցիոն։ Եվ արդյունքում կմեռնի-կոչնչանա նաև այն միջավայրը, որտեղ ապրում ու բարգավաճում էր քաղցկեղի բջիջը։ Վերջին հաշվով ստացվում է, որ քաղցից կեղեքված էս քաղցկեղի անտեր բջիջը ուտում, կեղեքում է իրեն սնող բջիջները։ Եվ ուրեմն՝ ուտում-ուտում է, մինչ սպառվում են էդ խեղճ բջիջները, նրանք, որ հլու կերակրում են օտարականին։ Որ այդպես սնում են քաղցկեղի քաղցած բջիջը։ Ու հենց նրանք սպառվում են, սպառվում-մեռնում է նաև սնուցիչ աղբյուրը...

Ու մեռնում է ամբողջապես։ Մեռնում է սնուցիչ էդ աղբյուրը, որովհետև մեռնում-սպառվում է սնուցանողը։ Ապա և՝ սնուցանվողը։ Նա՛և։ Մեռնում-ոչնչանում է սնուցանվողը նույնպես։ Ու հենց այդպես հեշտ ու հանգիստ էլ մեռնում-սպառվում է, մեռնում-ոչնչանում է նաև քաղցկեղը։

Բայց` «...չէ դառնա խրատ իւրեան մահը։ Ու չէ քաղե նա դաս իւր մահ-կորուստեն՚։

Ու նորեն ու նորեն, ահա դարեր ի վեր ու դարեր շարունակ։ Անդադար... Քաղցկեղը կընկնի մի տեղ։ Կհայտնվի մի տեղում։ Ու նորեն ու նորեն` նույնը։ Նույն շրջապտույտը։ Անկասելի...
Նմանապես և մշտապես։ Միշտ ու մշտապես։ Աշխարհարարման օրից ի վեր։ Սկսած Ադամով ու Եվայով` ադամական մեղքով։ Աբելով ու Կայենով շարունակված` կայենական անարգ ու քստմնելի եղբայրասպանության մեղքը։ Մինչև Նոյ նահապետի ժամանակները։ Մինչև Ջրհեղեղը։ Ջրհեղեղից էլ` մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը։ Բաբելոնի աշտարակաշինությունից էլ` մինչև Բաբելոնի աշտարակավերումն ու լեզուների խառնակումը։ Այստեղից էլ` մինչև Սոդոմն ու Գոմորը. սոդոմականության մեղքը:

Եվ մինչ` ի օրս։ Ու դաս չի լինում ոչ մի ձախողում...

...Կյանքի նորօրյա, ասենք` ինչո՞ւ միայն նորօրյա, այլև բոլոր «տերերն» էլ, ճիշտ քաղցկեղի նման, ընկնում են այն խեղճուկրակ բջջի «ջանը», որին ոնց որ թե ժողովուրդ են անվանում։ Եվ ուրեմն ընկնում են էս խեղճուկրակ բջջի (իմա` ժողովրդի) մեջ ու խժռում են անխնա։ Մինչ ի մահը նրա։ Այդ ժողովրդի։ Գեթ հասկանային, որ ժողովրդի մահն իրենց էլ մահն է գուժում։ Նաև։ Իրենց ու իրենց արբանյակների։ Իրենց շառավիղների: Իրենց սերունդների։ Եվ ի վերջո` իրենց հափռած կայք-կարողության, որք երևի թե ավելի թանկ ու նվիրական են, քան մնացյալը` ամեն-ամեն բան...
Չէ՜, դաս չի լինի։ Իհարկե դաս չի լինի։ Դաս չի լինի և ոչ մի ձախողում...

Ու դաս չի լինում նաև բոլորին։ Ու մեզ էլ դաս չի լինում։ Դաս չի լինում գիտցածներս։ Ու ինձ էլ դաս չի լինում իմ գիտցածը։ Չէ՞ որ մենք էլ մեզ, ու ամենքս` իրեն, ու ես էլ ինձ եմ ուտում-սպառում...
Դատարկ գլուխների մեջ վայրապար քամին է սուրում։ Աննպատակ ու անխորհուրդ։ Եվ ուժգին պատեպատ է զարնվում։ Անհուսորեն։ Գանգատուփի պատերը փշրելով։ Ու կլանչում լալահառա՜չ, աղիողո՜րմ։ Աղիողո՛րմ ու ապարդյո՛ւն։ Միանգամայն ապարդյո՜ւն...