Պարետատունը չգիտի՞, թե՞ չի ուզում ասել՝ քանի վարակված կա Չարենցավանում

Պարետատունը չգիտի՞, թե՞ չի ուզում ասել՝ քանի վարակված կա Չարենցավանում

Պարետատունն այսօր հայտարարեց, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակվածության 190 հաստատված դեպք կա: Եթե մինչև երեկ օրը երկու անգամ էին թարմ թվեր հրապարակում, ապա արդեն երկու օր է՝ կառավարությունը որոշել է օրը մեկ անգամ ինֆորմացիա տալ, երևի, որ խուճապ չտարածվի բնակչության շրջանում: Բնավ ոչ խուճապ տարածելու նպատակով նկատենք, սակայն, որ ակնհայտ է՝ այս թվերն աճելու են, ինչպես աճեցին այս օրերի ընթացքում, երբ մի քանի հաստատված դեպքերը օր-օրի շատացան ու դարձան 190: Ըստ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ հանրագումարով հաստատված այդ 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Հիշեցնենք՝ այդ երկու առաջնակի դեպքերն են Էջմիածինը և Շենգավիթում գործող հայճիտալական կարի արտադրամասը:

Սակայն ամբողջ հարցն այն է, որ մեզ չեն ասում, թե այդ 157 դեպքից քանիսն են Էջմիածնից, քանիսը՝ Չարենցավանից, որտեղից տասնյակ քաղաքացիներ կան, որ աշխատում են Շենգավիթի այդ հայտնի կարի արտադրամասում, և քանիսն են այլ քաղաքներից: Մենք տեղեկություն ունենք, որ Չարենցավանում ոչ թե երկու վարակված կա, ինչի մասին դեռ մարտի 16-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, այլ շատ են՝ մոտ երկու տասնյակ, եթե ոչ ավելի: Նաև այլ քաղաքներից կան վարակվածներ, այդ թվում՝ Գյումրիից, Սյունիքի մարզի քաղաքներից, այդ թվում՝ Մեղրիից, որի բնակիչներից մեկը դեռ քարոզարշավի ժամանակ արդեն վարակված պատահաբար շփվել էին այդ մարդու հետ: Հիմա տեղեկություն կա, որ այդ քաղաքացուց զատ այլ վարակվածներ էլ կան Սյունիքի մարզում: Բայց պարետատունը որևէ կերպ որևէ տվյալ չի ցանկանում այս մասով հաղորդել որ իմանանք՝ որ քաղաքում քանի վարակվակիր կա, որպեսզի նաև զգուշանան մարդիկ:

Չարենցավանի քաղաքապետը ևս պաշտոնապես չգիտի՝ քանի հոգի կա վարակված, նրա ունեցած պաշտոնական ինֆորմացիան Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 16-ին հայտարարած թվով է սահմանափակվում: Բայց դրանից արդեն վեց օր է անցել, և այդ թիվը, բնականաբար, ավելացել է:

Մենք զանգահարեցինք պարետատուն՝ փորձելով ստանալ մեր հարցի պատասխանը, որ հանկարծ իրենց տվյալներին հակասող որևէ բան չգրենք: Մեր զանգին պատասխանեց Լուսինե Ղազարյան անունով աշխատակցուհին, որը նախ մեզ հորդորեց հետևել իրենց պաշտոնական կայքին, ապա սկսեց մեզ սովորեցնել՝ ինչպես փնտրել ինֆորմացիա, ինչպես նյութ գրել, մի խոսքով՝ սկսեց լրագրողական դասեր տալ: Ասացինք, որ նյութ գրելու ձևերը գիտենք, մենք զանգել ենք պարետատուն, որ ճշտենք՝ մենք կարո՞ղ ենք գրել այն ինֆորմացիան, որը մենք ունենք, թե՞ մեզ «կնստեցնեն» դրա համար:

«Չէ, նստեցնել... գիտե՞ք ինչ, լրագրողը կարող է գրել՝ ինչ ուզում է, ուղղակի Դուք չգրեք, որ մեր պաշտոնական կայքէջից է դա հանված, Դուք գրեք, որ դա Ձեր տեսակետն է, Ձեր կարծիքն է: Չնայած՝ մենք հորդորել ենք բոլորին միայն մեր պաշտոնական կայքէջին հետևել: Հիմա, եթե Դուք ոչ ստույգ տեղեկատվություն տաք, Դուք ընդամենը մեր քաղաքացիներին կենթարկեք ինչ-որ խուճապի, եթե Ձեր տվյալ ստույգ չէ»,-ասաց նա:

Նորից կրկնեցինք, որ զանգել ենք իրենց հենց դրա համար, որ մեզ ստույգ ասեն՝ այդ 190 հոգուց քանի՞սն են Չարենցավանի բնակիչ և, առհասարակ, ուրիշ էլ ո՞ր քաղաքներից կան վարակվածներ: 
Աշխատակցուհին մի որոշ ժամանակ լռեց, զգացինք, որ հեռացավ լսափողի մոտից, ինչ-որ ճշգրտումներ արեց, վերադարձավ ու պատասխանեց. «Ամեն դեպքում մեր թեժ գիծը այդ տեղեկատվությանը չի տիրապետում»:

Պարետատանն օգնելու նպատակով մենք նաև տեղեկացրինք, որ Չարենցավանում արտակարգ դրության որևէ նշույլ չի զգացվում, փողոցները լիքն են մարդկանցով, խանութներում ասեղ գցելու տեղ չկա, մարդիկ ազատ դուրս են գալիս, զբոսնում են, շփվում իրար հետ, տպավորություն է, թե ոչինչ էլ չի պատահել, ոչ մի վիրուս և արտակարգ դրություն էլ չկա, այն դեպքում, երբ միայն մեկ խանութ մտնելով արդեն մարդկանց խոսակցություններից տեղեկացանք, որ այսօր երկու հոգու էլի տարել են մեկուսացման: Եվ այսքանից հետո պարետատունը դեռ ասում է՝ ինֆորմացիա չունեն կամ էլ չեն ցանկանում տրամադրել: Ամեն դեպքում խոստացան մեր տրամադրած հավելյալ ինֆորմացիան փոխանցել ղեկավարությանը: