«Հրապարակ». Եթե քեզնից առաջ եղած մարդկանց չես հիշում, իմացիր, որ վաղը քեզ էլ չեն հիշելու

«Հրապարակ». Եթե քեզնից առաջ եղած մարդկանց չես հիշում, իմացիր, որ վաղը քեզ էլ չեն հիշելու

«Հրապարակի» զրուցակիցը դերասանուհի Նելլի Խերանյանն է:

- Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է օրվա կապակցությամբ, հնչեղ խոսքեր ասել, սակայն նույն նախարարը մեկ տարվա ընթացքում հասցրել է շուրջ երկու թատրոն ոչնչացնել: Թատրոնն այսօր ի՞նչ վիճակում է, ըստ Ձեզ:

- Ինչպե՞ս կարող է թատրոնը ծաղկուն վիճակում լինել, թատրոնն այնպիսին է, ինչպիսին մեր կյանքն ու մեր պետությունն են: Չի կարող այլ կերպ լինել: Դրանք իրարից առանձին օրգանիզմներ չեն, որ տարբեր լինեն:

- Բայց իշխանությունները պնդում են, որ, օրինակ, երկրի տնտեսությունը ծաղկում է:

- Դե, ես չգիտեմ, թե նրանք ինչ են ասում, անկեղծ ասած, այլեւս չեմ էլ լսում նրանց, բայց եթե տնտեսության ծաղկման պտուղները չեն անդրադառնում մարդկանց վրա, ուրեմն մի բան այն չէ, ոչինչ էլ, ուրեմն, չի ծաղկում: Մենք՝ պետական աշխատողներս, մեր կյանքում ոչ մի դրական փոփոխություն չենք նկատել, եթե չհաշվենք մնացյալ աղետները: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ով ինչ ցանկանում, ասում է, ընդհանրապես ոչ մի խնդիր չկա, ով ինչ կուզի, կմոգոնի: Այլեւս հետաքրքիր չէ, թե ով ինչ է ասում, ես հավատում եմ միայն նրան, ինչ տեսնում եւ զգում եմ:

- Այս օրն ի՞նչ նշանակություն ուներ թատերական աշխարհում եւ ի՞նչ նշանակություն ունի այսօր:

- Մի բան կասեմ. ընդհանրապես թատրոնը գենետիկ հիշողություն պահպանող օրգանիզմ է: Պետք է հիշել բոլոր նրանց, ովքեր ստեղծել եւ արարել են, ապրել ու ապրեցրել են թատրոնը՝ ծառայելով ժողովրդին: Եթե քեզնից առաջ եկած մարդկանց չես հիշում, իմացիր, որ վաղը քեզ էլ չեն հիշելու: Թատրոնն ունի գենետիկ հիշողություն: Թատրոնն առանձին օրգանիզմ չէ, պետության մի մասն է, ժամանակի մեջ է թատրոնը միշտ: Այն հիմար դատողությունները, թե պետք է միայն արդիական պիեսներ բեմադրվեն, սխալ են, կապ չունի` Շեքսպիրով էլ կարող են արդի մոտեցում ցուցաբերել:

- Հայաստանում մեկ տարվա ընթացքում շուրջ երկու թատրոն փակվեց: Թատրոն փակելու հանգամանքն ունի՞ որեւէ արդարացում, եւ թատրոն փակող նախարարն ի՞նչ երեսով է շնորհավորում թատրոնի օրը:

- Եթե թերացումներ ունեն, չեն կարողանում աշխատել` սա այլ հարց է, բայց եթե խոսում ենք «Գոյ» թատրոնի մասին, ապա կարող եմ ասել, որ Արթուր Սահակյանի նման ռեժիսորին հարթակից զրկելն անամոթություն է: Հարցն այն չէ, թե Արթուրը միակն է, բայց նա մեր ժամանակների լավագույններից է: Նա պարտադիր պետք է հարթակ ունենա, որպեսզի կարողանա ե՛ւ կրթել, ե՛ւ ցույց տալ՝ իր տեսիլքներն ու մոտեցումները փոխանցելով հանրությանը: Նման ռեժիսորին ոչ թե աշխատանքից պետք է զրկել, այլ այնպես պետք է անել, որ նա աշխատի տարբեր թատրոններում, ինչո՞ւ․ որովհետեւ նա այսօր լավագույններից է: ՊՈԱԿ-ներով զզվեցրին: Արդեն ՊՈԱԿ ասվածն անհեթեթ է լսվում: Հերիք եղավ: Նման միավոր փակելն անհեթեթություն է, անգամ արդեն չեմ էլ բարկանում: Ես զայրանալու հատկությունը կորցրել եմ, ինձ թվում է՝ շատերն են ինձ նման դարձել: Աբսուրդ է, էս ի՞նչ են անում, մարդիկ այդ թատրոնն ապրեցրել ու թատրոնին շունչ են տվել: Այո, գուցե որոշ տրամաբանություն կա տարածքի որոշման մասով, ես այդ մասին չեմ կարող բան ասել, բայց թատրոն փակելու փոխարեն մարդկանց այլընտրանք առաջարկեք, թող այլ տարածք ուղարկեն, ի՞նչ կլինի որ: Եթե պրոբլեմն այն է, որ երկու ՊՈԱԿ մի շենքում խեղդամահ են անում, ապա կարելի է ուղղակի շենքի հարց լուծել: Ո՞նց կարելի է դերասանների հետ այդպես վարվել, թատրոն փակելը մեղք է, մի արեք նման բաներ: Այս մարդիկ ամեն ինչի վրա թքած ունեն, միեւնույն է` անում են, ինչ ուզում են: Է հետո՞, ասենք՝ դա էլ փակեցիք, ժամանակը կգա, նորից կբացվի, ոչ մի արժեքավոր բան հենց այնպես չի գնում ու կորում, ամեն ինչ հիշվում է։ Մի արեք նման բան, հերիք է: Շե՞նքն է խնդիրը, այլընտրանք մտածեք: Ես չեմ հասկանում` Հայաստանում միայն հյուրանոցներ ու սննդի կետե՞ր պետք է լինեն, մեզ մշակույթ հարկավոր չէ՞:

- Ի դեպ, երեկ էլ տեղեկացանք, որ նույն այդ իշխանությունները պատրաստվում են վերցնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը: Դրանից առաջ բուհերի շենքերի թեման էր, որ ուզում են վերցնել, ու Աստված գիտի, ինչ նպատակի ծառայեցնել:

- Ի՞նչ ասեմ, շնորհավորում եմ իրենց, շատ հաճելի է: Էլ ի՞նչ ասեմ այս զավեշտին: Անկեղծ եմ ասում` սա զավեշտ է: Ամեն ինչ իր տեղում էր, մնացել էր այդ հարցը։ Բռավո:

- Վերջին 30 տարվա ընթացքում մշակութային կյանքն աչքի չի ընկել ակտիվությամբ, բայց Դուք հիշո՞ւմ եք նման խառնակ ժամանակներ, երբ արվեստն ու մշակույթն այս աստիճան անտեսվեին:

- Սա անտարբերություն չէ, սա հատուկ քայլ է, կոնկրետ ընկել են մշակույթի ետեւից:

- Ինչի՞ համար:

- Չգիտեմ, գուցե մի պահ, որպես թատրոնի մարդ վերանամ ու ասեմ, որ պետությունը շատ է համարում այսքան ուտող բերան պահելը մի ոլորտում:

- Այդ տրամաբանությամբ կարող է վաղն էլ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը փակեն:

- Շատ տրամաբանական է: Այո, դա էլ կարող է լինել: Այսօր ովքե՞ր են իրենց դերասան հռչակում, մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն դերասանության հետ: Մեր մասնագիտությունը հավասարեցվել է հողին, թաղել են ուղղակի: Բոլորն այսօր դերասան են, չե՞ք զգացել: Էլ ոչ մի խնդիր չկա, ով երկու բառ ասել գիտի, վերջ` դերասան է: Մարդիկ թատերարվեստի եւ դերասանի վարպետության մասին դատողություններ են անում, կրթություն չունենալով հանդերձ, լուրջ դեմքով վերլուծում են, ոչինչ, որ այլ մարդիկ տարիներով սովորել ու տանջվել են…