Ուրիխանյանը «պատժիչ գործողություն» է խոստանում Հայաստան ներխուժած ադրբեջանցիների դեմ

Ուրիխանյանը «պատժիչ գործողություն» է խոստանում Հայաստան ներխուժած ադրբեջանցիների դեմ

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը խոստանում է իշխանության գալու դեպքում սեղմ ժամկետներում պատժիչ գործողություններ նախաձեռնել Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինվորականների դեմ։

«10-րդ քվեաթերթիկը վերցնող մեր հայրենակիցներն ընտրելու են կարճաժամկետ ծրագիր և թիմ, որն ունակ է դա իրագործել», - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ քարոզարշավն ամփոփելու ժամանակ լրագրողներին ասաց Ուրիխանյանը։

Ըստ նրա՝ իշխանության գալու դեպքում քաղաքական ուժի առաջինը քայլը լինելու է տեղեկացնելը, թե ինչպես են Հայաստանի տարածք ներխուժել թշնամիները։

«Դրա մասին խոսել եմ շատ։ Իմ գործընկերներն էլ ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Առաջինը լինելու է իշխանություն ձևավորելու հաջորդ առավոտյան, բառացիորեն, առանց փոխաբերականության, երբ ՀՀ բոլոր քաղաքացիները կիմանան, թե ինչպես ստացվեց, որ աշխարհում գոյություն ունեցող ամենաուժեղ երկու անվտանգային համակարգերից մեկի մաս կազմող Հայաստանի տարածք են ներխուժել մի քանի հարյուր թշնամիներ, սպանել, գերեվարել մեր զինծառայողներին, հայրենակիցներին, դուրս չգալ և դեռ մի բան սպառնալ հետագա զարգացումներով», - նշեց քաղաքական գործիչը։ 

Նրա խոսքերով՝ երկրորդ քայլը լինելու է այն, որ Ռուսաստանը տեղեկացվելու է թշնամու դեմ հակազդեցություն, պատժիչ գործողություն սկսելու մասին։

«Երկրորդ՝ մի քանի ժամ անց իրականացվող խոստումը։ Մեր ռազմավարական գործընկերը տեղեկացվելու է, որ սկսվում է հակազդեցության միջոցառում, պատժիչ գործողություն ՀՀ տարածքում թշնամական զորամիավորման հանդեպ։ Եվ միաժամանակ, սա շատ կարևոր է, միաժամանակ։ Ընդգծում եմ, որ որևէ մեկը չմտածի, թե կարող է սկսել լայնածավալ գործողություն կամ առավելևս պատերազմ։ Միաժամանակ դրանից բխող պարտավորության իրականացում Ռուսաստանի Դաշնության կողմից, այն է՝ 102-րդ ռազմաբազայի Գորիսի հենակետի ստորաբաժանումների միջոցով և՛ օդային, և՛ ցամաքային հարվածներ մեր սահմանին, ասել է թե՝ ընդհանուր մեր պայմանագրով սահմանված, ընդհանուր պատասխանատվության տիրույթով բոլոր սահմանների անառիկությունը, աննսասանությունը ապահովելու համար», - մանրամասնեց ԱԺ անկախ պատգամավորը։ 

Նա հավելեց, որ մեկ ամսվա ընթացքում նախատեսում են իրականացնել ծրագրային 12 կետ։