Հիմա էլ մարտի են գնում ծերուկները

Ալենը փորձեց՝ չկարաց, Նիկոլը փորձեց՝ չկարաց… Չէ, սկզբում Նիկոլը փորձեց՝ չկարաց, հետո Ալենը փորձեց՝ չկարաց, վերջը գեներալ Գագիկը (Գուրգենը) վերցրեց ու փորձեց: Եվ հիմա, նստած, անհամբեր սպասում եմ, թե ՌԴ ԱԳՆ-ից ինչ են ասելու գեներալ Գագիկին (Գուրգենին): Հայաստանի ապագան այժմ արդեն կախված է այդ պատասխանից: Մինչդեռ գեներալ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը, կարելի է ասել, փթանոց մեղադրանքներ է հնչեցրել՝ ոչ ավել ոչ պակաս, աշխարհի թիվ մեկ դիվանագետի՝ Սերգեյ Լավրովի հասցեին, իսկ Լավրովը եթե նկատում է, նման բաներն անպատասխան չի թողնում:
Ինչեւէ՝ գեներալ Մելքոնյանն ասել է, որ «Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման»: Շարքային Պողոսն էլ, բնականաբար, մտածում է՝ դե, գեներալ մարդ է, երեւի մի բան գիտի, որ այդպես է ասում: Շարքային Պողոսը, սակայն, այսպես մտածում ու գնում է իր գործին, իսկ իշխանական պատգամավորների նման հայտարարությունների պատճառով ք.ք-ի մեջ է ընկնում երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ այլոց: Տուժում են նաեւ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղոն, ՀՀ ողջ պետական համակարգը, ժողովուրդը եւ ժողովրդի հետ սերտորեն «աշխատող» սորոսական ՀԿ-ները: Ես չգիտեմ, այս ամենը պե՞տք է մեզ արդյոք:
Սրանից մի քանի տարի առաջ, երբ Սերգեյ Լավրովը շտապում էր միջազգային ասուլիսի, միջանցքում մի քանի ամերիկացի լրագրողներ ինչ-որ սադրիչ հարցեր ուղղեցին նրան: Լավրովը կանգ առավ, այդ լրագրողներին շատ հանգիստ բացատրեց, որ այդ հարցերն անտեղյակության արդյունք են, ապա շրջվեց եւ հեռանալիս իր գնահատականը տվեց ամերիկացի լրագրողներին՝ дебили, бл..: Հանելով այս արտահայտության վերջին բառը՝ նշենք, որ дебил-ը լատիներեն «debilis» բառն է եւ ընդամենը նշանակում է՝ թույլ, թույլիկ: Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ Լավրովը նույնկերպ պատասխանի նաեւ մեր գեներալին՝ վիրավորելով բացառապես նրա ուսադիրները եւ չդիպչելով նրա անձնական արժանապատվությանը:
Բայց խնդիրն այլեւս Լավրովի պատասխանը չէ: Մենք արդեն սովորել ենք մեր դաշնակցի ոչ այնքան քաղաքական խոսույթին: Խնդիրը մեր լրագրողներն են, որ նման նուրբ հարցերով դիմում են մի մարդու, որ կիլոմետրերով հեռու է դիվանագիտությունից եւ մտածում է բացառապես սապոգով: Ի՞նչ են հարցրել: Թե բա՝ պարոն Մելքոնյան, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել, այն դեպքում, երբ բոլոր գերտերությունների ղեկավարների հետ է խոսել։ Վայ, իմ դեբիլ գործընկերներ… Ես էլ՝ ձեզ հետ: Արա, ի՞նչ կապ ունի այն հանգամանքը, որ Մելքոնյան Գագիկ (Գուրգենը) ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Նա որտեղի՞ց պետք է իմանա՝ Նիկոլը Պուտինին զանգե՞լ է, թե՞ չի զանգել: Հնարավոր է, չէ՞, որ բոլոր զանգերի մասին հայտարարեն, իսկ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին ինչ-ինչ նկատառումներով լռեն: Եվ մենք գեներալ Գագիկ (Գուրգենին) դուզ հարց ենք տալիս՝ ինչո՞ւ Նիկոլը չի զանգել Պուտինին, այն դեպքում, որ բոլորին է զանգել: Չի կարելի, հասկանո՞ւմ եք, գործընկերներ ջան, միշտ պետք է իմանալ, թե ում ինչ ես հարցնում: Այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, որ տակավին նստում է ՀՀ վարչապետի աթոռին: Փաշինյանը, լսելով այդ հարցը, հաստատ չէր սկսի Լավրովին հիշել ու նրան մեղադրել Հայաստանը կործանման տանելու մեջ: Մինչդեռ գեներալ Գագիկ (Գուրգենը) հենց Լավրովից է բռնացրել, հիշել ինչ-որ լավրովյան ծրագրեր եւ մուննաթ եկել, թե՝ տեսե՞լ եք, որ Լավրովի ծրագրերը հայանպաստ լինեն: Մի հարցնող լինի՝ դու ի՞նչ գիտես Լավրովի ծրագրերի մասին: Էն ժամանակ, երբ Լավրովն արդեն ՌԴ արտգործնախարար էր, դու ՀՀ ՊՆ փոխնախարար էիր՝ թիկունքի գծով, եւ տռուսիկ-մայկա էիր մատակարարում բանակին. ասել է թե՝ քաղաքականությունից ամենահեռու թեմայով փոխնախարար: Եկել, ոտ ես գցում Լավրովի հետ, որ ի՞նչ անես:
Ես, այնուամենայնիվ, կուզենայի հասկանալ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի այս քայլի հոգեբանությունը: Չգիտեմ, գուցե ոչ մի հոգեբանություն էլ չկա, ու քանի որ ՀՀ իշխանությունում բոլորն են լծվել ՌԴ ԱԳՆ-ին վատաբանելու գործին, ինքն էլ է որոշել մի բան ասել: Այլ խոսքով՝ փորձել է Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի թասիբին կանգնել: Այդուհանդերձ՝ մարդ ինչ ասում կամ անում է, պետք է մի քիչ մտածի իր ասածի ու արածի մասին: Նիկոլը, օրինակ, իր գրքում գրել է, որ եթե ինքը երկար մտածեր իր քայլերի մասին, ապա ոչինչ չէր կարողանա անել: Առավել փորձառու Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը պարզապես չէր կարող այդքան Նիկոլ լինել: Ի՞նչ է նշանակում՝ միջուկային գերտերության արտգործնախարարին Հայաստանի կործանման թիվ 1 մեղավոր նշանակել: Ես չեմ ճանաչում որեւէ ճապոնացի գեներալի, որ այդպես արտահայտված լինի ԱՄՆ պետքարտուղարի հասցեին՝ իր երկրի վրա ատոմային ռումբ նետելու համար: Բայց Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը, ինչպես տեսնում ենք, շատ քաջն է ու արգելակներ չունի: Ի՞նչ փույթ, որ Հայոց բանակն այսօր էլ դեռ ռուսական զենքով է զինված, ի՞նչ փույթ, որ այսօր էլ Արցախի մնացորդացում (որը, ի դեպ, գեներալ Մելքոնյանն ու գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլն են թողել) ռուս խաղաղապահներն են կանգնած: Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը պարզապես այն եզակի հայ քաջորդիներից է, որն իրեն դեռ պարտված չի համարում: Բնականաբար՝ Նիկոլի դրդմամբ:
Կարծիքներ