Պացիֆիզմը՝ որպես ՔՊ-ի պաշտոնական գաղափարախոսություն

Պացիֆիզմը՝ որպես ՔՊ-ի պաշտոնական գաղափարախոսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, նախկինում առողջապահության նախարար, Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, իսկ ներկայումս ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ գործող իշխանության նոր գաղափարախոսությունը`պացիֆիզմ: Հայաստանի իշխանությունը վերջին մեկուկես տարում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերվում է այդ գաղափարախոսության նարատիվներով: Պացիֆիզմը հայերեն թարգմանվում է խաղաղասիրություն, խաղաղության ձգտում` ամեն գնով, հրաժարում ուժի կիրառումից, ինքնապաշտպանությունից, որովհետեւ բռնությունը, սպանությունը որեւէ արդարացում չունեն: Միայն թե Արսեն Թորոսյանի եւ «Քաղաքացիական պայմանագրի» պացիֆիզմը գաղափարական չէ, այլ՝ ընտրողաբար: Նախկինում իրենք թունդ հայրենասեր ու ռազմատենչ էին, պատերազմով սպառնացող եւ հաղթողին քաջալերող, հիմա՝ անմնացորդ պացիֆիստ:

«Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը»,- գրել է Արսեն Թորոսյանը՝ նկատի ունենալով, որ հանուն խաղաղության պետք է համաձայնել թշնամու ցանկացած պահանջի հետ, կատարել նրա թելադրած ցանկացած նախապայման։ Թշնամին ուզում է՝ Արցախը պետք է հանձնել, ուզում է Սյունիքը՝ խնդրեմ, ուզում է Հայաստանը՝ ոչ մի խնդիր. ի վերջո, խաղաղությունը գին չունի: 

Արսեն Թորոսյանը, իհարկե, կեղծում է, երբ ասում է, որ խաղաղությունը գին չունի, նրա եւ «Քաղաքացիական պայմանագրի» համար գին չունի հայրենիքը, իսկ խաղաղության գինն իշխանությունն է: Թորոսյանը եւ փաշինյանական ամբողջ իշխանությունը հիմա պացիֆիստ են դարձել, քանի որ նրանց համար խաղաղության գինն իշխանություն պահելն է: Թորոսյանը հասկանում է, որ եւս մեկ պատերազմ եւ եւս մեկ պարտություն, ինքը կկորցնի իշխանություն լինելու հաճույքը, կկորցնի շարքային քաղաքացիների հարկերի հաշվին ապրելու, հանրային միջոցները տնօրինելու, իշխանության ընձեռած բարիքներից օգտվելու արտոնությունը:

Ինչո՞ւ Թորոսյանը խաղաղություն չէր քարոզում մինչեւ պատերազմը եւ իր ներկայացրած իշխանության կողմից Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին բերած աղետը: Խաղաղություն չէր քարոզում, որովհետեւ մինչեւ պարտությունը խաղաղասեր խաղալու կարիք չկար: Երբ Փաշինյանը լուսանկարվում էր ռուսական ՍՈՒ 30-ների ֆոնին, այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չէր գրում կյանքի անգին լինելու, չէր խոսում խաղաղության անգին լինելու մասին, երբ Փաշինյանը ոգեւորված խրախուսում էր տավուշյան մարտերի մասնակից հայ զինվորներին եւ սպաներին, խաղաղության մասին չէր գրում պատերազմի օրերին, երբ Փաշինյանը ռազմաշունչ կոչեր էր անում եւ հարյուր հազարավոր մարդկանց կոչ անում գնալ ռազմաճակատ: Ինչո՞ւ պետք է այն ժամանակ նա խոսեր խաղաղությունից, եթե հույս ուներ, որ այդ մարդկանց արյան ու մահերի վրա է պահելու իր իշխանությունը, որ այդ հազարները զոհվում են, իսկ տասնյակ հազարները՝ վիրավորվում,  հաշմանդամ դառնում, որ ինքն առողջապահության նախարար աշխատի ու տնօրինի առողջապահության համակարգին հատկացված հարյուր միլիարդավոր պետական միջոցներ:

Փաշինյանը, Թորոսյանը, մյուս ՔՊ-ականները հիմա են պացիֆիստներ դարձել, քանի որ Ալիեւը նրանց սպառնում է նոր պատերազմով, իսկ իրենք պատերազմ չեն ուզում: Իրենք իշխանություն են ուզում եւ պատրաստ են հանուն այդ իշխանության կատարել Ալիեւի ցանկացած պահանջ: Ուզեց Ադրբեջանը՝ Գորիս-Կապան ճանապարհը տվել են, առանց մի կրակոցի հանձնել են Հայաստանի տարածքի մի մասը, որովհետեւ իրենց համար խաղաղությունը գին չունի: Ադրբեջանը պահանջում է զորքերը հանել Արցախից եւ արցախցուն թողնել անպաշտպան՝ կրկին ոչ մի խնդիր, իրենք դա կանեն ամենասեղմ ժամկետում եւ կներկայացնեն համապատասխան երաշխիքներ: 

Երբ Թորոսյանը խոսում է խաղաղության անգին լինելու մասին եւ քարոզում պացիֆիզմ, նրա քարոզն ուղղված է նաեւ ներքին լսարանին: Թորոսյանն իր եւ ՔՊ-ի իշխանությանը սպառնացող վտանգ է տեսնում ոչ միայն Ալիեւից: Նա հասարակությանը կոչ է անում համակերպվել նաեւ Փաշինյանից եկող սպառնալիքի հետ: Ձեր կյանքն անգին է, մի վտանգեք այն Փաշինյանի բռնապետության դեմ պայքարում. ասում է Թորոսյանը: Մհեր Եղիազարյանը, Մանվել Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը եւ բազմաթիվ այլ մարդիկ դեմ դուրս եկան Փաշինյանի իշխանությանը եւ սպանվեցին: Թորոսյանի տրամաբանությամբ՝ նրանք այդպես էլ չհասկացան, որ կյանքն անգին է, որովհետեւ եթե հասկանային, ապա իրենց կյանքը վտանգի չէին ենթարկի բռնապետության տապալման դեմ պայքարում:

Արսեն Թորոսյանը Հայաստանի եւ հայ ժողովրդի 90-ականների սկզբի հաղթանակը վերցնում է չակերտների մեջ՝ դրանով ծաղրելով ու քամահրանքով վերաբերվելով այդ հաղթանակին: Դա ի՞նչ հաղթանակ էր որ: Հաղթանակն իրենցն էր, որ 4 հազարից ավելի զոհ տալով, երկիրը թշնամուն հանձնելով, պետությունը կործանելով՝ կարողացան մնալ իշխանության: ՔՊ-ի հաղթանակն իսկապես անհնարին էր թվում, որովհետեւ մի քանի հարյուր հոգով հաղթեցին երկուս-երկուսուկես միլիոն մարդու, մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ երկրի: Ու հիմա հաղթողի իրավունքով տնօրինում են այդ երկրի տարածքն էլ, մարդկանց ու ժողովրդի ճակատագիրն էլ:

Ավետիս Բաբաջանյան