«Գեղեցիկ Էլենեն». Չնչին բյուջեով՝ հետաքրքիր ֆիլմ

«Գեղեցիկ Էլենեն». Չնչին բյուջեով՝ հետաքրքիր ֆիլմ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում երեկ դիտեցի վրաց կինոռեժիսոր Գեորգի Օվաշվիլու նկարահանած «Գեղեցիկ Էլենեն» խաղարկային ֆիլմը:
Թեման մեր ժամանակների համար փոքր-ինչ անսովոր էր։

Ֆիլմի հերոսը՝ Էլենը, Նյու Յորքը թողել եկել է հայրենի տուն, որպեսզի կինոպրոդյուսերական ունակությունները ներդնի իր երկիր Վրաստանում:

Հանդիպում է այն ռեժիսորին, ով իր վաղեմի կուռքն է եղել: Սակայն պարզվում է, որ նա էլ մի քաղցր կյանքով չի ապրում: Էլենի հանդիպումը կինոռեժիսորի հետ, նրանց զրույցները՝ վերադարձի, հայրենիքի, աշխարհի, կինոյի շուրջ, կարծես նոր լիցք ու ոգի են տալիս ռեժիսորին, ով մինչ այդ իրեն կարծես սպառված էր համարում: Եվ նա սկսում է Էլենի հետ իր ապագա ֆիլմի վրա աշխատել՝ սցենար գրել, միասին բնապայման նկարահանումների վայր ընտրել... Ահա, այդ ընթացքում էլ զարգանում են ֆիլմի գործողությունները, դրամատուրգիան, հանդիսատեսին ներկայացնելով կինոնկար՝ կինոնկարի մեջ...

Նման թեման մեծ կինոյում նոր բան չէ, սակայն Գեորգի Օվաշվիլին այն բացում է բոլորովին նոր բանալիով… Դա իր երկրի նկատմամբ ունեցած սերն է՝ մարդկային ցավն ու տառապանքը դարձնելով իր ցավն ու տառապանքը: 
Ինքնատիպ է ֆիլմի ֆինալը, որն ավարտվում է ռեժիսորի եւ Էլենի կյանքի նկատմամբ երկուստեք ունեցած փիլիսոփայական դատողությամբ: Դիտեք եւ կհամոզվեք...

Այս էլ որերորդ անգամ ինձ հիացնում է վրաց կինոգործիչների` իրենց լեզվի նկատմամբ ունեցած սերը… Տիտրերը գրված են վրացերեն, խոսում են վրացերեն, հասկանալի է՝ անգլերեն սուբտիտրերով: Լայնէկրան պաստառին «Գեղեցիկ Էլենեն» վերնագիրը` վրացերեն։ Ակամա հարգանք ես տածում նրանց պետականության ու ազգային արժանապատվության նկատմամբ։

Կինոնկարի առիթով շնորհավորելով ռեժիսորին եւ դերասանուհուն՝ տեսնելով, որ փոքր բյուջետային ֆիլմ է, մտածում էի, որ ֆիլմի ծախսերն առնվազն կկազմեն մոտ 100-150 հազար դոլար: Հարցրի, թե որքան է կազմել ֆիլմի բյուջեն: Երբ ասաց՝ շատ չնչին՝ 50 հազար, զարմացա։ Իսկապես խաղարկային լիամետրաժ ֆիլմի համար դա չնչին գումար է։
Կինոնկարի արժանիքից զատ, նրանց ոչ թե փողը, այլ սուղ միջոցներով վրաց նորագույն կինոն ու մշակույթն աշխարհին ներկայացնելն է հետաքրքրում։

Ռոբերտ Մաթոսյան