Նյութական պահանջներ՝ միայն ԼՂ-ն ճանաչելուց հետո

Նյութական պահանջներ՝ միայն ԼՂ-ն ճանաչելուց հետո

Անդրադառնանք այն կարճամտությանը կամ դիտավորյալ ձեռնածությանը, որով հայաստանյան լրատվադաշտում շրջանառում են Ալիեւի տխմարությունները, իբրեւ թե Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնված ադրբեջանական շրջանների ավերման հարցով Հայաստանին 50 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին։

Ոմանք պնդում են, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը Բաքվին հիմք է տալիս դա անելու: Նախ՝ հրադադարի հայտարարությունը միայն հայտարարություն է, ինչպեսեւ վերնագրված է նոյեմբերի 9-ի տեքստը: Այն որեւէ կարգի, որակի կամ տեսակի համաձայնագիր չէ: Մարդիկ պետք է հայտարարությունը համաձայնագրից տարբերեն:

Երկրորդ․ 1990-ականների ՄԱԿ-ի բոլոր բանաձեւերով, որոնց Ադրբեջանը հղումներ է կատարում զօրուգիշեր, ամրագրված է, որ «Լեռնային Ղարաբաղի հայ անջատողականներն» են Ադրբեջանից գրավել տարածքներ:

Այդ հայ անջատողականներն էլ հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ալիեւը ցանկանո՞ւմ է փոխհատուցման պահանջներ ներկայացնել: Շատ բարի, կարող է դա ուղղել բացառապես ԼՂՀ իշխանություններին, ում վերահսկողության ներքո գտնվել են այդ շրջանները։ Բայց դրա համար պետք է պաշտոնապես ճանաչի ԼՂՀ իշխանությունների լեգիտիմությունը, ընդունի Արցախի ինքնիշխանությունը, հետո էլ միջազգային սահմանված ընթացակարգերով պահանջներ ներկայացնի: Երբ այդքանը կանի, այն ժամանակ էլ կխոսենք:

Հայաստանը երբեք ԼՂՀ տարածքների հետ գործ չի ունեցել՝ ո՛չ իրավական առումով, ո՛չ վարչական, ո՛չ քաղաքական,եւ Ալիեւի տեղեկատվական լոլոներով պետք չէ խնդրին չտիրապետող մարդկանց վախեցնել: