Մեր օրերի բոլշեւիկները

Մեր օրերի բոլշեւիկները

Մեկ-երկու օր առաջ «Հրապարակը» նյութ էր հրապարակել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմում տիրող կուսակցականացման երեւույթի մասին: Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին (կկայանա 2023-ի աշնանը) ընդառաջ փոխթաղապետ Վարդան Բեկչյանն աշխատակիցներին կանչել է իր մոտ եւ պայման դրել՝ կա՛մ վերածվել ՔՊԿ-ականի, կա՛մ կորցնել աշխատանքը: Թեեւ նշված երեւույթը շատ նման է նախորդ տարիներին պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգերի հանրապետականացմանը, սակայն իր ապօրինությամբ այն ավելի շատ հիշեցնում է 100 տարի առաջվա բոլշեւիկներին: Ինչեւէ, այդ նյութն ընթերցելով՝ հիշեցի 2018 թվականին «Քաղպայմանագրի» անդամ դառնալու իմ անհաջող փորձը:

Աշնանային մի անձրեւոտ օր լրագրող Հովակիմյան Վահագնը (հետագայում ՔՊ-ական «ուսապարկերի» շրջանում սահմանադրագետի վերածված անձ) ինձ հրավիրեց կուսակցության գրասենյակ՝ առաջարկելով դիմում գրել: Այն գրելուց հետո գրասենյակի (Թումանյան փողոցում էր) առջեւի սրճարանում մեր կարճ խոսակցությունից իմացա, որ վեց թե ութ հազար մարդ դիմել է՝ կուսակցության շարքերն ընդունվելու համար: Եվ ինքը, որպես կուսակցաշինության պատասխանատու, ստիպված զբաղվում է թեկնածուների քաղաքական հայացքների, բարոյական նկարագրի եւ սոցիալական այլ չափումների գնահատմամբ: Ինձ թվաց, որ ես չեմ կարող լինել այդ ցուցակում՝ հաշվի առնելով նախկինների դեմ տարիների իմ պայքարը, Վահագնի եւ բազմաթիվ այլ նիկոլականների հետ ունեցած մտերմությունը: Էլ չեմ խոսում անձամբ Նիկոլի հետ ծանոթ լինելու ու նրա հետ շփվելու մասին: Բայց քանի որ ես այդպես էլ կուսակցական չդարձա՝ ենթադրում եմ, որ ամենալուրջ մոնիտորինգի տակ ընկել էի հենց ես: Այնպես որ, ես սխալվեցի իմ հաշվարկներում եւ չդարձա ՔՊԿ-ական: Իհարկե, ես այսօր ուրախ եմ, որ այդպես ստացվեց, բայց այն ժամանակ այլ կարծիքի էի:

Ի՞նչ է ստացվում՝ համարյա թե ամեն մի առանձին թեկնածուի վարքն ու բարքն ուսումնասիրող կուսակցությունից «Քաղպայմանագիրն» ընդամենը 4 տարվա ընթացքում վերածվեց կլասիկ  իշխանական կուսակցության: Ընդօրինակեց ոչ միայն նախկինների (հանրապետականների), այլեւ շատ ավելի հեռու նախկինների՝ բոլշեւիկների աշխատաոճը: Մարդկանց պարտադրվում է ընտրություն կատարել ՔՊ անդամ դառնալու կամ աշխատանքը կորցնելու հեռանկարի միջեւ:

Ճիշտ գողականների նման, որ մի մութ անկյունում դանակը դեմ տալով զոհին՝ ասում են՝ կյանքդ կամ քսակդ: Իսկ ինձ նմաններն այն ժամանակ միամիտ-միամիտ կարծում էին, որ մենք վերջապես ազատվում ենք նախկինների օրոք տիրապետող հոռի բարքերից: Չէ մի չէ: Ոչ միայն չազատվեցինք, այլեւ շատ ավելի խորն ընկղմվեցինք նույն կեղտի մեջ՝ էլ չասած Արցախի կորստյան, բազմահազար զոհերի ու հաշմված երիտասարդների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգների մասին: Ինչեւէ, որոշեցի իմանալ, թե այդ ում միջոցով է տվյալ շրջանում իրականացվում ՔՊԿ-ի բոլշեւիկացումը: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի էջում ներկայացված է փոխթաղապետ Վարդան Բեկչյանի կարճ կենսագրությունը: 2005-2021 թթ. նա եղել է «Վերիկոմ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, իսկ 2012–2022 թթ.՝ «Հայկ» համատիրության կառավարիչ։ 2022 թ. հուլիսի վերջին Հովակիմյան Արտակին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար նշանակելուց մի քանի օր անց նրա տեղակալ է նշանակվել Վ. Բեկչյանը։ 

Որոնումս ընդլայնեցի՝ փորձելով ավելին իմանալ մեր օրերի հակահերոսի մասին: Պարզվեց, որ նա եղել է ոչ միայն տվյալ վարչական շրջանի «Հայկ», այլեւ «Սիփան-1» եւ «Ղարս» համատիրությունների ղեկավար: Չգիտեմ՝ դա օրենքի հետ խնդիր ունի, թե ոչ, բայց տվյալ պաշտոնի ցածր աշխատավարձի խնդիրը լուծելու տարբերակ է: Ինչ վերաբերում է «Վերիկոմ» ՍՊԸ-ին, ապա տեղեկացա Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի ղեկավարի կողմից դրան 2020 թվականի համար տրամադրված՝ հեղուկ վառելիքի վաճառքի եւ ժամը 24.00-ից հետո առեւտրի կազմակերպման թույլտվությունների մասին: Բայց վստահ չեմ, թե դա նույն ՍՊԸ-ն է, քանի որ նույն անվանումով առեւտրային կազմակերպությունները Հայաստանում բացառիկ երեւույթ չեն: Բայց ամենահամեղ պատառը թողել եմ վերջում: Պարզվում է, որ Վարդան Լյովայի Բեկչյանը 2013-ին առաջադրվել է Երեւանի ավագանու ընտրությանը՝ ՀՀԿ-ի ցուցակով: Եվ բռնվեք աթոռից՝ առաջադրվել է 139-րդ համարի ներքո որպես կուսակցական: Փաստորեն, ՀՀԿ-ի դեմ պայքարի դրոշ բարձրացրած Փաշինյան Նիկոլը կամ նրա ենթակաները չեն խորշում սեփական կուսակցության թվակազմն ապօրինի միջոցներով համալրելու գործում օգտագործել նախկին հանրապետականներին: Հետաքրքիր է՝ տվյալ երեւույթն արդեն վերածվե՞լ է Երեւանի բոլոր վարչական շրջանները ներառող օրինաչափության, թե՞ ոչ: Եվ մեզ կհաջողվի՞ արդյոք մինչեւ Երեւանի ավագանու հերթական ընտրությունն այս իշխանությանն ուղարկել պատմության աղբարկղ:

ՀԳ. «Հրապարակը» գրել էր, որ նախկին թաղապետ Կարեն Հակոբյանն էլ էր «ՔՊԿ-ականացնում» աշխատակիցներին, բայց դա արվում էր զգուշորեն եւ հնարավորինս անաղմուկ: Նոր ղեկավարությունը որոշել է հրաժարվել ավելորդ ձեւականություններից եւ իշխող կուսակցությանը ծառայություն մատուցել ենթականերին պարտադրելու եղանակով: