Ի՞նչ են հուշում խորհրդանիշները

Ի՞նչ են հուշում խորհրդանիշները

Երկար եմ մտածել Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Անկախություն» շարժման վերաբերյալ այս, արդեն երկրորդ, հոդվածի վրա: Առաջինում ներկայացրել էի շարժման հաջողության դեպքում (հրաշքով) մահապարտ վարչապետի տեսլականը: Այսօր ցանկանում եմ վերլուծել շարժման գաղափարական հենքը՝ խորհրդանշային համակարգը: Որովհետև իմ կողմից իրապես հարգված Էդգար Ղազարյանի գաղափարն ամբողջությամբ խորհրդանշական բնույթ ունի: Իսկ խորհրդանշանները, էզոթերիկան այն բնագավառն է, որ երկար տարիներ գրավել էր ինձ:  

Ինչևէ, անցնենք «Անկախություն» անվանումը կրող շարժման գաղափարական վերլուծությանը: Շարժումն, ըստ նախաձեռնողի, հիմնված է պետականաստեղծ խորդանիշների վրա: Առաջինը հենց շարժման անվանումն է՝ Անկախություն: Հիշեցնեմ, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեին մասնակցեց ձայնի իրավունք ունեցողների (2 163 967 անձ) 95,05%-ը, անկախությանը կողմ քվեարկեց մասնակիցների 99,51%-ը: Անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե որքան կողմ ձայն կհավաքվեր, եթե հանրաքվեն տեղի ունենար մեր օրերում: Վերջին մեկ-երկու տարում մեր ժողովրդին ու պետությանը պատուհասած այդքան փորձանքներից հետո: Ասածս այն է, որ այսօրվա պայմաններում խիստ կասկածելի կարող է լինել անկախության գաղափարի վրա հիմնված շարժման հաջողությունը:   

Երկրորդ խորհրդանիշը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23-ին, ՀՀ կառավարության շենքի նիստերի դահլիճում Գերագույն խորհրդի (ԳԽ) կենդանի մնացած (ավելի քան 150) անդամների կողմից հավաքի անցկացումն է: Դա խորհրդանշական է, քանի որ 32 տարի առաջ հենց այդտեղ է Գերագույն խորհրդի կողմից ընդունվել Անկախության հռչակագիրը: Շարժումը պետք է ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հռչակման օրը: Այդ օրը Փաշինյան Նիկոլը պետք է հրաժարական ներկայացնի: ՀՀ քաղաքացիներից պահանջվում է, որպեսզի օգոստոսի 23-ին իրենք ներկա լինեն Հանրապետության հրապարակում:

Բայց Փաշինյան Նիկոլը հակաքայլ է արել ու խանգարել երկրորդ խորհրդանիշի կյանքի կոչմանը: Դեպի դահլիճ տանող շենքի մուտքը փակվել է իբրև թե մուտքին կից բորդյուրները վերանորորգելու նպատակով: Ի դեպ, դա սպասելի էր. ներքին ընդվզումներից մեկի ժամանակ ընկերոջս ասացի, որ եթե ես լինեի իշխանության տեղը, Ազատության հրապարակի ասֆալտը վերանորոգելու պատրվակով քանդել կտայի, որպեսզի խոչընդոտեի հանրահավաքների անցկացմանը:

Մի քանի օր անց հենց այդպես էլ արեցին: Դա ոչ թե իմ գաղափարն էր, որ հասավ իշխանությանը, այլ այն պարզ ճշմարտության դրսևորումը, որ խնդրի լուծումը՝ տվյալ դեպքում հանրահավաքների անցկացմանը խոչընդոտելը, գտնվում է՝ եթե փորձում ես այն գտնել: Նույնն էլ փաստորեն արեց Փաշինյան Նիկոլը:

Էդգար Ղազարյանը ստիպված եղավ ԳԽ պատգամավորների հանդիպումը տեղափոխել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն։ Վերջինս գտնվում է Հանրապետության հրապարակից մի քիչ ներքև: Եվ մարդիկ կրկին կարող են հավաքվել նշված հրապարակում: Սակայն դրանով չեղարկվեց երկրորդ խորհրդանշանը: Երկրորդ չեղարկումը՝ դեռևս խոսքի մակարդակում, ԳԽ առաջին գումարման պատգամավոր Սեյրան Ավագյանի այն միտքն էր, որ «Գերագույն խորհուրդը կապ չունի փողոցային պայքարի հետ»: Չնայած է. Ղազարյանը, դասական իմաստով, փողոցային պայքար չէր նախաձեռնում, սակայն հրապարակում հավաքված բազմությունը պետք է լիներ ոչ թե պասիվ կամ չեզոք հանդիսատեսի դերում, այլ ունենար ակտիվ դերակատարում: Եվ եթե Սեյրան Ավագյանը ներկայացնում էր ոչ թե զուտ անձնական, այլ, մեծ հաշվով, ԳԽ պատգամավորների տեսակետը, ապա հարցականի տակ է ընկնում հրապարակվում հավաքվելիք բազմության դերակատարումը: Ի դեպ, ես չեմ հիշում, որ ԳԽ կենդանի մնացած պատգամավորների մեծ մասը ներառված լիներ Փաշինյան Նիկոլի իշխանության դեմ ծավալված փողոցային շարժումներում:

Առաջին խորդանշանի կասկածելի լինելու և երկրորդի չեղարկման պայմաններում երրորդի ազդեցությունն ընկնում է հարցականի տակ: Երրորդը, հիշեցնեմ, սեպտեմբերի 21-ի հանրահավաքի օրն է: Բայց այդ օրվա համար չի ենթադրվում որևէ ակտիվություն՝ այդ օրը մենք պետք է արթնանայինք առանց վարչապետի պաշտոնում Փաշինյան Նիկոլի առկայության: Ինչ մնում է Փաշինյան Նիկոլին հրաժարական դրդելու սահմանադրական երեք ճանապարհներին, ապա երեքն էլ, կրկին, խիստ կասկածելի են այսօրվա Հայաստանում: Խոսքը գնում է ինքնահրաժարականին, դատախազության կողմից նրա դեմ քրեական գործ հարուցելուն և Ազգային ժողովի մեծամասնության կողմից նրան անվստահություն հայտնելուն: Ես ուրախ կլինեի, ես սխալված լինեմ, բայց հենց խորդանշանային համակարգում գաղափարն արդեն հարցականի տակ է: 
Եվս մեկ՝ շարժման հաղթանակի դեպքում վարչապետի ով լինելու հարցի պատասխանը ևս ընդունելի չի կարող լինել խորհրդանշանային համակարգում: Հիշեցնեմ, որ այդ հարցին հնչել է այսպիսի պատասխան՝ վարչապետի թեկնածուն կարող եմ լինել ես, եթե Ազգային ժողովի մեծամասնությունը չընտրի իր միջից մեկին: Պատմությունը միշտ կերտել են և շարունակում են կերտել անհատները՝ լինեն դրանք Արամ Մանուկյան և թե նիկոլներ: Շարժման նախաձեռնողը պետք է հենց էն գլխից իրեն պատկերացնի ոչ միայն շարժման ղեկավարի, այլև, մեր դեպքում, վարչապետի պաշտոնում: Հատկապես, որ, ինչպես ասվեց, հարցազրույցի պահին էլ մտքում տեսնում է հրապարակում հավաքված բազմահազար ժողովրդին: