Այս ստորացմա՞նն էլ իշխանությունը տեղյակ չէր, Կարեն

Այս ստորացմա՞նն էլ իշխանությունը տեղյակ չէր, Կարեն

Ես սա գրում եմ՝ հիշեցնելու Կարեն Անդրեասյանին, որ մարդիկ հիշողություն ունեն, որով, ի դեպ, տարբերվում են կենդանիներից։ Թե չէ հենց այնպես հերթական փամփուշտը բաց թողնել օդում ու ասել, որ «իշխանությունը որեւէ կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, այնպես էլ հիմա կապ չունի նրանց կալանքից ազատման հետ», զավեշտ է։ Անդրեասյանը նույնիսկ մոռացել է, որ մարդ ենք ու հիշում ենք դետալ առ դետալ այն 4 տարին, թե ինչ է արել նոր իշխանությունը։ Եթե կարդացած լիներ Հրանտ Մաթևոսյանին, գուցե այս պարզ ճշմարտությունն իմանար․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Կարո՞ղ է Արդարադատության նախարարն ինձ բացատրել, թե ինչու՞ նոր իշխանության գալուստը նշանավորվեց թշնամու սարսափ, թշնամու կողմից գլխագին նշանակված Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետապնդմամբ ու ձերբակալմամբ։ Եթե հավատանք նույնիսկ, որ ,,Մանվելը տուշոնկա է գողացել,, ու սցենար չէր նկարահանված, կարելի՞ էր թշնամուն սարսափի մեջ պահած մարդուն հանրության մսաղացը գցել ու աղալ։ Դա էլ մի կողմ՝ հիվանդ, հաշմված մարդուն, բանտարկյանին, կարելի՞ էր նսեմացնել, ստորացնել, խաղալ արժանապատվության հետ։ Կարելի՞ էր առանց բանտարկյալի իմացության գաղտնի նկարահանելնրան ու հանրայնացնել, որ Ադրբեջանի սիրտը հովանա, որ Ադրբեջանը տեսնի, թե ինչ կտտանքների է նոր իշխանության կողմից ենթարկվում Արցախի հերոսը։ Ես այդ մասին նոր չեմ բարձրաձայնում, գրել եմ նաև Մանվելի ձերբակալության ժամանակ։ Կարենը կարո՞ղ է պատասխանել, թե դա ինչի՞ համար էր արվում։ Մանվելի ունեցվա՞քն էր իշխանությունը ուզում։ Բայց Մանվելը կամովին՝ ինչ ուներ, չուներ, պատրաստ էր տալ իրեն հետապնդողներին, միայն չարատավորեին իր անունը։ Ինչու՞ դա չարվեց։ Ու՞մ էին ցույց տալիս, որ հերոս են փչացնում։ Կամ ինչու՞ նման հերոսների փչացման գործընթացից հետո Արցախը հանձնվեց։ Կապ չի՞ տեսնում դրանց մեջ։ Այսօր էլի նույնը շարունակվում է, քանի որ հանրությունը դեռ չի գիտակցում, որ հաղթանակը կտրում են գլխից։ Ես կրկին հանրությանն եմ ներկայացնելու Մանվելի այս նկարը, որ Նիկոլի կամ կնոջ թերթն է հրապարակել ու հարցնեմ՝ առավոտ շուտ, առանց Մանվելի իմացության, շապիկով հիվանդ մարդուն գաղտնի նկարելն ու հանրայնացնելը հանցագործությու՞ն չէր, մարդու իրավունքի խախտու՞մ չէր Որևէ մեկը պատժվե՞ լ է դրա համար։ ։ Ախր սրանք չեն մոռացվելու, թարմացվելու են։ Շղթան շարունակվում է։ Այսօր բանտարկյանլները մեռնում են դատական նիստի ժամանակ։ Աշխարհը լռում է, որովհետև նրանք իրենց շահն ունեն այդ գործընթացի մեջ։ Որովհետև տեսնում են, որ հայը իր հերոսին նվաստացնողին հանդուրժում է։ Երբ հրապարակվել էր Մանվելին նվաստացնող նկարը, հիշում եմ մի ադրբեջանցի ուրախությունից աղաղակող իր հայրենակիցներին պատասխանել էր՝ մենք հերոսին երբեք չենք ստորացնում։ Անգամ ադրբեջանցին հայ հերոսին, երբ մինչև վերջին շունչ կռվում էր, փաստերը կան, իր ձեռքով ամփոփել է մարմինը։