Ուշքի եկեք, ամեն ինչ կարող ենք կորցնել

Ուշքի եկեք, ամեն ինչ կարող ենք կորցնել

Մի առիթով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նիկոլ Փաշինյանին հայոց լեզվով բացատրել ու հասկացրել էր, որ վերջինս քաղաքականությունից գլուխ չի հանում, չի հասկանում, չի ընկալում քաղաքական իրողությունները: Օսկանյանը նաեւ նշել էր, որ ինքը փորձառու դիվանագետների խմբով կկարողանա վիճակը շտկել եւ ելք գտնել՝ բանակցային գործընթացը շարունակելու համար, եթե Նիկոլը մի որոշ ժամանակով լռի եւ Արցախի հարցի հետ կապված անպատասխանատու հայտարարություններ չանի: Մտածե՞լ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանը Վարդան Օսկանյանի ասածների մասին: Չեմ կարծում: Հաստատ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը Վարդան Օսկանյանի խորհրդով ավտոշարասյունը տարավ Կոռնիձոր: Հաստատ, Վարդան Օսկանյանն ինքնակոչ խաչակիրներին չտարավ Հակարիի կամուրջ, որ այնտեղ «ղալմաղալ» անեն: Հաստատ, Վարդան Օսկանյանի խորհրդով չէ, որ Արցախում Նիկոլի տեղապահ Արայիկ Հարությունյանն ինչ-որ հեղափոխականների ուղարկեց ռուսական խաղաղապահ ուժերի ռազմաբազայի դարպասների մոտ՝ պահանջելու, որ Լաչինի միջանցքը բացեն: Այս ամենը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում մի քանի ամիս լռել, այլեւ խոսքից անցել է «գործի», որ ամեն քայլափոխի ձախողում է:

Վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի «քյառականջության» ու «բեզբաշեննի» լինելու մասին է խոսում նաեւ Երեւանի առաջիկա ընտրություններն ամեն գնով անցկացնելու, թանկ գնով էժանագին երգիչներ խաղացնելու, անպտուղ ու անհեռանկար հակակոռուպցիոն պայքար բեմադրելու մոլուցքը: Վարդան Օսկանյանը ճիշտ էր՝ Նիկոլ Փաշինյանն իսկապես չի տիրապետում տարածաշրջանում ընթացող քաղաքական պրոցեսներին ու վերափոխվող աշխարհում սկսված նոր զարգացումներին: Նիկոլ Փաշինյանը մնացել է 2020թ. 44-օրյա պատերազմի նախաշեմին:

Օրերս Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան նոր տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նախազգուշացնում է ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վտանգավոր հետեւանքների մասին՝ նշելով, որ դրան դեմ չեն լինի միջնորդ երկրները եւ Ադրբեջանը: Ըստ Օսկանյանի՝ Ադրբեջանը դրա դիմաց կհամաձայնի բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրան կստիպեն համաձայնել. «Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Արցախը, Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը։ Սրանում չկասկածեք, Արդբեջանը կմտնի նման առեւտրի մեջ։ Միացյալ Նահանգներրը, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա, սրանք նույնպես կկարգադրեն Հայաստանին, Ադրբեջանին՝ գնան այս տարբերակին։ Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձեւին իր համաձայնությունը տա։ Սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի որեւէ ինքնորոշման, որովհետեւ ԱԽ-ի կողմից նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ եւ կծածկի բոլոր այլ տեսակի նորմերը, հիմնավորումները, որոնք կարող են վերաբերել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին»: Ահա, այսպիսի նախազգուշացում Վարդան Օսկանյանից:

Ես չեմ կարող միանշանակ պնդել, թե Նիկոլ Փաշինյանը վերջապես խելքի կգա այս նախազգուշացումից հետո եւ կլռի: Դեռ պետք է հասկանա, որ լռի, իսկ եթե չի հասկանո՞ւմ: Վարդան Օսկանյանն իրականում տագնապ է հնչեցնում. «ՄԱԿ-ը, իսկ նախկինում էլ՝ Ազգերի լիգան երբեք չեն ամրագրել, որ Արցախն Ադրեջանի մաս է։ Սա կլինի այնպիսի մի նախադեպ, որ մենք ազգովի չենք կարողանա դրա տակից դուրս գալ:  ՀՀ իշխանությունները չպետք է Նյու Յորքում առեւտրի գնան Ադրբեջանի հետ»: Դե եկ ու այս ամենը մտցրու Նիկոլ Փաշինյանի, նաեւ Արարատ Միրզոյանի գլուխը, հասկացրու, որ չի կարելի նման վտանգների առկայությամբ դաշնակիցներին թողած՝ ընկնել ԱՄՆ-ի ու Թուրքիայի գիրկը, հաճոյանալ Ադրբեջանի իշխանություններին, խոստումներ տալ, որոնց կատարումն Արցախի ու Հայաստանի ավարտ է նշանակում:

Լիովին համաձայնելով Օսկանյանի դիտարկումներին՝ կուզենայի մի դիտարկում էլ ինքս անել, բնականաբար, Նիկոլի շահերից բխող: Այս իրավիճակում լավագույն լուծումը կլինի ՀՀ իշխանությունների խաղաղ եւ անցնցում հրաժարականը: Դա, մի կողմից, պետք է ՄԱԿ ԱԽ-ում մեր դաշնակից երկրներին՝ Արցախի ու Հայաստանի համար ճակատագրական որոշումներից խուսանավելու պատրվակ, իսկ մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանին կազատի նման մի որոշում պաշտոնապես վավերացնելու խայտառակությունից եւ ժամանակ կտա հայ հասարակությանը՝ ինչ-որ կերպ շտկելու իրավիճակը: Վստահ եմ, որ դրանից հետո ՀՀ նոր իշխանություններն ու հմուտ դիվանագետները կկարողանան շտկել իրավիճակն ու գործընթացը տանել դեպի բանակցությունների սեղան, որի շուրջ Հայաստանի Հանրապետությունը կնստի ոչ թե պարտվածի, «բոմժի», սեփականության վկայական չունեցողի, այլ հավասարը հավասարի հետ բանակցողի, արժանապատիվ խաղաղություն պահանջողի կարգավիճակով: