Հարուստ եւ խոստումնալից մրցաշրջան

Հարուստ եւ խոստումնալից մրցաշրջան

Մարզական կյանքի եռուն ընթացքը գրեթե երբեք չի ընդհատվում։ Այդպիսին էին նաեւ այս տարվա մեկնարկները։ Տարին, ինչպես միշտ, սկսվեց բավականին մեծ հեղինակություն վայելող Ավստրալիայի թենիսի բաց առաջնությամբ։ Հաճելի է նշել, որ այդ լուրջ մրցաշարերում, որտեղ սովորաբար հանդես են գալիս աշխարհի ամենահայտնի վարպետները, մեզ անակնկալ մատուցեց մոսկվացի մեր հայրենակից Կարեն Խաչանովը, նա, ով իր հրաշալի հաղթարշավը շարունակեց՝ հասնելով կիսաեզրափակիչ մրցափուլի, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։

Պակաս պատկառելի չէր նաեւ ԱՄՆ-ի Լեյք-Փլեսիդ քաղաքում անցկացված համաշխարհային ձմեռային Ունիվերսիադան, որին մասնակցեց ուսանողական 46 ազգային ֆեդերացիաները ներկայացնող շուրջ 2 հազար մասնակից, այդ թվում` Հայաստանի պատվիրակները։ Նրանցից առավել աչքի ընկավ 22-ամյա աշոցքցի Միքայել Միքայելյանը, ով 10 կիլոմետրանոց դահուկավազքում ցույց տվեց չորրորդ ցուցանիշը, ինչը հուսադրող արդյունք է։
Մարզասերներին, անտարակույս, կհետաքրքրեն նաեւ մի շարք այլ խոշոր ստուգատեսներ, մասնավորապես՝ մայիս ամսին Տաշքենդում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, սեպտեմբերին Բելգիայում նշանակված ըմբշամարտի աշխարհի, իսկ մինչ այդ Զագրեբում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունները։

Սպասելիքներ ունենք նաեւ աշնանը Անտվերպենում կայանալիք մարմնամարզության համաշխարհային ստուգատեսից։ Իսկ առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող եւ օրերս ավարտված մրցաշար անցկացվեց Մարոկկոյում, որտեղ աշխարհի ուժեղագույնի կոչումը վիճարկեցին տարբեր աշխարհամասերը ներկայացնող ֆուտբոլի առաջատար ակումբները։ Գլխավոր անակնկալներից մեկը գրանցվեց կիսաեզրափակչում, երբ ասպարեզ մտան Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» եւ բրազիլական «Ֆլամենգո» թիմերը։ Այս մրցամարտում գլխավոր հավակնորդներից մեկը համարվող բրազիլական ակումբն անսպասելի պարտություն կրեց՝ 2:3 հաշվով։ Իսկ ահա մյուս կիսաեզրափակչում, երբ մրցավեճի մեջ մտան Մադրիդի «Ռեալը» եւ եգիպտական «Ալ Ահլին», բնավ անսպասելի չէր ելքը` իսպանացիները վստահ առավելության հասան 4:1 հաշվով։ Եվ վճռական խաղին մասնակցելու իրավունք ստացան հանրահայտ «Ռեալը» եւ արաբական «Ալ Հիլալը»՝ խաղն ավարտվեց եվրոպացիների հաղթանակով` 5:3 հաշվով։ Աշխարհի չեմպիոն հռչակվեցին իսպանացիները։

Անկարելի է շրջանցել վերջերս մեծ բասկետբոլում գրանցված «Հավերժական» անվանում ստացած բացառիկ ռեկորդը։ Խոսքը լեգենդար Ջեյմս Լեբրոնի (Լոս Անջելեսի «Լեյքերս» թիմ) մասին է։ Չզարմանաք, 20 տարի շարունակ հանդես գալով տարբեր խոշոր ասպարեզներում, նա, շնորհիվ իր դիպուկ նետումների, կարողացավ գերազանցել մեկ այլ գրոսմայստերի` Աբդուլ Ջաբարի փայլուն ցուցանիշը, այն հասցնելով, դժվար է երեւակայել՝ 38 հազար 388 միավորի։

Հիմա՝ բոլոր հայ մարզասերներին հետաքրքրող խոշորամասշտաբ մրցումների մասին, որոնք տեղի կունենան Երեւանում․ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, առաջին անգամ, ապրիլի 15-23-ն անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն, որը դառնալու է նաեւ վարկանիշային՝ եկող տարի Փարիզում կայանալիք հերթական օլիմպիական խաղերի համար։ Տեղին է հիշեցնել, որ միաժամանակ, ամենայն հավանականությամբ, «Միկա» մարզասրահում մայրցամաքի չեմպիոնի տիտղոսն են վիճարկելու երիտասարդ բռնցքամարտիկները։ Կարելի է պատկերացնել այն աժիոտաժը, որը տիրելու է այդ մրցումների ընթացքում։ Հարազատ հարկի տակ հանդես գալու բացառիկ հնարավորությունը, ոգեւորությունը, անտարակույս, կբարձրացնեն, թարմ ուժ ու կորով կհաղորդեն մեր հայրենակիցներին՝ գլխավոր նպատակին հասնելու համար։
 Այն էլ ասենք, որ մինչ այդ, մարտ ամսին, կաշվե ձեռնոցի մեր կանանց ընտրանին Հնդկաստանում է պայքար մղելու աշխարհի ուժեղագույնի կոչման համար, մայիսին էլ Տաշքենդում բացվող տղամարդկանց մրցումներում են վիճարկվելու չեմպիոնների տիտղոսները։

Մարտ ամսվա մարզական մեկ այլ մեկնարկ կտրվի եվրոպական ֆուտբոլի 53 ազգային հավաքականների մասնակցությամբ։ Թիմերը բաժանվել են 10 ընտրական ենթախմբի, որոնցում լավագույն ցուցանիշների հասած երկուական հավաքականներ իրավունք կստանան շարունակելու պայքարը մայրցամաքի ուժեղագույնի կոչման համար։ Հայաստանի ընտրանին ընդգրկվել է D ենթախմբում, որում հանդես են գալու Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի եւ Լատվիայի թիմերը։ Հատկանշական է, որ մեկնարկային խաղում, մարտի 23-ին, մեր ֆուտբոլիստներն ընդունելու են Թուրքիայի թիմին։ Պարզ է, որ այդ մրցամարտն իրենից ներկայացնելու է ոչ միայն զուտ մարզական մրցավեճ…

Ահա մեր ֆուտբոլիստների մասնակցությամբ կայանալիք հանդիպումների օրացույցը. մարտի 23-ին` Հայաստան-Թուրքիա, հունիսի 16-ին` Ուելս-Հայաստան, հունիսի 19-ին` Հայաստան-Լատվիա, սեպտեմբերի 8-ին` Թուրքիա- Հայաստան, սեպտեմբերի 11-ին` Հայաստան-Խորվաթիա, հոկտեմբերի 12-ին` Լատվիա-Հայաստան, նոյեմբերի 18-ին` Հայաստան-Ուելս, նոյեմբերի 21-ին` Խորվաթիա-Հայաստան։

Մի խոսքով` մրցակիցների հարցում ամեն ինչ հասկանալի է։ Նույնը կարելի է ասել նաեւ մեր հավաքականի նոր ավագ մարզչի մասին։ Ավելի քան մեկ ամիս առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց այդ պատասխանատու պաշտոնը վստահել Ուկրաինայում մեծ հեղինակություն վայելող փորձառու մասնագետ Ալեքսանդր Պետրակովին։ Այսպիսով, առանցքային համարվող որոշումը կայացվել է։ Իսկ ահա առավել շատ անհանգստացնող պրոբլեմը` հավաքականի կազմը խոստումնալից կարողությունների տեր նոր խաղացողներով համալրելու խնդիրը, մինչեւ հիմա հետաձգվում է, եւ դա շատ է մտահոգում։ Որպեսզի չկրկնել անցյալի սխալները, մի՞թե պարզ չէ, որ նախապատրաստական աշխատանքը նպատակասլաց տանելու ժամանակը հարկ է արդյունավետ օգտագործել։ Ամեն դեպքում, գլխավոր խնդիրը մեկն է` բարձրացնել ազգային ընտրանու մարտունակությունը, թույլ չտալ, որ կրկնվի անցյալ տարվա դառը եւ ամոթալի պարտությունների շարքը։ 

Ֆուտբոլ-23-ը բոլորիս համար հիշարժան ու առանձնահատուկ է՝ այն իմաստով, որ ուղիղ 50 տարի առաջ խոշոր ասպարեզներում Հայաստանը ներկայացնող «Արարատ» թիմն իր բարձր վարպետությամբ փայլուն հաջողությունների հասավ՝ նվաճելով ԽՍՀՄ ե՛ւ չեմպիոնի, ե՛ւ գավաթակրի պատվավոր կոչումները։ 1971 թվականից սկսած, Մոսկվայում անընդմեջ անցկացնելով 13 խաղ, հայ ֆուտբոլիստները ոչ մի պարտություն չկրեցին, եւ սա եկավ հաստատելու, որ ֆուտբոլային քարտեզի վրա հայտնվել է նոր կենտրոն` դա մեր փոքրիկ Հայաստանն է, կաշվե գնդակի իր շնորհաշատ վարպետներով։ Եվ հայկական ֆուտբոլի առաջատար «Արարատ» ակումբը հիրավի դարձավ բրենդ։ Եվս մի անմոռանալի փաստ. 1974 թվականին հանդես գալով Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում՝ «Հրազդան» ստադիոնում, 80 հազար հանդիսականների ներկայությամբ, Արկադի Անդրեասյանի դիպուկ հարվածի շնորհիվ արարատցիները ռեւանշի հասան ապագա գավաթակրի` գերմանական «Բավարիայի» նկատմամբ (Մյունխենում կայացած առաջին մրցամարտում, ցավոք, գրանցվել էր 0:2), մի թիմի, որի կազմում հանդես էին գալիս աշխարհի վեց չեմպիոններ…

Միսակ Նազարյան