Ո՞նց կարա էդպիսի բան լինի, ես ընդհանրապես էդ գործի հետ կապ չունեմ․ Սարգիս Սահակյան 

Ո՞նց կարա էդպիսի բան լինի, ես ընդհանրապես էդ գործի հետ կապ չունեմ․ Սարգիս Սահակյան 

Դատախազությունն այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, թե Արագածոտնի նախկին մարզպետ Ս.Ս.-ն եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 72 մլն դրամ։ Ս․Ս․-ն, ինչպես պարզեցինք, ՀՀԿ անդամ Սարգիս Սահակյանն է, որը Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2009-2016 թթ․։

Համաձայն հաղորդագրության՝ Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և իր եղբոր՝ Ն.Ս.-ի (Նաիրի Սահակյան-խմբ) հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով, դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով՝ խեղաթյուրել է Ն.Ս.-ի կողմից 2005 թվականին Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35 հազար 200 դրամով գնված 7800 մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը: 

Նշվում է նաև, որ Սահակյանը, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավար Ս.Մ.-ի վրա, համոզելու եղանակով դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:

Երկար-բարակ հաղորդագրության մեխն այն է, որ Սարգիս Սահակյանը  67 մլն 440 հազար դրամ արժողությամբ գույքը պետությանը վաճառել է 139 մլն 994 հազար 233 դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով պետության առանձնապես խոշոր չափերի՝ 72 մլն 448 հազար 533 դրամը:

2023 թվականի փետրվարի 9-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը Հակակոռուպցիոն դատարանին հանձնելու վերաբերյալ:

Hraparak.am-ը կապ հաստատեց Սարգիս Սահակյանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը դատախազության տարածած հաղորդագրության վերաբերյալ։

Սահակյանը նախ ասաց՝ տեղյակ չէ հաղորդագրությունից, թեպետ՝ նման բան լսել է, բայց չի կարդացել։ Ապա հավելեց, որ այս գործը երկու տարի է՝ կա, իրեն էլ կանչել են այս ընթացքում հարցաքննության։ 

«Դատական նիստը կլինի, դատարանում կպարզենք»,-գործի վերաբերյալ կարճ ասաց Սահակյանը։

-Իսկ Դուք ինչ-որ բան արե՞լ եք, հիմքեր կա՞ն Ձեզ մեղադրելու։

-Չեմ կարծում, չկա նման բան, բայց դատարանն ամեն նինչ կպարզի։

-Դո՞ւք էլ եք համարում, որ սա քաղաքական հետապնդում է, թե՞ զուտ իրավական գործընթաց է։

-Չեմ կարծում՝ իրավական գործընթաց է։

-Կարծում եք՝ ՀՀԿ-ական եք, նախորդ իշխանությունից եք, դրա՞ համար են «ընկել» Ձեր հետևից։

-Երևի նման բան կա։

-Իսկ քննչական գործողությունների ժամանակ Դուք փորձե՞լ եք հիմնավորել, որ ամեն ինչ օրինական է եղել, որևէ խախտում չկա այստեղ։

-Իհարկե, լրիվ հիմնավորել եմ։

-Բայց, ամեն դեպքում, Դուք այդ գույքը վաճառե՞լ եք շուկայականից բարձր գնով։

-Ո՞նց կարա էդպիսի բան լինի, ես ընդհանրապես էդ գործի հետ կապ չունեմ, Վահե ջան, գործը կլինի՝ մի օր էլ քեզ կհրավիրեմ դատարան, կզրուցենք։

-Եթե կապ չունեք, ինչպե՞ս են Ձեր ու Ձեր եղբոր անունը գրել հաղորդագրության մեջ։

-Դե, հիմա, ես ի՞նչ ասեմ, ո՞նց մեկնաբանեմ։

-Ամեն դեքում, Դուք կարծում եք, որ սա քաղաքական հետապնդո՞ւմ է։

-Դատարանում կլինի որոշումը, ու ամեն ինչ պարզ կլինի։

-Այդուհանդերձ, դատախազությունը նշում է, որ Դուք օգտագործել եք Ձեր ունեցած դիրքն ու հեղինակությունը և ճնշում եք գործադրել Կաքավաձորի համայնքապետի վրա։

-Ես ընդհանրապես կապ չունեմ էդ գործի հետ։

-Այդ դեպքում ինչո՞ւ է նշվել Ձեր ու Ձեր եղբոր անունը։

-Ես շա՞տ գիտեմ՝ ինչի է նշվել, ոնց կարող եմ մեկնաբանել։