Ռուսներն արձագանքում են Ուկրաինային «փոխհատուցում» վճարելու պահանջին

Ռուսներն արձագանքում են Ուկրաինային «փոխհատուցում» վճարելու պահանջին

Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իրինա Մուդրան հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրի առանց ՌԴ-ի կողմից Ուկրաինային վճարվելիք փոխհատուցման։ Ռուսական մեդիափորձագիտական համայնքում այս հայտարարությունը բավականին լայն արձագանքի է արժանացել։ Ներկայացնում ենք արտահայտված հիմնական տեսակետները։ 

Մի խումբ փորձագետներ նկատում են, որ եթե հարցը դրան է տանում Կիեւը, ապա ուրեմն Ուկրաինան ինքը պետք է վճարի փոխհատուցում Ռուսաստանին։ Սակայն հարց է, թե Ուկրաինան որտեղից է գումար վերցնելու, որ այդ փոխհատուցումը վճարի։ Դժվար թե Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը դրա համար գումար հատկացնեն։ Մնում է մի տարբերակ՝ Ուկրաինան այդ փոխհատուցումը պետք է վճարի տարածքներով, օրինակ՝ Նիկոլաեւյան եւ Օդեսայի մարզերով։ Կան նաեւ փորձագետներ, որոնք ակնհայտ հումորով եւ հեգնանքով են արձագանքել այդ հայտարարությանը, նշելով, որ կարելի է պարզապես արձակված ռուսական արկերի ու հրթիռների վրա գրել «փոխհատուցում» բառն ու արձակել ուկրաինական զինուժի ուղղությամբ։

Ըստ մեկ այլ կարծիքի, Ուկրաինան չափազանց շտապում է, քանի որ համաձայն միջազգային իրավունքի, փոխհատուցում վճարում է պարտված կողմը, իսկ Ռուսաստանը հաստատ չի պարտվելու պատերազմում։ Որոշ փորձագետներ էլ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության տակ «առեւտուր սկսելու» որոշակի ազդակներ են տեսնում եւ հարց բարձրացնում, թե ում հետ են որոշել Կիեւի իշխանություններն այդ առեւտուրը սկսել։ Ուշագրավն այն է, որ ռուսական մեդիափորձագիտական համայնքում հստակ է այն դիրքորոշումը, որ Ռուսաստանում եւ ոչ մի քաղաքական գործիչ նման «ինքնասպանության» չի գնա եւ երբեք չի ընդունի կապիտուլյացիա եւ փոխհատուցման վճարման պարտավորություն Ուկրաինային, եթե նույնիսկ հարկ լինի ամենից ծայրահեղ քայլին էլ գնալու՝ միջուկային զինանոցին դիմելու, որովհետեւ դա կնշանակեր ՌԴ-ի վերջը, իսկ քանի որ Պուտինը ժամանակին ասել է, թե «ում է պետք այն աշխարհը, որտեղ չի լինելու Ռուսաստանը», հետեւությունները կարելի է կատարել շատ հստակ կերպով։