Ռուբեն Դիշդիշյանը «Երկարածամ գեղեցկուհի Վարվարան» կինոհեքիաթի պրոդյուսերն է 

Ռուբեն Դիշդիշյանը «Երկարածամ գեղեցկուհի Վարվարան» կինոհեքիաթի պրոդյուսերն է 

Ռուսաստանում մեկնարկել են «Երկարածամ գեղեցկուհի Վարվարան» կինոհեքիաթի ժամանակակից տարբերակի ստեղծման աշխատանքները։ Նոր տարբերակը կստեղծեն Գորկու անվան կինոստուդիան եւ «Մարս Մեդիան»։ Այս մասին հայտնում է alphanews-ը։ Սցենարի հեղինակը Եվգենյա Խրիպկովան է։ Պրոդյուսերական կազմում՝ Ռուբեն Դիշդիշյանն ու Հասմիկ Մովսիսյանն են։ «Երկարածամ գեղեցկուհի Վարվարան» խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական հեքիաթ-կինոնկար է, որը նկարահանվել է Գորկու անվան Մանկական եւ պատանեկան կինոնկարների Կենտրոնական կինոստուդիայի կողմից 1969 թվականին։

Ռեժիսորը եղել է Ալեքսանդր Ռոուն։ Կինոնկարը ստեղծվել է «Ծովերի արքան եւ Իմաստուն Վասիլիսան» ժողովրդական հեքիաթի, Վասիլի Ժուկովսկու՝ «Հեքիաթ թագավոր Բերենդեյի, նրա որդի՝ արքայազն Իվանի մասին» հեքիաթի, ինչպես նաեւ սլավոնական բանահյուսական սյուժեների հիման վրա։ Կինոնկարի պրեմիերան կայացել է 1970 թվականի դեկտեմբերի 30-ին։ Կինոնկարում ձկնորսի որդի Անդրեյն ու ծովերի արքայի դուստր Վարվարան տեսնում են իրար եւ սիրահարվում։ Նրանք ամենատարբեր փորձություններ են անցնում։ Այն ժամանակ գլխավոր դերերում հանդես են եկել Միխայիլ Պուգովկինը, Գեորգի Միլյարը, Տատյանա Կլյուեւան, Ալեքսեյ Կատիշեւը։ Նշենք, որ հենց յոթանասունականներին ԽՍՀՄ-ում հեքիաթների հիման վրա կինոնկարներ նկարահանելու «բում» եղավ։