Արդար մոտեցում չէ

Արդար մոտեցում չէ

Կարո՞ղ է արդյոք քաղաքակիրթ հասարակությունը դուրս գալ փողոց եւ պահանջել որեւէ նախարարի հրաժարականը։ Անշուշտ՝ կպատասխանեն շատերը․ հասարակությունն իրավունք ունի պահանջել ինչպես առանձին վերցրած մի նախարարի, այնպես էլ ողջ կառավարության հրաժարականը, որի աշխատանքից ինքը դժգոհ է։ Բայց տվյալ պարագայում դիտարկենք կոնկրետ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որի պահանջով փողոց են ելել ուսանողներն ու դասախոսները, դաշնակցականներն ու այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Որքանո՞վ է արդար այսօր կուտակված մի մեծ խումբ դժգոհություններ միայն նախարարի վրա բարդելը, եւ արդյոք նրա հրաժարականը կփոխի՞ այդ հարցերում որդեգրված մարտավարությունը։ Եթե Արայիկ Հարությունյանին փոխարինի, ասենք, Հովհաննես Հովհաննիսյանը, հայոց պատմությունն ու հայոց լեզուն կվերադարձվե՞ն հին կարգավիճակին, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը մեջտեղից դուրս կգա՞, կամ Մել Դալուզյանի ֆիլմին տրամադրված գումարները հետողորմյա՞ կանեն։

Վստահ չեմ, որ հենց Արայիկ Հարությունյանի ծրագիրն է սա, եւ նրա հեռանալով՝ հանրային դժգոհությունները կնվազեն։ Բայց մի բան հստակ է, որ մեկ մարդը, անգամ գերունակություններով օժտված խիստ փորձառու սուպերհերոսը, չի կարող նման մոնստր-նախարարություն ղեկավարել։ 4 բարդ ոլորտ մեկ գերատեսչության մեջ միավորելն ի սկզբանե սխալ էր, եւ ակնհայտ էր, որ այս «մոնստրը» ղեկավարող անձը չի կարողանալու ողջ ինֆորմացիային տիրապետել, չի հասցնելու մասնակցել այդ ոլորտների քաղաքականության մշակմանը, այդ ոլորտները հայտնվելու են փոխնախարարների տնօրինության տակ, եւ նախարարը հաճախ հայտնվելու է նման բարդ իրավիճակներում՝ արդարանալով ուրիշների թույլ տված վրիպումների համար։