«Իմ քայլը» խմբակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի․ Արմեն Բադալյան

«Իմ քայլը» խմբակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի․ Արմեն Բադալյան

Ադրբեջանին ԼՂՀ տարածքի մեծ մասի փոխանցման, հրադադարի հաստատման համաձայնագրի, ընդդիմադիր ուժերի կողմից իշխանությունների հրաժարականի պահանջի թեմայով «Հրապարակը» խոսել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։


-Ըստ Ձեզ հնարավո՞ր է ինչ-որ փոփոխություններ կատարել այս համաձայնագրի կետերում, որ ավելի լավ իրավիճակ ստեղծվի, քան այս համաձայնագրով է։

-Չեմ կարծում, որովհետև սա արդեն Ռուսաստանի կողմից հաստատված է, Հայաստանի իշխանությունները բնականաբար որևէ փոփոխության չեն գնա, որովհետև Ռուսաստանի կողմից ամենայն հավանականությամբ հենց պարտադրվել է սա։ Ոնցոր կա, այդպես լինելու է, Հայաստանը բոլոր շրջանները զիջելու է։  

-Իսկ իշխանության փոփոխությամբ հնարավո՞ր է, որ չեղարկվի այս համաձայնագիրը։

-Ոչ, չի կարող, որովհետև Ռուսաստանը թույլ չի տա։ Ռուսաստանն այլևս դա թույլ չի տա։

-Այսինքն՝ որևէ նախադրյալ չե՞ք տեսնում թեկուզ հրաժարականի պարագայում։

-Չէ, հրաժարական կլինի, չի լինի, թե կգա ինչ-որ մի իշխանություն, ինչ կուզի անել, Ռուսաստանն խիստ դրել է՝ «այսպես պետք է լինի», իսկ Ադրբեջանն ուժեղ է, Ադրբեջանը կարողացավ հաղթել։ Հիմա ինքը ուժեղ է, թե դավադրաբար հանձնվեց Շուշին, այնուամենայնիվ Ռուսաստանը պահանջել է «այսպես պետք է լինի»։ Հիմա եթե իշխանափոխություն կլինի, մեկ այլ իշխանություն կգա, իրադարձությունները կլինեն, արդեն չեմ կարող գուշակել, բնականաբար գուշակությամբ չեմ զբաղվում։ Բայց այս պահի դրությամբ, ինչպես հասկանում եմ, Ռուսաստանը խիստ դրել է այս պահանջը՝ «Սա պետք է լինի, և վերջ»։  

-Ընդդիմադիր ուժերը հանրահավաքներ են անում, ի՞նչ քաղաքական կանխատեսումներ ունեք իրավիճակի հետ կապված։ 

-Հանրահավաքով իշխանափոխություն չեն անում, իշխանափոխություն անում են քաղաքացիական անհնազանդության միջոցով կամ ընտրությունների միջոցով։ Հանրահավաքով երբեք Հայաստանում իշխանություն չի փոխվել։ Իշխանությունը փոխվում է կամ պալատական հեղաշրջման միջոցով, ինչպես 1998 թվականին տեղի ունեցավ, կամ ժողովրդավարական երկրներում հերթական կամ արտահերթ ընտրությունների դեպքում, իսկ հերթական ընտրությունները 2023 թվականին են, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե ունես առնվազն 150-200 հազար աջակցող մարդ, որ պատրաստ են ինչ-որ քաղաքացիական անհնազանդություն իրականացնել, ինչպես եղավ 2018 թվականի մայիսին; Իսկ արդյո՞ք ընդդիմությունն այդքան կողմնակիցներ ուներ, այսինքն՝ կա՞ Հայաստանում 200 հազար մարդ, որ ուզում է, որ Ղարաբաղն ավելի դրական կարգավիճակով լինի։

-Ընթացքին, որ հետևում եք, ի՞նչ նախադրյալներ եք տեսնում։   

-Չեմ կարող գուշակել, և ասել, որ նախադրյալններն այնպիսին են, որ կարող է գնալ իշխանափոխության։ Ասեմ․ եթե կկարողանան քաղաքացիական անհնազանդություն իրականացնել տեխնոլոգիաներով, որ կիրառվեցին 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին, գուցե ինչ-որ հաջողություններ կունենան։ Բնականաբար համապատասխան քարոզարշավի միջոցով, ոչ թե ասենք՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին»։ Միայն դա չի աշխատի։ Բայց եթե եղան համապատասխան տեխնոլոգիաները՝ քաղաքական գաղափարների պահպանմամբ, միգուցե հաջողություն էլ լինի, ես չեմ կարող գուշակել, կիրականացնե՞ն, թե՞ չէ, դա էլ չգիտեմ, իրենք են ընդդիմադիր ուժերը, իրենք են որոշում։ 

-Իսկ փաստաթղթի, որ նայում եք, հարցեր ունե՞ք դրա հետ կապված։

-Չէ, անհասկանալի չէ։ Ինձ համար հասկանալի է, որ Ռուսաստանը հաղթեց, որովհետև ինքը թեկուզ 5 տարով խաղաղպահ զորքի անվան տակ մտավ այդ տարածք, ամեն ինչ կանի, որ որոշակի թվով հայեր լինեն, և միշտ որոշակի թվով հայեր կլինեն, և դա թույլ կտա Ռուսաստանին անընդհատ իր խաղաղապահ զորքը պահել։ Նա Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համապատասխան լծակներ ունի, որպեսզի 5 տարի հետո էլ երկարացվի, հետո 5 տարի էլ երկարացվի, խաղաղապահը բավականին երկար մնա։ Այսինքն՝ փաստաթուղթը ցույց տվեց, որ Ռուսաստանը հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Թուրքիան ինչ-որ չափով հաղթում էր այս պահին, բայց ոչ ամբողջովին, չնայած որ ինքն Ադրբեջանին կներկայացնի պահանջը, որովհետև եթե Թուրքիայի աջակցությունը չլիներ, Ադրբեջանը չէր հաղթի։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան Ադրբեջանին կներկայացնի իր պահանջը, ենթադրում եմ, և պարտվեց Հայաստանը։

-Ի՞նչ պահանջ Թուրքիան կներկայացնի։

-Ադրբեջանում ռազմական բազաներ բացել, որովհետև Ադրբեջանը գտնվում է իր վերահսկողության տակ։ Իհարկե, խաղաղապահները, ոմանք նշում են՝ հատկապես ռուսաստանցի վերլուծաբանները, որ ռուսաստանցի խաղաղապահների առկայությունը միգուցե թույլ տա Իլհամ Ալիևին մի քիչ չեզոքություն պահպանել Թուրքիայի հետ։ Բայց կարծում եմ, որ այդպես չի լինելու։ Թուրքիան ամբողջովին Ադրբեջանը վերցնելու է իր վերահսկողության տակ, իսկ դա ռազմական բազաների բացումն է Նախիջևանում, Գյանջայում, Կասպից ծովի վրա ռազմածովային բազայի ստեղծումը։ Կարծում եմ՝ Թուրքիան դա կպահանջի, հասնելու է նրան, որ Ադրբեջանում լինելու է թուրքական, ռուս-թուրքական դիտորդական խումբ, այսպես ասենք, որը Թուրքիայի հնարավոր ներմուծումն է Ադրբեջան։  Թուրքիան պահանջը կներկայացնի Ադրբեջանին, ենթադրում եմ, որ Ադրբեջանը կհամաձայնի Թուրքիայի այդ պահանջին։ Այսինքն՝ արդյունքում Թուրքիան էլ հաղթող կլինի, միակ պարտվող կողմը Հայաստանն էր իր քաղաքական ղեկավարների պատճառով։ Փաստաթուղթն այսպիսին էր։ Իսկ ինչ վերաբերում է առանձին կետերին, հստակություն չկա, դա նույնպես օգուտ է Ադրբեջանին։ Որովհետև եթե հստակ չէ, ինչ ուզում, անում է, Հայաստանի համար այդ անհստակությունը վնաս է, որովհետև հայկական կողմը պարտված կողմն է, կապիտուլյացիայի ենթարկված կողմն է, ինքը չի կարող ինչ ուզել-անել։ Որովհետև այնտեղ Հադրութի և Շուշիի շրջան, վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի դիվանագիտությունը պետք է փորձի ինչ-որ քայլեր անել Հադրութը Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու համար։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անգամ չկա, Իլհամ Ալիևն ասել է՝ «Լեռնային Ղարաբաղում լինելու է ընդամենը մշակութային ինքնավարություն» և վերջ, իսկ մշակութային ինքնավարության մեջ չի կարող Հարդութի շրջանը մտնել։ Ենթադրում եմ, որ Հադրութի շրջանն այս պահի դրությամբ (ես չեմ կարող ասել՝ հետո ինչ կլինի) ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ասենք՝ Ղազախի շրջանը։ Այն ոչ մի տարածքի մեջ չի մտնում, ուղղակի ենթարկվում է կենտրոնական իշխանություններին։ Ենթադրում եմ, որ Շուշին ու Հադրութն ուղղակիորեն ենթարկվելու են Բաքվի կենտրոնական իշխանություններին, և այնտեղ բնակեցվելու են ադրբեջանցիներ։ Իհարկե, չպետք է համարենք, որ հայկական պետությունն ավարտվեց։

-Բայց քաղաքական ուժերը նշում են, որ ելք կա, դեսպան Միքայել Մինասյանն այսօր գրել էր, որ դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել։ Ի՞նչ հիմքի վրա են մտածում, որ ինչ-որ ելք կա։

-Լսե՞լ եք, որ ասում է՝ «Խեղդվողը ձեռքը փրփուրից է գցում»։  Սա շատ ուժեղ հարված էր, շատ ուժեղ հարված էր, «նոկաուտ» էր, բայց «նակդաուն» չէր։ Ես հիմա, որ նայում ու լսում եմ հայակական տեղեկատվական դաշտը, այնպիսի տպավորություն է, որ մահացած ենք, գերեզմանի մեջ պառկած ենք, մնացել է քարը քաշելը։ Ոչ, այդպես չէ, շատ ուժեղ հարված էր, դաժան հարված էր, ու կարող է ավելի լինել, բայց սա մահացու հարված չէր։ Շատ ուժեղ խփեցին, շատ ուժեղ խփեցին-գցեցին գետնին, բայց դեռ չենք մահացել։ Առաջինը, պետք է հասկանալ՝ ինչ են ուզում, հասարակությունը պատկերացում ունի՝ ինչ է ուզում։ Ինչ ուզելու համար բնականաբար իշխանության հետ կապված խնդիրներն են։ Երբ որ իշխանությունները կփոխվեն (եթե Հայաստանում իշխանություններ փոխվեն), նոր իշխանությունը կարող է շատ բան փոխել։ Մի՛ մտածեք, որ այս կնքված պայմանագիրը հայ ժողովրդի պատմության մեջ ամենաամոթալի, ամենաողբերգական պայմանագիրն է եղել, չէ, ավելի վատերն էլ են եղել։ Շատ ավելի վատ պայմանագրեր էլ են եղել՝ Ալեքսանդրապոլի պայմանագիր, միջնադարում տարբեր տեսակի պայմանագրեր, բազմաթիվ վատ պայմանագրեր եղել են։ Բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը դրանով վերացավ։ Պետք է հասկանաս ինչ ես ուզում, դրա համար պետք է լինի ադեկվատ իշխանություն, որը ոչ միայն պրեմիաներ է բաժանում։ Ի՞նչ ցույց տվեց նաև այս պայմանագրի կնքումը․ ցույց տվեց, որ իշխող քաղաքական «Իմ քայլը» խմբակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Այնտեղ պերմիաներ ստացող մարդկանց խումբ է, ոչ թե քաղաքական իշխանություն։ Որովհետև ոչ մեկը չհամաձայնվեց դեմ դուրս գալ այս պայմանագրին, ոչ մեկը։ Իսկ դա նշանակում է, որ ժամանակին նշում էին, թե բր այնտեղ անհնազանդներ կան և այլն, չկան անհնազանդներ․ 100 տոկոսով  խմբակցությունը վարչապետի հսկողության տակ է գտնվում, 100 տոկոսով։ Ինչ ուզի վարչապետը կանի, խմբակցությանը ոնց ուզի քվեարկել կտա։ Բոլորը տոտալ վախենում են, չնայած եկել էին որպես «դեմոկրատներ»։ Պայամանգրի կնքումը նաև սա ցույց տվեց։ Բայց ամենակարևոր խնդիրն այն է, թե իշխանափոխությունից հետո պետությունն ինչ զարգացում է ունենալու։ Պետք է հասկանաս՝ ինչ իշխանություն ես ուզում, ինչ ապագա ես ունենալու։ Ծանր հարված էր, բայց մահացու չէր, շատ բան կարելի է անել, անգամ այս պայմաններում, բայց թիվ 1 խնդիրն իշխանության հարցն է։ Մինչև այս հարցը չլուծվի, այլևս ոչինչ չես կարող անել։ Բայց ևս մեկ բան կա, որ այս պայմանագիրը ցույց տվեց, որ հայկական պետությունը գոյություն ունի ի շնորհիվ այս 102-րդ ռազմական բազայի։  Ռուսական բազայի առկայությունն էր, որ հայկական պետության համար երաշխիք էր, առանց այդ բազայի հայկական պետությունը երաշխիք չուներ, պատերազմը սա ցույց տվեց։ Որովհետև եթե բազան չլիներ, Թուրքիան ուղղակի կես ժամում Հայաստանը վեարցրել էր։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող այն կոմպլիմենտար, բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը վարել։ Հայաստանը գտնվելու է Ռուսաստանի խիստ հսկողության ներքո։ Սրանից հետո արդեն ժողովուրդը կմտածի ում ընտրել իշխանություն, ում՝ ոչ, իսկ սա հետևանք էր ոչ թե վերջին 2․5 տարվա կատարավածի, իհարկե 2․5 տարում շատ մեղքեր են կատարվել։ Հիշո՞ւմ եք, որ 1995 թվականին սկսեցին ընտրությունները կեղծել, այդտեղից հիմք դրվեց այդ պարտությանը։ Այ էդ օրվանից, հետո 1996, 1998, 2003, 2008, 2013, 2017, բոլոր կեղծված ընտրությունների հետևանքը սա էր։