Իշխանությունը դիմադրությունից հրաժարվելու` կամավոր գերություն և ստրկություն ընդունելու քարոզ է անում
Հանրային հեռուստաընկերությամբ անընդհատ տարվում է հանրությանը նոր պատերազմով ու նոր պարտությամբ ահաբեկելու քարոզչություն: Ընդ որում՝ որպես պատերազմի հրահրիչ ներկայացվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանի ընդդիմությունը: Պետրոս Ղազարյանն իր հեղինակային DIALOGUE հաղորդման 30 րոպեների ընթացքում մի քանի անգամ համոզված տեսքով հայտարարում է, որ նոր պատերազմի, պարտության եւ Արցախի վերջնական հանձնման մեջ շահագրգռված է ընդդիմությունը: «Եթե Ադրբեջանը հարձակվի, եւ Արցախն ընկնի, շանս կա, որ Հայաստանում կլինի հեղաշրջում: Պարտությունն իշխանափոխության միակ հնարավոր տարբերակն է: Այդ մարդիկ չեն հավատում, որ իրենք ընտրություններով երբեւէ կգան իշխանության, դրա համար նրանց պետք է Արցախում կռիվ, պարտություն, հեղաշրջում»․ ահա սրանք են ընդդիմության թեզերը` ըստ Պետրոս Ղազարյանի:
Հայաստանի ընդդիմությունը չի թաքցնում, որ իր նպատակն իշխանափոխությունն է, բայց պնդում է, որ իշխանափոխությունը պետք է ոչ թե նոր պարտության գնով, այլ նոր պարտությունները կանխելու համար: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք առնվազն երկու խոշոր եւ մի քանի ավելի փոքր պարտություններ է կրել, բայց դրանք չեն հանգեցրել իշխանափոխության: 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանը կորցրեց Արցախի 75 տոկոսը, հազարավոր զոհեր, եւ դրանից ավելի շատ մարդիկ հաշմանդամ դարձան, տասնյակ հազարավոր մարդիկ փախստական դարձան, բայց Հայաստանում հեղաշրջում տեղի չունեցավ: 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ին տեղի ունեցած եռօրյա պատերազմն արդեն Հայաստանի տարածքում էր՝ հարյուրավոր զոհերով եւ ահռելի տարածքային կորուստներով: Հուսահատության եւ անելանելիության զգացումով փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով Փաշինյանի եւ նրա իշխանության հրաժարականը: Ընդդիմությունը չօգտագործեց մարդկանց ցասումը եւ նրանց չուղղորդեց հեղաշրջման: Շատերը մեղադրում էին ընդդիմությանը՝ փողոցային պայքարը մարելու եւ մարդկանց տուն ուղարկելու մեջ, մեղադրում էին անվճռականության եւ կազմակերպչական հմտությունների պակասի համար: Մի՞թե Փաշինյանը եւ նրա իշխանության անթաքույց պաշտպան Ղազարյանը չգիտեն դրա մասին, չգիտեն, որ արդեն մի քանի անգամ պարտության պատճառով առաջացած իշխանափոխության առիթը չօգտագործած ընդդիմությունը չի կարող ինքը նոր պատերազմ եւ նոր պարտություն հրահրել, որ դա օգտագործելով հեղաշրջում անի: Այդ դեպքում ինչո՞ւ են հանրությանը սարսափեցնում նոր պատերազմի եւ նոր պարտության հեռանկարով:
Այս հարցին էլ պատասխանում է Պետրոս Ղազարյանի հյուր Թաթուլ Հակոբյանը, ով անդրադառնալով Վարդան Օսկանյանի՝ իրավիճակը փրկելու առաջարկին, ասում է. «Երբ որ դու ասում ես՝ այս-այս կարող եմ անել, երեք ամսում կարող եմ աշխարհը փոխել, փրկել, մեկը միշտ ձեզ պետք է ասի` պարոն Օսկանյան, պարոն Նալբանդյան, պարոն Մնացականյան, պարոն Միրզոյան, իսկ կարո՞ղ է նոր պատերազմ լինի, եւ ինչպես մեր պատմության ամբողջ ընթացքում է եղել, հիմա էլ երանի տանք, որ գոնե 29 հազարը պահենք կամ 25 հազարը պահենք, կամ 10 հազարը պահենք»: «Կամ Արցախում հայերը մնան»,- շարունակում է Պետրոս Ղազարյանը: Փաշինյանն իր քարոզիչների միջոցով ասում է. Ադրբեջանի պահանջներին դիմադրելը հղի է պատերազմի վտանգով, իսկ ցանկացած պատերազմ երաշխավորված պարտություն է: Դրանից խուսափելու միայն մի ձեւ կա. ոչ թե դիմադրել Ադրբեջանի պահանջներին, ինչպես առաջարկում է ընդդիմությունը, այլ համաձայնենք դրանց, թեկուզ այդ համաձայնելու պարագայում Հայաստանից մնա 25 հազար կամ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Կարեւորն այն է, որ Հայաստանը կմնա, կարեւորը՝ Արցախում հայեր կապրեն, կարեւոր չէ, թե ինչ կարգավիճակով` որպես պատա՞նդ, թե՞ ազատ մարդ: Թող ներեն ինձ նման համեմատության համար, բայց արդեն գրեթե երեք տարի Բաքվում էլ են հայեր ապրում, ուղղակի՝ գերու կարգավիճակում: Պետրոս Ղազարյանի եւ Թաթուլ Հակոբյանի ասածն այն է, որ մի քանի տասնյակ կամ հարյուր գերու փոխարեն թող լինի 2-3 միլիոն: Միայն թե այն տարբերությամբ, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները կռվել ու պայքարել են, իսկ մեզ առաջարկվում է կամավոր գերություն:
Փաշինյանն իր քարոզիչների միջոցով հայ հասարակությանը ոչ թե դիմադրության եւ հաղթանակի, այլ հանձնվելու եւ հարմարվելու քարոզ է անում: «Արցախում կռիվ, պարտություն, հեղաշրջում»․ ըստ Պետրոս Ղազարյանի՝ սա է ընդդիմության նպատակը եւ գործողության պլանը: Այդ դեպքում ո՞րն է իշխանության կարգախոսը. «Ադրբեջանի պահանջների ընդունում, Արցախի հայաթափում, Հայաստանի թրքացում, Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության պահպանում»:
Շատերը Հայաստանի ներկա իրավիճակը համեմատում են 1920 թվականի հետ: Թաթուլ Հակոբյանն էլ է համեմատում՝ ասելով, որ այն ժամանակ Հայաստանից մնաց 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Բայց ներկայի եւ 100 տարի առաջվա միջեւ մի էական տարբերություն կա. 1920 թվականին Հայաստանը կռվեց Թուրքիայի դեմ, պատերազմի եւ պարտության արդյունքում կորցրեց իր տարածքները: Հիմա սրանք առաջարկում են չգնալ պատերազմի եւ առանց պարտության հնազանդորեն ընդունել Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները՝ իբրեւ թե փրկելու համար Հայաստանի Հանրապետության գոյությունը եւ նրա քաղաքացիների կյանքը: Իրականությունն այն է, որ թշնամու պահանջները կամավոր ընդունած որեւէ հանրույթ չի կարող գոյություն ունենալ որպես ազգ, որ մի հատ էլ պետություն ունենա: Պետությունն ազգերի մենաշնորհ է, մենք պետություն ունենք ի հաշիվ դիմադրության եւ ոչ թե մեզ առաջարկված ստրկական պայմանների ընդունման:
Համաշխարհային պատմության ընթացքում հազարավոր պատերազմներ են տեղի ունեցել, եւ ժողովուրդներն ու ազգերը, գիտակցելով պատերազմի հնարավոր արհավիրքներն ու կորուստները, գնացել են դրան՝ հասկանալով, որ սեփական ինքնությունը պահելու միակ տարբերակը դիմադրությունն է, դիմադրել անգամ քանակապես եւ ռազմական առումով անհամեմատ գերազանցող թշնամուն, դիմադրել անգամ՝ գիտակցելով պարտության անխուսափելիությունը, քանի որ դիմադրությունից զրկված, դիմադրության անընդունակ ազգերն ու ժողովուրդները դատապարտված են ոչնչացման եւ վերացման: Փաշինյանը հայ ժողովրդին եւ հասարակությանը դիմադրությունից հրաժարվելու, կամավոր գերությունը եւ ստրկությունն ընդունելու, ինքնաոչնչացման քարոզ է անում:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ