Ա՛յ անմեղսունակներ, Եվրախորհրդարանի ընտրություններից հետո քաոս է, ո՞վ է ձեզ սպասում այնտեղ

Ա՛յ անմեղսունակներ, Եվրախորհրդարանի ընտրություններից հետո քաոս է, ո՞վ է ձեզ սպասում այնտեղ

Նիկոլ Փաշինյանի հակաՀԱՊԿ-ական քաղաքականությունը նոր երանգներ է ստանում հայ-բելառուսկան հարաբերություններում հասունացող սկանդալով։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Փաշինյանը ԱԺ-ում ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ասաց, որ «21-26 թվականի կառավարության ծրագրում չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ», թեեւ չասաց՝ երբ դուրս կգանք. «հնարավոր է մեկ ամիս, հնարավոր է մեկ տարի, հնարավոր է երեք տարի հետո»: Այս համատեքստում նա մեղադրանքների սովորական դարձած տարափն ուղղեց Հավաքական անվտանգության կազմակերպության անդամներին․«Մեղավորը նրանք ենք, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։ Իսկ ավելի վաղ նա խոսել էր ՀԱՊԿ առնվազն երկու երկրի մասին, որոնք «մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»։ Այս անգամ Փաշինյանն ավելի հեռուն գնաց, սպառնաց երբեք չայցելել Բելառուս, քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։ Եւ հիշեցրեց Լուկաշենկոյի հայտարարությունը, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

Սրան հաջորդեց Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանի հետկանչը Երևան՝ խորհրդակցությունների, հետո եղավ հայկական կողմի կարգադրությունն՝ ուղղված նախարարներին՝ Մինսկ չմեկնել։ Չուշացավ Բելառուսի պատասխանը։ Մինսկը Փաշինյանի գնահատականը իմպուլսիվ  որակեց, ԱԳՆ-ի միջոցով  հայ ժողովրդին մաղթեց «ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»: Երեւանի սրտով չէր մաղթանքը, պատասխանը՝  բողոքի նոտա։ ԱԳՆ խոսնակը հայտարարեց․ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»: Օրվա ընթացքում Politico-ն Բելառուսի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարման մասին տեղեկություն արտահոսեցրեց հետեւյալ գնահատականով․ «Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը՝  2018-2022 թվականներին Ադրբեջանին առաջադեմ ռազմական տեխնիկա մատակարարելու մասին, ինչը նրան առավելություն է տվել իր վաղեմի հակառակորդի հետ պատերազմների ալիքում, կդիտարկվի որպես մեծ դավաճանություն Հայաստանի կողմից»։

Սեփական երկրի շահերից հանդես եկող իշխանության պարագայում, ՀՀ իշխանությունների արձագանքը Բելառուս-Ադրբեջան սրտագին հարաբերություններին, գուցե, կոշտ քաղաքականության դրսեւորում դիտվեր, բայց ոչ ՀՀ գործող իշխանության պարագայում։ Երեւան-Մինսկ դիվանագիտական պատերազմը, որը շատ արագ զարգացավ, իրականում տեղավորվում է տարածաշրջանում մեծ խաղացողների գլոբալ շահերի տիրույթում՝ պետք է խարխլել ցանկացած հարաբերություն, որն այս կամ այն կերպ առնչվում է Ռուսաստանին ու նրա դաշնակիցներին։ Ինչո՞ւ է այս գնահատականը իրականությանն ավելի մոտ, քան Փաշինյանի կեղծ հայրենասիրական պոռթկումը,  որովհետեւ նույն սկզբունքայնությունը ՀՀ իշխանությունը չի դրսեւորում, օրինակ, Ուկրաինայի հետ հարաբերություններում, որը Բելառուսի նման եւ գուցե ավելի` բարեկամ է Ադրբեջանին, քան Հայաստանին ու երբեք դա չի թաքցրել։ Ավելին, 44-օրյա պատերազմի օրերին հստակ հակահայկական դիրքորոշում է ունեցել եւ շնորհավորել է Ադրբեջանի հաղթանակը։ Այդ օրերին խոսք էր գնում Ուկրաինայի կողմից Ադրբեջանին հայ զինվորի դեմ օգտագործված արգելված զինատեսակի՝ սպիտակ ֆոսֆորի մատակարարման մասին, որի կիրառումը արգելված է Անմարդկային զենքերի մասին կոնվենցիայի երրորդ արձանագրությամբ։ Հիշեցնենք՝ այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն էր խոսել` 2022թ նոյեմբերին Սենատում կազմակերպված քննարկման ժամանակ, հայտարարելով․ «Բայց սպիտակ ֆոսֆորի դեպքերը լավ փաստագրված են։ Ցավոք, այն մատակարարել է Ուկրաինան»։ Իսկ բոլորովին վերջերս՝ 2024թ մարտին, Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար, պատմաբան Արիֆ Յունուսովն էր խոսել պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Բաքվին զենք մատակարարելու մասին։  Ուկրաինայի հակահայկական քաղաքականության դրսեւորումներից էր նաեւ 2023 թ. սեպտեմբերին ԱԳՆ-ի կողմից Արցախում նախագահհական ընտրությունների անցկացումը, իսկ 2017 թվականից Ուկրաինան արգելել էր Արցախում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներկրումը իր երկրի տարածք։ Զելենսկու իշխանությունն անփոփոխ էր թողել որոշումը։ Չնայած այս փաստերին, Փաշինյանի իշխանությունը Ուկրաինայի հետ մերձեցման ցուցադրական ու սկանդալային քայլեր է անում՝ Աննա Հակոբյանի տարած մարդասիրական օգնությունից մինչեւ Կիևում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի՝ Բուչա այցելություն։ Այս օրերին էլ ԱԽՔ-ն է Շվեյցարիա մեկնելու՝ «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ 

Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Արտակ Բշտիկյանը պատահական չի համարում իշխանությունների նման գործելաոճը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նա ասում է՝ որեւէ նորություն տեղի չի ունենում, որովհետեւ այս ամենը կապված է գործող վարչախմբի անհեռատես, հակահայ ու հակահայաստանյան  քաղաքականության հետ։ «Նման շեշտակի ջղաձգումները տեղավորվում են այն պատվերի շրջանակում, որն օրվա ազգակործան իշխանությունը ստացել է դեռ 2018 թվականից՝ հայտնի Բոլթոնի այցի ժամանակ  եւ շարունակաբար, վերջին 6 տարիներին այդ պատվերի կատարումն է տեղի ունենում։ Դա, այո՛, հակառուսականության, հակաՀԱՊԿ-ականության, հակաԵԱՏՄ-ականության, այսպես ասած, ոչ արեւմտյան դաշտում տեղավորվող բոլոր կառույցների հետ հետեւողական հարաբերությունների փչացման քաղաքականությունն է»։

Բշտիկյանի խոսքով, իհարկե, Ռուսաստանն ու Բելառուսը Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեն եւ տեւական ժամանակ նաեւ սպառազինություն են մատակարարել եւ այստեղ Հայաստանը, իհարկե, հարցեր ունի դաշնակիցներին, նրանց՝ ում հետ ռազմավարական դաշնակցության պայմանագրեր ունի, ում հետ տնտեսական եւ անվտանգային նույն համակարգում է գտնվում, այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն, բայց դա նորություն չէ եւ գլխավոր հարցն այն է, թե ինչու հայ-բելառուսական, այսպես ասած, քաղաքական ապահարզանն այսպես արագ տեղի ունեցավ։ 
«Պետք է մեկ-2 օր առաջ հետադարձ հայացք նետել եւ տեսնել, որ այդ սրացումն արձանագրվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ'Բրայենի այցից հետո եւ ԱՄՆ մյուս պետքարտուղարի այցի նախօրենին։ Որեւէ նոր բան տեղի չի ունենում, այս ապազգային իշխանությունն անում է այն, ինչի համար բերվել է իշխանության եւ քանի որ իրենք էլ հասկանում են, որ իրենց դիրքերը բավականին թուլացել են եւ վստահություն չունեն, որ շարունակեն իշխանավարել մինչեւ մանդատի ավարտը, շտապում ու նման ջղաձիգ քայլեր են անում, որի հետեւանքները, ցավոք, հայ ժողովուրդն է զգալու»,-բացատրում է Արտակ Բշտիկյանը՝ ի ապացույց շեշտելով, որ Ադրբեջանին զենքի մատակարարման նույնատիպ մեղադրանքի մասին՝ արդեն Ուկրաինայի կողմից, բոլորս գիտենք, բայց աշխարհաքաղաքական պատվերի շրջանակում ԱԽՔ-ը պետք է մասնակցի Ուկրաինային նվիրված համաժողովին։ «Փազլը շատ արագ հավաքվում է, երբ այս ամենը իրար կողքի ենք դնում։ Տեղի է ունենում վերեւից իջեցված պատվերի կատարում»,-շեշտում է մեր զրուցակիցը։

Հայ- բելառուսական սրացման հետեւանքները, ըստ Բշտիկյանի, կլինեն եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական եւ, որ ավելի մտահոգիչ է՝ անվտանգային։ Բացառված չէ, որ Բելառուսի ուղղությամբ աշխատող հայ գործարարները առաջիկայում իրենց մաշկի ու բիզնեսի վրա զգան դա։ «Հուսով եմ, որ մեր ԵԱՏՄ գործընկերներն իմաստնություն կունենան տարանջատելու ՀՀ ապազգային իշխանություններին հայ ժողովրդից եւ չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոոնք ավելի ծանր վիճակի մեջ կդնեն առանց այն էլ ոչ այնքան բարենպաստ պայմաններում ապրող մեր հայրենակիցներին։ Հուսանք, որ ստանձնված դաշնակցային հարաբերությունները պայմանավորված չեն լինի իշխանություններով», ասում է մեր զրուցակիցը։

Մի կարեւոր հանգամանք էլ է շեշտում Արտակ Բշտիկյանը՝ կտրել կապերը մի կառույցի հետ, չունենալով դրան փոխարինող որեւէ ռեալ այլընտրանք, ուղղակի անմեղսունակություն է։ «Հիշեցնեմ բոլոր արեւմտամետ եւ եվրոպամետ ուժերին, որոնք ամբողջ օրը թմբկահարում են, թե Հայաստանում պետք է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացվի, ախր, ա՛յ անմեղսունակներ, ԵՄ անդամակցելու համար միայն հանրաքվեն բավարար չէ, Եվրախորհրդարանի ընտրություններից հետո ԵՄ-ում այնպիսի քաոս է, ո՞վ է ձեզ սպասում այնտեղ, որ այդպես ափալ-թափալ ուզում եք ԵՄ գնալ։ ԵՄ անդամ բազմաթիվ երկրներում ընտրություններում հաղթել են այն ուժերը, որոնց ծրագրային հիմնադրույթներից մեկը հենց ԵՄ-ի ընդլայնումը թույլ չտալն է»,-եվրաերազանքով ապրողների գլխին սառը ջուր է լցնում մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ մանիպուլյացիա ու մոլորություն է, թե Եվրոպայում մեզ գրկաբաց սպասում են։ «Սպառողական ու լափի հետեւից գնացող մտածելակերպն է, թե շուտով առանց վիզայի Եվրոպա ենք գնալու», -եզրափակում է նա։