Թուրքի հետ պետք է ուժի դիրքից խոսել, եթե անգամ ուժ չունես

Թուրքի հետ պետք է ուժի դիրքից խոսել, եթե անգամ ուժ չունես

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ զրուցել ենք Թուրքիայի մասին: «Էրդողանը մեջտեղով է գնում՝ ո՛չ սրա հետ է վատանում, ո՛չ նրա հետ է լավանում, այսինքն՝ Էրդողանն իսկական քաղաքական գործչի նման քաղաքականությամբ է զբաղվում»,- անդրադառնալով Էրդողանի կողմից «Ազովի» հինգ հրամանատարներին Ուկրաինա հետ ուղարկելու ժեստին՝ ասաց թուրքագետը։ «Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ ո՛չ ԱՄՆ-ն է Թուրքիայից հրաժարվելու, ո՛չ էլ Թուրքիան է ԱՄՆ-ից հրաժարվելու։ Իրենք շատ լավ համագործակցում են իրար հետ, բայց էրդողանական Թուրքիան սեփական քաղաքականությունը, իր ազգի շահերն է առաջնային տանում, ոնց որ, օրինակ, Բայրամովն ասաց, որ իրենց ոչ մի բան չի հետաքրքրում՝ իրենց միայն իրենց ազգի շահերն են հետաքրքրում։ Եվ դա ամենաճիշտ կողմնորոշումն է, որից կարող ենք սովորել»,- ասաց Լոքմագյոզյանը։

Էրդողանն իր պետության շահն առաջնային է համարում ու եթե անտեսում է ՆԱՏՕ-ի շահը եւ այլ տարատեսակ շահեր, գործում է ազգային շահից ելնելով։ Այնուամենայնիվ, Թուրքիայի այս քայլը ձեռնտու է Արեւմուտքին։ Թուրքագետն ասում է. «Էրդողանը վերջին կամուրջն է Ռուսաստանի հետ՝ ամբողջ Եվրոպան երես է թեքել Ռուսաստանից, միայն Հունգարիան է մնացել, բայց իր շահերից ելնելով՝ շատ առաջ չի գնում։ Եվ, բացի այդ, բոլորը թշնամացել են Պուտինի հետ, բացի Էրդողանից։ Էրդողանը հա՛մ նալին է խփում, հա՛մ՝ մեխին։ Ռուսաստանի հետ չի փչացնում հարաբերությունները, մյուս կողմից էլ՝ Ուկրաինայի օգտին հայտարարություններ է անում»:

Սա կարող է նաեւ Արեւմուտքի հետ հաշտեցման քայլ դիտարկվել, եւ հիմա Էրդողանը նոր կաբինետով նոր էտապ է սկսում, չնայած քաղաքականությունը, բնականաբար, նույնն է մնալու։ Մի կողմից, Ռուսաստանը Թուրքիայից դժգոհ չէ՝ վերջինս բացահայտ հակառուսական քայլ չի անում կամ գործողություններ, որոնք ՌԴ-ին դուր չեն գա, բայց Թուրքիան հակառուսական էլ չէ։ 

Հատկանշական է, սակայն, որ Ռուսաստանը, հասկանալով, որ մեր տարածաշրջանում փորձում են իր դեմ պատերազմի երկրորդ ճակատ բացել, իր պետությանը ոչ հարիր լռություն պահպանեց, հանդուրժեց բազմաթիվ դեպքեր, երբ պետք է արձագանքեր, ու դրա շնորհիվ կարողացավ պահել հարաբերական կայունությունն այս տարածաշրջանում։

«Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր թշնամին է, ավելի մեծ թշնամին, քան Հայաստանն է, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է՝ հարցերը կարող է լուծել, իսկ Ռուսաստանի հարցերը չի կարող լուծել, շատ հեշտ չէ Ռուսաստանի հետ հարցեր լուծելը։ Ամենավտանգավոր թշնամին է Ռուսաստանը Թուրքիայի համար, եւ, իմիջիայլոց, Ռուսաստանն էլ Թուրքիային այդպես է դիտում: Եթե ոչ ամենավտանգավորը՝ գոնե վտանգավորներից մեկը»,- նշեց Լոքմագյոզյանը։
Թուրքիան երբեք չի անի այն, ինչ Ուկրաինան արեց, ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն Եվրոպային ու Ուկրաինային կապող օղակի դեր է կատարում։ Մեր հարցին, թե արդյոք Ադրբեջանը Հայաստանի հետ անկախ խաղ է տանում, Լոքմագյոզյանը շեշտեց, որ Ադրբեջանը Թուրքիայից եկող ազդակներով է քաղաքականություն իրականացնում, եւ 44-օրյա պատերազմից հետո չկա Ադրբեջան, փոխարենը կա «Թուրքիա 1», «Թուրքիա 2»։

«Թուրքի հետ պետք է ուժի դիրքից խոսել, անգամ եթե դուք ուժ չունեք, Թուրքիայի հետ ուժի դիրքից պիտի խոսեք, անգամ հոխորտաք»,- շեշտում է Լոքմագյոզյանը եւ հավելում, որ քանի դեռ հայկական կողմն ընդունում է թուրքերի առաջ քաշած նախապայմանները, խաղաղություն հավիտյանս չի լինելու։ 

Այնինչ պետք է ատամ ցույց տալ, հակազդել, եթե ատամ ցույց տանք թուրքին կամ ադրբեջանցուն, այդ կետում էլ կմնանք։ Թուրքագետը շեշտում է, որ Զանգեզուրի միջանցքը ստանալուց հետո թշնամիները հաջորդը Երեւանն են պահանջելու, այդ իսկ պատճառով պետք է հակազդել հիմա ու ոչ մի պայմանի չընդառաջել։