«Ես կարող եմ հաշվետվություն ներկայացնել իմ վաստակած յուրաքանչյուր միլիոնի համար, բացի առաջինից»

Ամերիկացի ձեռնարկատեր, բարերար, մարդկության պատմության մեջ առաջին պաշտոնական դոլարային միլիարդատեր Ջոն Դեվիսոն Ռոկֆելերին (1839-1937) է պատկանում հետևյալ արտահայտությունը. «Ես կարող եմ հաշվետվություն ներկայացնել իմ վաստակած յուրաքանչյուր միլիոնի համար, բացի առաջինից»: Այդ արտահայտությունը ներկայացնում է կապիտալիստական հարաբերությունների ծագման սկզբունքը: Այսինքն՝ կապիտալի նախնական կուտակումը միշտ և ամենուրեք եղել է անօրինական: Իհարկե, ավելի ուշ ժամանակներում կարող էին լինել բացառություններ վերը նշված կանոնից: Սակայն հաշվի առնելով, որ տնտեսության վերաբերյալ գիտությունը դասվում է ոչ թե ճշգրիտ, այլ հասարակականների շարքում, ապա բացառության առկայությունը ևս օրինաչափ է տվյալ դեպքում: Իսկ այդ բացառություններն էլ երևի հեռավոր ապագայում կարող են վերածվել ինքնուրույն օրինաչափության: Եվ յուրաքանչյուր միլիոնատեր (էլ չասած՝միլիարդատեր) գործարար կարող է հայտարարել, որ ինքը կարող է հաշվետվություն ներկայացնել իր վաստակած յուրաքանչյուր միլիոնի համար՝ առաջինից մինչև տվյալ պահի վերջինը:
Ինչևէ, միլիարդատիրոջ նախանշած երևույթը մեծ հաշվով իրենից որևէ նորություն չէր ներկայացնում արևմտյան երկրներում: Եվ քանի որ առաջին միլիոնի շնորհիվ են հետագայում կուտակվել մնացածները, ապա այն ևս ապահովագրված է եղել նույն չափով, ինչ որ մնացածները: Ապահովագրված ասելով նկատի ունեմ ոչ թե կապիտալի նախնական կուտակման հետ (14-րդ դար) ծագած ժամանակակից ապահովագրական գործը, այլ ամեն մի առանձին երկրի իշխանության կողմից կապիտալի պաշտպանվածության ապահովումն օրենսդրական եղանակով: Լավ է դա, թե վատ՝ այլ հարց է, բայց հաստատ մարդասիրական բնույթ չէր կրում: Այլապես միջնադարյան Անգլիայում չէր հայտնվի «Ոչխարները կերան մարդկանց» ասացվածքը: Ինչը հիշեցնեմ, արդյունք էր գյուղացիներին՝ իրենց պատկանող հողերից բռնի վռնդելուն, և դրանցում ոչխարներ բազմացնելուն: Որոնց բուրդն էլ պետք է վերածվեր նոր առաջացող մանուֆակտուրանների գործարկման համար անհրաժեշտ հումքի: Դա էլ պետք է վերածվեր կտորի, իսկ հետո՝ հագուստի ու արտահանվեր մայրցամաքային Եվրոպայի երկրներ:
Անկախության ձեռքբերման օրվանից մինչև 2018 թվականը Հայաստանը բնորոշվում էր որպես անցման փուլում գտնվող երկիր: Եվ պարզ է, որ չէր խուսափելու կապիտալի նախնական կուտակման ժամանակաշրջանին բնորոշ երևույթներից: Ուրիշ հարց, եթե երկրում պահպանվեր սոցիալիստական տնտեսությունը՝ ինչպես դա արվեց Բելառուսիայում: Բայց ո՛չ հայերն են նման բելառուսներին և ո՛չ էլ մեր երկրի աշխարհագրական դիրքն է համեմատական այդ երկրի հետ: Արդյունքում պետք է ընդունենք, որ բոլոր նրանք, ովքեր այսօր խոշոր գործարարներ են, առաջին միլիոնը (իհարկե՝ դոլարային) կուտակել են ոչ օրինական և կամ «գորշ սխեմաներով» օրենքը շրջանցելու ճանապարհով: Եվ եթե այսօր Հայաստանում իրականացվում է ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց, ապա դրանում պետք է ներառված լինեն բոլոր խոշորները՝ անկախ Նիկոլի նկատմամբ իրենց վերաբերմունքից: Այլապես ստացվում է, որ «ժողովրդավարության բաստիոնում» օրենքը գործում է միայն ոչ նիկոլական գործարարների նկատմամբ: Իսկ այդ դեպքում գործընթացը վերածվում է անօրինական կուլակաթափության կամ ժամանակակից լեզվով ասած՝ պետական ռեկետի: Ռեկետի՝ օրինականության քողի ներքո: Եվ ես չեմ կարծում, թե մեր հասարակությունն այնքան միամիտ է, որ կարող է ենթադրել, թե Նիկոլին «պարոն վարչապետ» կամ «մեծարգո պարոն վարչապետ» դիմող խոշոր գործարարները մաքուր են հանց Աստծո գառներ:
Լինեն նրանք ընդամենը գործարար, թե իշխանության մեջ ներառված օլիգարխներ:
Ինչ մնում է դրամային միլիոնատեր գործարարներին, ապա հենց այստեղ է, որ պետք է երևա իշխանության առկայությունը: Սակայն ոչ թե պատժելու, այլ խրախուսելու և օժանդակելու առումով: Այնինչ, այսօրվա Հայաստանում իշխանության առկայությունը երևում է զուտ խորհրդատվական մակարդակում: Զորօրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկը գործարարներին խորհուրդ է տալիս Լարսի անցակետի բացվել-փակվելուց խուսափելու նպատակով արտահանման նոր շուկաներ գտնել։ Իսկ ես ժամանակին «Հրապարակ»-ի էջերում մեկ-երկու անգամ ներկայացրել եմ նախկին վարչապետներից մեկի՝ Տիգրան Սարգսյանի գործունեությունն այդ առումով: Չկրկնվելու համար ընդամենը ասեմ, որ նախկին խորհրդային հանրապետություններից բացի այլ շուկաներ մուտք գործելու համար հսկայական նախապատրաստական (հատկապես փաստաթղթային) աշխատանք էր պահանջվում, որն իրականացվում էր համապատասխան նախարարության կողմից: Քանի որ դա առանձին որևէ ընկերության ուժերից վեր էր մասնագիտական առումով: Դա այն ժամանակ էր, երբ դեռևս չէր դրվել մեր երկրի՝ Մաքսային միությանը միանալու հարցը: Եվ վարչապետ Սարգսյանը փորձում էր անել անհնարինը՝ արևմտյան շուկաներ ներթափանցելու համար: Եվ ոչ թե ընդամենը խորհուրդ էր տալիս, թե ինչ անել այս կամ այն խնդրից խուսափելու համար:
Կարծիքներ