Խաղաղություն մուրալու գինը՝ խայտառակություն եւ նոր պատերազմ

Խաղաղություն մուրալու գինը՝ խայտառակություն եւ նոր պատերազմ

Վարչապետին եւ յուր շրջապատին հավանաբար թվում է, թե մեկամյա վաղեմության պատերազմն արդեն անցած-գնացած իրողություն է եւ այլեւս չի կարող ներքաղաքական խոսույթի առանցքը լինել։ Կառավարության ծրագրի ներկայացման, խորհրդարանական քննարկումների կամ կառավարության նիստերի ժամանակ զգալի է իշխանության գործելաոճը՝ ամեն կերպ դիստանցավորվելու պատերազմի հետեւանքներից՝ դրանք ներկայացնելով որպես անխուսափելի իրողություն, փոխարենը խոսելով ավելի ականջահաճո թեմաներից, ասենք՝ ճանապարհների ասֆալտի որակից։

Պատերազմի մոռացման հետ զուգահեռ՝ իշխանության պաշտոնական քարոզչական գիծը երկու հարեւան պետությունների, իրականում՝ թշնամիների հետ ամեն գնով բարիդրացիություն հաստատելն է, Փաշինյանի ասած՝ խաղաղության օրակարգից չշեղվելը։ Նա հավատացնում է բոլորիս, որ այդ դեպքում, չգիտես թե ինչ հրաշքով, Թուրքիան եւ Ադրբեջանն իրենք կհրաժարվեն մեր նկատմամբ տածած թշնամանքից։

Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ իշխող վերնախավը ոչ միայն համաշխարհային, այլեւ նույնիսկ հայոց պատմություն չգիտի։ Եթե գիտենար, կհասկանար, որ պարտված իշխանության հետ որեւէ մեկը չի բանակցում, այլ ընդամենը պայմաններ է թելադրում, իսկ այդ պարտված իշխանությունը որեւէ տարբերակ չունի դրանք չընդունելու։

Այդ դեպքում հնարավոր դիմադրության գինը կարող է լինել թշնամու կողմից Հայաստանի իշխանությունների եւ նրանց վարած բանակցությունների մասին այնպիսի մի տվյալի հրապարակումը, որը սառը ցնցուղի ազդեցություն կունենա ներքին լսարանի վրա։ Մինչդեռ պատերազմից ընդամենը երկու օր առաջ Փաշինյանն ինքն էր խոստանում հրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնք ներսից կպայթեցնեն Ադրբեջանը։

Փաշինյանի եւ Ալիեւի հետպատերազմյան միակ հանդիպումն այս տարվա հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում, Պուտինի միջնորդությամբ։ Շատերն են հիշում այդ տեսարանը, երբ Հայաստանի պարտված առաջնորդը գետնատարած դիրքով Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ մեկ սեղանի շուրջ էր։ Պարզ է, չէ՞, որ նա չէր կարող սեփական նախապայմանները կամ վերապահումներն առաջադրել իրեն հաղթած պետության ղեկավարին, որքան էլ ֆորմալ առումով կողմերը հավասար են։

Ավելին, ընդդիմադիրներին պատասխանելիս, նախկին նախագահներին անվանարկելիս առյուծ կտրող վարչապետը զարմանալիորեն լուռ է Ալիեւի անձնական վիրավորանքներին ի պատասխան։ Տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագան եւ հետագա իշխանավարումը կախված են հենց Ալիեւից, ավելի ճիշտ՝ նրա լռությունից, պատերազմին նախորդած բանակցությունների եւ բուն պատերազմի ընթացքի մասին տեղեկությունների չհրապարակումից, եւ այդ լռությանն արժանանալու համար Փաշինյանն ստիպված է հանդուրժել ամենօրյա հեռակա ստորացումները։

Պատմական մի ուշագրավ զուգահեռ կա, որը շատ տիպական կլիներ այս օրերի համար։ 1805 թվականին Աուստերլիցի ճակատամարտում ավստրիացիների եւ ռուսների նկատմամբ տարած փառահեղ հաղթանակից հետո ֆրանսիական կայսր Նապոլեոնն իր արտաքին գործերի նախարարին՝ դիվանագիտության հանճար Շառլ Մորիս Թալեյրանին, տանում է զոհված ֆրանսիացիների դիակների մոտ, ստիպում շնչել նրանց դիահոտը եւ ասում. «Սրանք Ֆրանսիայի լավագույն զավակներն են, եւ նրանք այլեւս չկան։ Նայե՛ք, Թալեյրա՛ն, զգացե՛ք մահվան այս շունչը եւ սարսռացե՛ք, Դուք խաղաղության մասին բանակցություններ եք վարելու մեր հակառակորդի հետ եւ պետք է իմանաք, թե ինչ գին է վճարվել այդ խաղաղության համար»։

Պատերազմից հետո ոչ միայն երկրի լավագույն զավակների նահատակության գինը գնահատող չեղավ, այլեւ նույնիսկ նրանց աճյուններն անարգվեցին, պարտության մեղքը դրվեց նրանց զինակիցների վրա, ապաշնորհ դիվանագետներն սկսեցին պնդել, թե բանակը պարտվել է, դիվանագիտությունը՝ հաղթել։ Իսկ սեփական զինվորի արյան ուրացումը դեռեւս ոչ մի ժողովրդի չի ներվել։ Գուցե այդ հարցում է՞լ է Նիկոլ Փաշինյանը ձգտում դառնալ աննախադեպ։

Դավիթ Սարգսյան