Նույնիսկ ադրբեջանցիները իրենց մտքի թռիչքով այդպիսի բան չէին հորինել 

Նույնիսկ ադրբեջանցիները իրենց մտքի թռիչքով այդպիսի բան չէին հորինել 

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

- Վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից խոսեց ԵՄ-ի դիտորդական առաքելության մասին: Հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ դիտորդական առաքելության ընդունումը մերժեց, իսկ ԵՄ-ինը՝ ոչ, Փաշինյանն ասել է․ «Մեկ այլ խնդիր կա։ Մինչեւ ԵՄ-ի առաքելությունն Ադրբեջանն արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում-տեղակայում ՀՀ-Ադրբեջան սահմանին եւ պատրաստվում է հայ-ռուսական համատեղ, ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, եւ Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ,  քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունը կառավարելու համար։ Ու այս գործընթացը շարունակվում է»: Վարչապետի այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում, ի՞նչ ազդեցություն այն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա:

-Ինձ մոտ այս հայտարարությունից հետո տպավորություն է, որ ՀՀ վարչապետը գիտակցված կամ անգիտակից ձևով լարում է իրադրությունը ՀՀ–ի շուրջ: Նա կամ չի հասկանում ԵՄ առաքելության իմաստը կամ փորձում է մեր երկիրը դարձնել հակասությունների պլացդարմ: Երկու դեպքում էլ սա շատ վտանգավոր միտում է, հետևանքներն էլ՝ կործանարար կարող են լինել: Մենք առանց այն էլ շատ բարդ ու խոցելի վիճակում ենք անվտանգային առումով, մեր քայլերը պետք է միտված լինեն ոչ թե հակասությունների դաշտ դառնալուն, այլ փորձելու համադրությունների միջոցով որոշակիորեն զսպել Ադրբեջանին: ԵՄ առաքելությունը եկել է դիտարկելու և հասկանալու Ադրբեջանից եկող ռիսկերը, օգնելու որոշակի կայունության ձևավորմանը: Դա նաև արձանագրվում է ԵՄ–ի կողմից: Նրանք այստեղ հակառուսական կամ այլ պետության դեմ ֆունկցիա չեն իրականացնում, և դա հստակ արձանագրված է:

-Եթե Ադրբեջանը երբևէ նման հայտարարություն չի արել, ո՞րն է Փաշինյանի այս ելույթի նպատակը:

-Ադրբեջանը փորձում է այդ առաքելությունը ներկայացնել հակառուսական կամ հակաիրանական լույսի ներքո: Դեռ անցած տարվա վերջին Ալիևին շատ բացասական էր արտահայտվում ԵՄ քաղաքացիական առաքելության ժամկետի երկարաձգման խոսակցություններին: Հասկանալի է, թե ինչու: Դա բարդացնում է ագրեսիայի գնալու հնարավորությունները Ադրբեջանի համար: Միևնույն ժամանակ երեկվանից սկսված քարոզչական արշավը, թե իբրև «Հայաստանն ու Իրանը համատեղ գործողությունների են գնում», նպատակ ունեն անհանգստություն առաջացնել ԵՄ շրջանակներում: Ինձ մոտ տպավորություն է, որ իրենք նաև փորձում են եվրոպացիներին «համոզել», որ հայերը գաղտնի կերպով համագործակցում են Իրանի հետ և քայլեր պատրաստում Ադրբեջանի դեմ: Արևմուտքի վերաբերմունքը Իրանի հանդեպ բոլորին է հայտնի, Ադրբեջանն էլ արդեն իրեն դիրքավորել է հակաիրանական ճամբարում և անգամ չի թաքցնում դա, բայց Ադրբեջանի համար կարևոր է նաև Հայաստանին ներկայացնել որպես Իրանի համախոհ և աջակից՝ դրանով իսկ խաթարել ԵՄ առաքելության հետագա գործունեությունը: Այս իրավիճակում ՀՀ–ի կողմից խելացի դիվանագիտական աշխատանքը Իրանի, Արևմուտքի և Ռուսաստանի հետ կարող է խափանել Բաքվի պլանները: Փոխարենը ՀՀ ղեկավարն անում է անհիմն, սադրիչ հայտարարություն, որով միմիայն օգնում է ադրբեջանական քարոզչամեքենային: Նույնիսկ ադրբեջանցիները իրենց մտքի թռիչքով այդպիսի բան չէին հորինել, ինչի մասին խոսեց երեկ Փաշինյանը: Ինչու՞ է անում, չգիտեմ: Բայց գիտեմ, որ ամեն անգամ նորովի է ապացուցում, որ ինքը ունակ չէ և չի ցանկանում սպասարկել ՀՀ պետական շահը: Հակառակը՝ շատ հաճախ խոսում և գործում է ընդդեմ մեր պետական ու անվտանգային շահերի:

-ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի վարչապետն ինչո՞ւ է ԵՄ դիտորդական առաքելությունը մեկնաբանում ՀԱՊԿ-ի զորքերը դիտարկելու առաքելություն: Ի՞նչ նպատակ կարող է հետապնդել այն:

-Դա լարում առաջացնելուց բացի այլ օգուտ չի կարող տալ: Իրոք անհասկանալի է, ինչու՞ է ՀՀ ղեկավարը շարունակ փորձում էլ ավելի բարդացնել իրավիճակը ՀՀ–ի շուրջ: Մենք հակասությունների պլացդարմ դառնալու շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ, դա արկածախնդրություն կդառնա՝ պետականության կորստի լուրջ վտանգ ստեղծելով մեզ համար: Հուսամ՝ այս անհեթեթ միտքը Փաշինյանը այլևս չի կրկնի, թեև այդ հարցում լավատես լինելը արդարացված չէ, ցավոք: