Ավելի շատ նման էր գլադիատորական ակումբի, քան Ազգային ժողովի

Ավելի շատ նման էր գլադիատորական ակումբի, քան Ազգային ժողովի

Օգոստոսի 2-ին գումարվեց ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստը, որից անցել է շուրջ 28 օր։ Այդ ընթացքում, ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, հիմնականում կազմակերպական հարցեր լուծվեցին՝ ընտրվեցին ԱԺ նախագահ, նախագահի 3 տեղակալներ, մշտական հանձնաժողովների նախագահներ, որից հետո, ըստ նույն կանոնակարգ օրենքի, վարչապետն ԱԺ քննարկմանը ներկայացրեց նորընտիր կառավարության կազմած 2021-2026թթ. կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը, որը քննարկումներից հետո հավանության արժանացավ Ազգային ժողովի կողմից:

Հենց առաջին պահերից զգացվեց, որ ինչպես ընդդիմությունը, իշխանությունը նույնպես մարտականորեն են տրամադրված, եւ հետագայում եւս, հավանաբար,  նրանց գործելակերպում որեւէ բան չի փոխվի: Անգամ այդ պաշտոնյաների ընտրության ընթացքում, որը փաստացի կարգավորված է Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ օրենքով, զգացվում էր իշխանության եւ ընդդիմության փոխադարձ ատելությունը միմյանց նկատմամբ, որը, բնականաբար, բերեց այն մեծ ամոթին, ինչին  մի քանի օր շարունակ աշխարհը եւ հայ հասարակությունն ականատես եղան: 

Տեղի ունեցածի վերաբերյալ չարժե գնահատականներ հնչեցնել, քանզի կան բաներ, որոնք գնահատել պարզապես հնարավոր չէ: Իսկ ի՞նչ տեսանք կառավարության ծրագրի քննարկումների ընթացքում: Բարձրագույն օրենսդիր մարմնի անդամները մոռացել էին, որ շուտով լրանում է 4 ամիսը, ինչ ադրբեջանցիները կիլոմետրերով խորացել ու մի քանի ուղղություններով տնօրինում են մեր տարածքները՝ մեծագույն անհանգստություններ պատճառելով այդ տարածքների հարեւանությամբ բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներին, եւ որ իրենք առաջին հերթին պարտավոր են նախ Ազգային ժողովի կողմից պաշտոնական գնահատական տալ ադրբեջանցիների կողմից սուվերեն Հայաստանի տարածք ներխուժելու կապակցությամբ եւ հայտարարել, որ Հայաստանը չի հանդուրժի Ադրբեջանի նման քայլերը եւ ամեն ինչ կանի՝ րոպե առաջ նրանց վռնդելու համար։

Դա նաեւ կհամարվեր պաշտոնական ուղերձ միջազգային հանրությանը: Ողջունելի կլիներ, եթե, որպես անհետաձգելի խնդիր, հենց առաջին գրանցումից անմիջապես հետո ընդունեին այդ ուղերձը, որով կքաջալերեին նաեւ մեր բնակչությանը, բայց ապագա պաշտոններն զբաղեցնելու մոլուցքը դա թույլ չտվեց։ Վերջապես մոտենում էր երկար սպասված պահը, կարծես, եթե այդ ամենը տեղի ունենար մի քանի րոպե ուշ, իրենց երազանքները կմնային հավերժ անկատար: Հարգելի երեսփոխաններ, բա որ այդ ընթացքում վայրկյանը մեկ հնչեցնում էիք «ժողովուրդ-մանդատ» բառակապակցությունը, ինչո՞ւ ժողովրդին այդքան արագ մոռացաք եւ անցաք մանդատներին: Ժողովուրդը ձեզ դա՞ էր պատվիրակել... 

Կույր աչքն անգամ անմիջապես կնկատի, որ գլադիատորական ակումբ հիշեցնող այս Ազգային ժողովում համարյա ոչ մի քրիստոնյա մարդ չերեւաց (չնայած այն բանին, որ նրանք եւս պատեհ-անպատեհ ցանկացած առիթի դեպքում հպարտորեն բարձրաձայնում են, որ հայն առաջին քրիստոնյա ազգն է), նրանց մեծ մասն իրեն պահում էր գլադիատորների նման, որոնք իրենց նման պահվածքով առաջին հերթին անարգեցին այն նույն հայ ժողովրդին, որից ժամանակ առաջ ձայն էին աղերսում: Անկեղծ ասած, նվազագույնը՝ տհաճ է նման թեմայի մասին երկար խոսելը, այդ իսկ պատճառով անիմաստ է անգամ նրանց զգոնության կոչ անելը, սակայն կփորձեմ մի քանի նկատառում ներկայացնել: Ինչ ասելու եմ, ասելու եմ ցավով:  

Չգիտեմ՝ որքան ժամանակ կաշխատի այս Ազգային ժողովը, միայն կարող եմ ասել, որ տեղի ունեցածը սրանով չի ավարտվելու, այն համարյա նույնկերպ կամ ավելի ագրեսիվ, պարբերաբար շարունակվելու է մինչեւ այս ԱԺ գործունեության վերջին շունչը: Ազգային ժողովի այս համամասնության եւ այս կազմի պարագայում այլ կերպ չի լինելու, քանզի պատճառները մեկ օրվա չեն, դրանք 20-30 տարվա խորքայնություն ունեն: Այս ամենը՝ ոչ ավելի, ոչ պակաս, մեր ժողովրդի տրոհվածության միարժեք արտացոլանքն է Ազգային ժողովում, որն իր մեջ հանդուրժողականության տարր անգամ չի պարունակում: Նրանց՝ քրիստոնյայի վերափոխվելու հնարավորությունը եւս լիովին բացառված է, քանզի քրիստոնյային հարիր տարրերն անգամ նրանց մոտ բացակայում են: Զրոն ինչով էլ բազմապատկես, դառնում է զրո…

Կա երկու ճանապարհ. կա՛մ այս Ազգային ժողովը րոպե շուտ պետք է լուծարվի (ինքնալուծարվի), որի դասերն ուղեցույց կդառնան մեր ժողովրդի համար, թե ինչպես չի կարելի ընտրություն կատարել, կա՛մ նրա աշխատանքները շարունակվելու են ծեծուջարդերի ուղեկցությամբ։ Իսկ աշխատանքային պատկերը լինելու է մոտավոր այսպիսին. ընդդիմությունը պարտադրված՝ բավականին հաճախ փորձելու է բոյկոտել ԱԺ նիստերը, որի պարագայում իշխանական խմբակցությունն ավելի երջանիկ, ավելի հանգիստ անելու է այն, ինչ անհրաժեշտ է իրեն, քանզի նա միայնակ ունի որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ քվեները (բացառությամբ՝ սահմանադրական փոփոխությունների կարգի հարցերից, որի համար, կարծում եմ, իշխանությունը մի օրինական կամ անօրինական լուծում կգտնի): Իսկ թե որքան կշարունակվի ԱԺ այս գործելակերպը, անհայտ է։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ