Ռուբեն Վարդանյանի ֆենոմենը

Ռուբեն Վարդանյանի ֆենոմենը

Խնդրում եմ ներեք անհասկացողիս, բայց ես այդպես էլ չհասկացա, թե ինչու Արցախ եկավ ռուսաստանաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը: Հիշո՞ւմ եք այն այլազգի ծերուկին, որ Շուշիում խանութ էր բացել ու բան էր ծախում. եթե չեմ սխալվում՝ ցորեն, ալյուր, գարի… Հասկանալի է, նպաստավոր քարոզչություն էլ կար այդ ծերուկի արածի մեջ, բայց հայազգի Ռուբեն Վարդանյանի քայլերի մեջ ես դժվարանում եմ որեւէ, այսպես ասած, հայանպաստ քարոզչություն անգամ տեսնել: Սկզբում ոգեւորված էի: Նույնիսկ հոդված գրեցի, որ արցախցիները վերջապես գտան առանց ընտրությունների, որոնց լեգիտիմությունը ոչ ոք չէր ճանաչելու, սահուն իշխանափոխություն կատարելու հնարը: Իշխանությունն աստիճանաբար կենտրոնանում էր Ռուբեն Վարդանյանի ձեռքում, ինչը հույս էր ներշնչում, որ գոնե Արցախը կարճ ժամանակ անց կազատվի կապիտուլյանտների իշխանությունից: Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները՝ Արցախի հայկական մնալու մասին, ճիշտ է, շատ թույլ էին Արցախի ապագայի մասին մեր երազանքների ու պատկերացումների համեմատ, բայցեւ շատ առաջադիմական էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն անհիմն պնդումների ֆոնին, թե «լեռնային կարաբախը» Ադրբեջանի կազմում լինելու այլընտրանք չունի:

Կարճ ասած՝ ոգեւորված էի, ու, խնդրեմ, այսպիսի բան՝ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Ռուբեն Վարդանյանին նշանակումից մոտ 100 օր անց ազատում են պետնախարարի պաշտոնից: Առեղծվա՞ծ: Ի՞նչ առեղծված կարող է լինել այստեղ: Արայիկ Հարությունյանը, Արցախի բոլոր քաղաքական գործիչները, վերջապես՝ Հայաստանի ղեկավարներն ու ընդդիմադիրները կենդանի մարդիկ են: Ինչպե՞ս կարող էր Ռուբեն Վարդանյանի ֆենոմենը առեղծված մնալ հայ ժողովրդի եւ, մասնավորապես, Արցախի հայության համար:
Որպես պատճառաբանություն, թե՛ Ռուբեն Վարդանյանը եւ թե՛ Արայիկ Հարությունյանը բերում են արցախահայության միասնական լինելու, համախմբվելու եւ պայքարելու հրամայականը: Նույն բանն էին նրանք ասում նաեւ այն ժամանակ, երբ Արցախ էր ժամանում Ռուբեն Վարդանյանը: Դե արի ու հասկացիր՝ արցախցիներին մեկ Ռուբեն Վարդանյանի գալն է համախմբում, մեկ էլ՝ գնա՞լը: Սա արդեն նմանվում է ինչ-որ սխալ կազմված ռեբուսի՝ գուշակիր, թե կարող ես:
Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն ասում է՝ Ռուբեն Վարդանյանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի, Արցախն ունի Ռուբեն Վարդանյանի նման մարդկանց աջակցության ու պաշտպանության կարիքը: Շատ լավ, պարոն Ղուլյան, Ռուբեն Վարդանյանին պետք էր պահել պետնախարարի պաշտոնում, որպեսզի նա էլ մոտիկից հաջողությամբ պաշտպաներ Արցախը: Բայց, ահա, նաեւ հարց եք տալիս. «Ի պաշտոնե մեկը չկա՞ր՝ հուշեր կողքից, որ կարելի էր 1-2 օր հետաձգել պարտադրված որոշումը՝ ազերներին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո անհարմար վիճակի մեջ թողնելու համար»: Պարզվում է՝ Արցախում ի պաշտոնե որեւէ մեկը չի գտնվել, որ իշխանությունների առաջ բարեխոսի Ռուբեն Վարդանյանին պահելու համար: Ի՞նչ է ստացվում՝ Ռուբեն Վարդանյանը խանգարո՞ւմ էր, վա՞տ էր աջակցում Արցախին:

Ի՞նչ անենք, Ալիեւի՞ն դիմենք, որ մեզ մարդկային հասարակ լեզվով բացատրի Ռուբեն Վարդանյանի ֆենոմենը՝ ո՞վ է նա, ինչո՞ւ եկավ Արցախ, ինչո՞ւ նշանակվեց պետնախարար եւ ինչո՞ւ պաշտոնանկ արվեց… Հայաստանում արդեն «լրջագույն» գիտաժողովներ են գումարվում, որպեսզի քաղաքագիտության այսօրվ ռահվիրաները կարողանան հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Արցախում, եւ ով է ձեռներեց, բարերար, արցախասեր Ռուբեն Վարդանյանը, որի համար Արցախում այդպես էլ որեւէ պաշտոն չճարվեց, թեեւ նա Արցախում աշխատելու հրավեր հենց Արցախի իշխանություններից էր ստացել: Ու մինչ այդ գիտաժողովներում ելույթ ունեցող «մոզգերը» կգտնեն ինձ հուզող հարցերի պատասխանները, ես մամուլում ամեն օր լուրեր եմ կարդում այն մասին, որ ծայրահեղ դեպքում Ռուբեն Վարդանյանը կարող է գալ Հայաստան, Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով դառնալ Երեւանի քաղաքապետ եւ սրտի ուզածի չափ Հայաստանից աջակցել Արցախին: Ճիշտն ասած՝ սրանից էլ կաշառքի հոտ է գալիս: Սա էլ, հավանաբար, Նիկոլն է բստրել… Իր արեւին՝ «կուտ է տալիս» Ռուբեն Վարդանյանին, բայց դրանով ավելի է խճճում այս պատմությունը: Բա՝ եթե Ռուբեն Վարդանյանն այն գործիչն է, որ կարող է ղեկավարել մեկուկես միլիոնանոց Երեւանը, ինչո՞ւ չթողեցիք, որ նա 120 հազարանոց Արցախը ղեկավարի: Ու դեռ հարց է՝ ՀՀ իշխանություններն իսկապե՞ս կուզենային, որ Ռուբեն Վարդանյանն իր՝ «Արցախը լինելու է հայկական» չափավոր կոչով գար Հայաստան: ՀՀ իշխանությունները, կարծում եմ, դրանից նույնիսկ սարսափում են: Ի վերջո, վտանգ կա նաեւ, որ Ալիեւը չի համաձայնի ու հիմա էլ կպահանջի, որ Ռուբեն Վարդանյանը Հայաստանից հեռանա:

ՀԳ. Ռուբեն Վարդանյանի անմեկնելի ֆենոմենը մի կողմ դրած՝ ինձ համար այս պատմության մեջ մի բան շատ հստակ է: Իմ արցախցի քույրերն ու եղբայրները շարունակելու են ապրել պարտության ու կապիտուլյացիայի մարմնավորում Արայիկ Հարությունյանի հետ: Ես իմ օրինակով շատ լավ գիտեմ, թե դա ինչ է նշանակում:
Աստված մեզ պահապան: