Հլա նոր ենք ցրցամ տվել, թե որ ասենք…

Հլա նոր ենք ցրցամ տվել, թե որ ասենք…

Չէի ասի, թե ես տիրապետում եմ ընտրական գործընթացների բոլոր նրբություններին, բայց առաջին անգամն եմ տեսնում այսպիսի բան՝ քարոզարշավն սկսվել է, քարոզիչների պակաս էլ, կարծես, չկա, բայց բոլորն սպասում են: Նախահեղափոխական տարիներին մենք հաճախ ականատես էինք լինում քարոզչական «ֆալստարտների»: Քաղաքական ուժերն ու թեկնածուները միշտ մի «ծակ» էին որոնում՝ մրցակիցներից օր առաջ արշավանքի դուրս գալու եւ առաջինը լինելու համար: Հիշո՞ւմ եք, խոսում էինք «ֆորայի» մասին, որ այս կամ այն ուժն ստանում էր տեղից շուտ պոկվելու կամ զոռբայության շնորհիվ: Բայց այս ի՞նչ լռություն է, քանի օր է՝ քարոզարշավի ենք սպասում, իսկ այն չկա ու չկա: Մարդ չի հասկանում՝ հանրաքվեի՞ ենք գնում, թե՞ մի ուրիշ բանի:

ՀՀ գործող Սահմանադրության գլխավոր բարեփոխիչ Վահագն Հովակիմյանը մի երկու օր առաջ լրագրողների գլուխը ինչ ախմախություններ ասես՝ չլցրեց: Թե բա այս օրերին շտաբներ ենք բացում, որ քարոզարշավ սկսենք, ֆինանսական հարցեր կան, դես-դեն… Ստացվում է՝ ասելիք չկա, քարոզելու նյութ չկա, այլապես մի բան քարոզելու համար որեւէ շինության առկայությունն ամենեւին էլ պարտադիր չէ: Եվ, առհասարակ, շտաբները ձեր ինչի՞ն են պետք: Մի՞թե որոշել եք հին ու բարի ժամանակներին վերադառնալ, մարդ տանել-բերել շտաբ… Թերթ, ռադիո, հեռուստատեսություն չկա՞, ինտերնետ չունե՞ք:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ վստահեցնում է, որ հեսա-հեսա ակտիվանալու են, պարզապես քարոզարշավի ժամանակահատվածը մեծ է, եւ տեմպը պետք է այնպես պահել, որ կարողանան բարձր նոտայի վրա ավարտել քարոզարշավը: Ես սա այնպես եմ հասկանում, եղբայր, «բարեփոխչականները» վախենում են մինչեւ քարոզարշավի վերջը չձգեն, ու շունչները փչի:

Կառավարությունը փողը նոր է տվել՝ 3.5 միլիարդ, բայց այդ փողը բացարձակապես կապ չունի քարոզարշավի հետ: Դա նախատեսված է ԿԸՀ-ի համար, հետեւաբար, դժվար թե իմքայլականները դրան սպասելիս լինեին: Հանրաքվեի ֆինանսական կողմը, սակայն, հետաքրքիր է այլ տեսանկյունից: 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններին իմքայլականները չէին խնայել իրենց անձնական միջոցները եւ միլիոններով, ընդհուպ՝ 5 միլիոնով «ներդրում» էին արել ընդհանուր գործում: Ի՞նչ է լինելու հանրաքվեի դեպքում, երբ պատգամավոր դառնալու կամ պաշտոն ստանալու հատուկ շարժառիթ, կարծես, չկա: Եթե չեմ սխալվում՝ փետրվարի 25-ին են հավաքվելու այս հարցով, եւ մենք հնարավորություն կունենանք նվիրաբերված գումարների մեծությունից պատկերացում կազմելու իմքայլականների վերջին մեկ-մեկուկես տարվա ֆինանսական եւ գաղափարական շարժերի մասին: Սա էլ, ինչպես ասում են, մասնավոր հարց է եւ հատուկ պատճառ չէ՝ քարոզարշավը ձգձգելու:
Հետաքրքիր է՝ թուղթ-մուղթ մրոտե՞լ են արդեն, որ բաժանեն ընտրողներին: Անմիջական շփումը՝ իր տեղը, բայց ընտրողի հետ երկխոսելու մակարդակը պետք է պահվի, գրավոր ձեւակերպված հիմնավորումներ պետք է լինեն, թե ինչի համար է այս հանրաքվեն, եւ ինչու պետք է «այո» ասել: Միայն բլբլացնելով գործն առաջ չի գնա: Քանի՞ ամիս է՝ բլբլացնում են, բայց դեռ ոչ մեկի գլուխը չի մտել, թե ինչու պետք է Հրայր Թովմասյանը եւ ՍԴ մյուս դատավորներն ազատվեն աշխատանքից, եւ ինչու պետք է դա անի ինքը՝ վատամարդ դառնալով: Բուկլետների եւ քարոզչական նյութերի մասին է խոսքը, որ ընտրողը կարդա, հասկանա եւ ըստ այդմ քվեարկի: Կարճ ասած՝ բուկլետից, բանից տպե՞լ եք, թե՞ սպասում եք բոլոր մարզերում ու բնակավայրերում ենթաշտաբները բացվեն, նոր:
Երկու խոսք էլ պաստառների մասին․ էն, որ մրցույթ են հայտարարել: Հիմա պատկերացրեք մի ընտրություն, որի բոլոր գովազդային պաստառները լինեն «Այո» մակագրությամբ… Իսկ ո՞վ պետք է «Ոչ»-ի մասին մտածեր… Ահա, պարզվում է՝ այստեղ էլ խնդիր կա՝ սիրուն չէ, երբ այնպիսի մի միջոցառում, ինչպիսին ընտրությունն է կամ հանրաքվեն, արտաքուստ տեղի է ունենում զրո մրցակցային պայմաններում: Արդյոք, տպավորություն չի՞ ստեղծվի, որ ժողովրդավարական Հայաստանում ոչ այն է՝ մի մութ հարցով, ոչ այն է՝ վարչապետի կապրիզի պատճառով հանրաքվե է կազմակերպվել: Իսկ գուցե իշխանությունը մի մրցույթ էլ «Ոչ»-ի պաստառների համա՞ր հայտարարի, մի քանի շտաբ էլ «Ոչ»-ի համա՞ր բացի…

Պարոն Փաշինյան, այս հարցով արդեն ստիպված Ձեզ եմ դիմում, քանի որ մի քանի անգամ հնչեցնելուց հետո էլ Ձեր թիմից ոչ մի պատասխան չենք ստացել: Ասացեք, վերջապես, ի՞նչ անուն եք տալու հանրաքվեին: Եթե Հովակիմյանի հույսին մնանք, ապա կարելի է ասել՝ շտաբներ բացելուց հետո եք հայտարարելու հանրաքվեի անունը: Ո՞ւր է տրամաբանությունը՝ քարոզել «այո»՝ չիմանալով քվեարկության ենթակա առարկայի անունը: Իսկ եթե հանրաքվեի անունը չգիտեք, ապա ի՞նչ հարց եք տալու քաղաքացուն: Անձամբ ես շատ չարչարվելուց հետո էլ չկարողացա մի այնպիսի ձեւակերպում գտնել, որին «այո» կամ «ոչ» ասելով կհանգուցալուծվեր այս խաթաբալան: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք հիմա գնում ենք ինչ-որ բան անելու (կամ չանելու), իսկ թե ինչ… Հլա նոր ենք ցրցամ տվել, թե որ ասենք…