Մեծ Բրիտանիան չգիտի, որ մեր թշնամին Ադրբեջանն է, ոչ թե Ռուսաստանը 

Մեծ Բրիտանիան չգիտի, որ մեր թշնամին Ադրբեջանն է, ոչ թե Ռուսաստանը 

Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին օրերս հայտարարել էր, թե Լոնդոնը պատրաստ է աջակցել Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքների» դեպքում: Նա նաեւ ողջունել էր ՀՀ իշխանությունների հայտարարությունը՝ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցնելու մասին։ Պաշտոնական Լոնդոնը Երեւանի այս որոշումը գնահատել է որպես «Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրականացում»։

Այս հայտարարությունն, իհարկե, արվել է ՀՀ շահերին հակադրվող Փաշինյանի ու նրա թիմակիցների թողտվությամբ եւ վերջիններիս խրախուսելու համար: Փաշինյանը գաղտնի ու կասկածելի հանդիպումներ է ունենում Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Իսկ այս պաշտոնյան ակնհայտ ադրբեջանաթուրքամետ է, Մեծ Թուրանի աջակիցն ու ջատագովը: Այլեւս անհերքելի է, որ ՀՀ իշխանությունը կասկածելի քայլեր են կատարում Հայաստանի եւ նրա քաղաքացու թիկունքում, առանց հաշվի առնելու երկրի ու քաղաքացու շահը: 
Պատմության մեջ Մեծ Բրիտանիան երբեւէ չի եղել ՀՀ դաշնակիցը, չի եղել բարեկամը` ինչպես ասենք` Ֆրանսիան: Երբեւէ հայաստանանպաստ քայլ, հայտարարություն չի արել: Պատմական ասույթ է դարձել, որ բրիտանական նավերը մեր սարերը չեն բարձրանա: Այդ ինչո՞ւ հանկարծ Բրիտանիայի պաշտպանական ոլորտի պաշտոնյան որոշեց, որ Հայաստանին պետք է պաշտպանել Ռուսաստանից:

Մեծ Բրիտանիան, ինչպես եվրոպական մյուս երկրները, չեն «հալվում» Հայաստանին աջակցելու ցանկությունից: Նրանց պետք է թուլացնել Ռուսաստանը, հակառուսական ճակատ ստեղծել Հայաստանում ու հիմա` Ուկրաինայից հետո, որոշել են որպես գործիք օգտագործել Հայաստանը: Այդ դերում լավ են գործածվում նաեւ ՀՀ իշխանությունները: Մինչդեռ դրան դեմ է հայաստանյան հասարակությունը: 

Որքան էլ իշխանական քարոզ է գնում, որ տարածաշրջանից դուրս մղվի Ռուսաստանը եւ այստեղ բերեն Եվրոպայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրքիային` իր կրտսեր եղբայր Ադրբեջանով, հայաստանյան հասարակությունը դեմ է այդ հակապետական ու հակազգային քայլերին: Ուստի, բրիտանացի պաշտոնյաներին պետք է եւս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստանի թշնամին ոչ թե Ռուսաստանն է, այլ Ադրբեջանն ու Թուրքիան: Ու, ինչպես կձեւակերպեր առաջին ազգընտիրը. տղա եք, նրանցից պաշտպանեք: Թե չէ եկել, մտնում եք մեր ու մեր դաշնակցի «մատի ու մատանու» արանքը, որ ի՞նչ անեք: