Խախտելով տխուր ավանդույթները

Խախտելով տխուր ավանդույթները

Նախ ցավով նշենք, որ 94 տարեկանում կյանքից հեռացավ հայկական սպորտի բոլոր ժամանակների թիվ մեկ տիտղոսակիր, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, մարմնամարզության բացառիկ գրոսմայստեր, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը: Փառքի ու պատվի բազմիցս արժանացած հայ մարմնամարզիկի անունը, անկասկած, առանձին հարգանքով են հիշատակելու ե՛ւ ներկա, ե՛ւ ապագա սերունդները: Իհարկե, շատ կարեւոր է, որ ազարյանական ավանդույթներն արժանի շարունակություն ունենան:

Իսկ մարզական ստուգատեսներն անընդմեջ են, եւ դրանք առանձնահատուկ են ու վարկանիշային` եկող տարի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Եվ կարելի է պատկերացնել, թե որքան լարված, սուր պայքարում են ընթանում: Մասնավորապես, այս օրերին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում ծանրամարտի աշխարհի հերթական` 88-րդ  առաջնությունն է ընթանում՝ 120 երկրի 719 մարզիկների մասնակցությամբ: Հայաստանն առաջնության մեկնարկում ունեցավ առաջին մրցանակակիրը՝ 57 կգ քաշային, Եվրոպայի 20-ամյա չեմպիոն Գոռ Սահակյանը: Երկամարտի (պոկում եւ հրում վարժություններ) գումարով նա ցույց տվեց 312 կգ արդյունք (142+170 կգ), գրավեց երրորդ տեղը եւ նվաճեց բրոնզե մեդալ, իսկ պոկում վարժության համար` արծաթե:

Ծանրորդների՝ մրցավեճն ավարտելուն պես էստաֆետը կփոխանցվի հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբիշներին, որոնք Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ են հանդես գալու, այն Ալեքսանյանի, ով, փաստորեն, առայժմ միակն է Հայաստանի մարզիկներից, որ 21-րդ դարում արժանացել է նման պատվավոր տիտղոսի: Այս տխուր ավանդույթը խախտելու ձգտում ու վճռականություն դրսեւորող մարզիկները քիչ չեն: Իսկ թե ում բախտ կվիճակվի՝ հասնելու Արթուրի ցուցանիշին, ցույց կտա փարիզյան մրցասպարեզը:
Աշխարհի առաջնությունների մասին խոսելիս անկարելի է շրջանցել բասկետբոլի 19-րդ ստուգատեսը, որն անցկացվեց միաժամանակ 3 երկրում ` Ճապոնիա, Ֆիլիպիններ, Նոր Զելանդիա: Հատկանշական է, որ հենց մեկնարկի խաղում, բոլորի համար անսպասելի, ԱՄՆ հավաքականը` չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդը,104:109 հաշվով պարտություն կրեց լիտվացիներից: Ճիշտ է, հաջորդ խաղերը շահեցին եւ իրավունք ստացան շարունակել պայքարն ուժեղագույնի կոչման համար: Առաջնության կիսաեզրափակչում ԱՄՆ-ի մրցակիցներն էին գերմանացիները, մյուս զույգը Կանադայի եւ Սերբիայի բասկետբոլիստներն էին: Եվ ի՞նչ՝ ամերիկացիները կրկին պարտվեցին, այս անգամ` 111:113 հաշվով: Գերմանացիների մրցակիցը եզրափակչում դարձավ Սերբիայի թիմը, որը 98:86 հաշվով հաղթեց կանադացիներին: Ամերիկացիները 3-րդ տեղի համար խաղում էլ, մրցելով կանադացիների հետ, պարտություն կրեցին՝ 118:127 հաշվով: Մեկ մրցաշարում երեք պարտություն` ո՞ւմ մտքով կանցներ նման բան: 

Առաջին անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեցին գերմանացի բասկետբոլիստները, որոնք վճռական խաղում 83:77 հաշվով հաղթեցին սերբերին: Չի կարելի ուրախությամբ չնշել, որ բասկետբոլի աշխարհի հաջորդ` 2027 թ․ առաջնության նախնական խաղերին առաջին անգամ մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանու առաջին մրցակիցները կլինեն Ավստրիայի եւ Ալբանիայի թիմերը: Ահա այդ ընտրական մրցաշարի օրացույցը. 2024 թվականի փետրվարի 22-ին` Ավստրիա-Հայաստան, փետրվարի 25-ին` Հայաստան-Ալբանիա, նոյեմբերի 24-ին` Հայաստան-Ավստրիա, 2025 թվականի փետրվարի 20-ին` Ալբանիա- Հայաստան: Ընտրական փուլի խաղերին կմասնակցի 10 ազգային թիմ, որոնք ներկայացնելու են 3 ենթախումբ: Հաջորդ մրցափուլին մասնակցելու ուղեգրեր կնվաճեն առաջին տեղեր գրաված թիմերն ու լավագույն ցուցանիշ ունեցող երկրորդ տեղում հայտնված հավաքականը:
Ստացվեց այնպես, որ նույն օրը` սեպտեմբերի 8-ին, Հայաստանի ֆուտբոլի գլխավոր ընտրանին եւ 21 տարեկանների թիմն անցկացրին Եվրոպայի առաջնության ընտրական մրցափուլի խաղեր, ընդ որում՝ եթե գլխավոր հավաքականի համար դա թուրք ֆուտբոլիստների հետ պատասխան խաղն էր՝ Էսքիշեհիր քաղաքում, ապա երիտասարդների համար մեկնարկային մրցամարտն էր ալբանացիների հետ՝ Երեւանում:

Բնականաբար, բոլորիս հետաքրքրում էր ենթախմբում առաջին երկու տեղերը զբաղեցնողների պատասխան հանդիպումը: Դաշտի տերերն այս անգամ աչքի ընկան ոչ այնքան հասուն խաղով, որքան ամեն գնով առավելության հասնելու համառ ձգտումով: Չստացվեց, քանի որ մեր տղաները ջանք ու եռանդ չխնայեցին՝ չեզոքացնելու մրցակցի սպասելիքները: Խոստովանենք, որ մի քանի անգամ էլ հյուրերի բախտը բերեց` շատ հարմար դիրքերում թուրքերի վճռական հարվածները շեղ էին ստացվում: Իսկ երբ առաջին խաղակեսում գրանցվեց գոլազուրկ հաշիվ, մեր ֆուտբոլիստների վստահությունը սեփական կարողությունների նկատմամբ մեծացավ, եւ պատահական չէ, որ ընդմիջումից 4 րոպե անց Թիկնիզյանը սլացիկ նետվեց առաջ՝ հիանալի փոխանցում կատարելով դեպի դաշտի տերերի տուգանային հրապարակը, եւ Դաշյանը դիպուկ հարվածով գրավեց թուրքական դարպասը: Հետո դաշտի տերերի բախտը, այնուամենայնիվ, բերեց: 88-րդ րոպեին նրանք պատասխան գոլով խուսափեցին պարտությունից: Այդուհանդերձ, ոչ-ոքին, կարելի է ասել, հաջողություն է, եւ դա չի կարող չուրախացնել հայկական ֆուտբոլի երկրպագուներին: Չէ՞ որ առաջին անգամ մեր տղաները թուրքերին զրկեցին հաղթանակի հաճույքից:
Ինչ վերաբերում է մեր 21-ամյա ֆուտբոլիստներին, ապա նրանք բազում տեխնիկական վրիպումներ թույլ տվեցին, եւ ալբանացիներն առանց մեծ դժվարության 2 անգամ գրավեցին դաշտի տերերի դարպասը: Ճիշտ է, ընդմիջումից Տարախչյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն՝ միայն այսքանը: Մեկնարկային խաղում պարտություն գրանցվեց՝ 1:2 հաշվով: Բնավ զարմանալի չէ, որ նման պրիմիտիվ խաղից հետո երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

 Միսակ Նազարյան