Ո՞րն է Լուկաշենկոյի ու Սերժ Սարգսյանի տարբերությունը

Ո՞րն է Լուկաշենկոյի ու Սերժ Սարգսյանի տարբերությունը

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում իրավիճակը չի հանդարտվում։ Բողոքի ալիքը չի մարում։ Ռուսաստանի եւ Բելառուսի ղեկավարները հանդիպեցին Սոչիում․ Վլադիմիր Պուտինը՝ նոր՝ «Բաչարով ռուչեյ-2» նստավայրում՝ «դեմ դիմաց» ձեւաչափով։ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել չկրկնել Հայրենական մեծ պատերազմի սխալները։ Հայտարարել է, որ պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը երբեւէ Մինսկի ու

Մոսկվայի միջեւ տարակարծությունների ու վեճերի առարկա չեն եղել։ «Կարծում եմ՝  ՌԴ պաշտպանության նախարարին կտաք զորավարժությունների հրաման (մերն արդեն ստացել է)»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ իր երկրի սահմաններից մոտ 15 կմ հեռավորության վրա ՆԱՏՕ-ն գումարտակ է «իջեցրել»։ «Այդ իսկ պատճառով պետք է խուսափենք Հայրենական մեծ պատերազմի սխալներից, երբ բոլորը մեր գլխի տակ փափուկ բարձ էին դնում, թե ընդամենը  պետք չէ տրվել սադրանքների, եւ պատերազմ չի լինի։ Եվ մենք կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ։ Կար Կարմիր բանակ, իսկ նրանք անցան Բելառուսը, ու այն փաստացի չկարողացավ ի մի գալ ու դիմադրել։ Մեզ քշեցին ընդհուպ մինչեւ Սմոլենսկ, եւ միայն այս տեղանքում կարողացանք ինչ-որ դիմադրություն ցույց տալ»,- հայտարարել է Լուկաշենկոն։ 

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը Մարգարիտա Սիմոնյանի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե հաջորդը Ռուսաստանն է լինելու։ Իսկ Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը՝ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, դիմել էր ՌԴ նախագահին՝ նշելով, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Սոչիում ցանկացած պայմանավորվածություն ուժի մեջ չի լինի, քանի որ իր՝ իշխանության գալու դեպքում ընդդիմությունը կվերանայի Սոչիի բանակցությունների արդյունքներով բոլոր պայմանավորվածությունները։ 

Արդեն տեղեկացրել ենք, որ հայաստանյան մոտ մեկ տասնյակ ՀԿ-ներ եւ անհատներ ստորագրել են մի հայտարարության տեքստի տակ, որով կառավարությանը հորդորում են՝ անսալ միջազգային հանրության կոչին եւ սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու եւ Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու պահանջը: Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ծանոթ չէ հայտարարության տեքստին, իսկ ստորագրողներից Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը թե իրենց կոչը չի կարող անպատասխան մնալ։ Բայց փաստն առկա է, որ անպատասխան է մնացել։ 
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը զարմացավ՝ իմանալով այդ հայտարարության մասին, ու մեկնաբանեց․ «Փաստորեն, Հայաստանում 20 կազմակերպություն կա, որ իրապես հետաքրքրված է Բելառուսում մարդու իրավունքների հարցով»։

Իրավապաշտպաններն ու ՀԿ-ները նաեւ հիշեցնում էին, որ Բելառուսի ընդվզումը նման է Հայաստանում 2018թ․ ապրիլ-մայիսյան իրադարձություններին, երբ ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ մերժելու բռնատիրական ռեժիմը:   

Փորձեցինք ստանալ Պարույր Հայրիկյանի կարծիքը բելառուսական եւ 2018-ի հայաստանյան դեպքերի նմանությունների հետ կապված։ ԱԻՄ առաջնորդը նմանություններ առանձնապես չի տեսնում եւ ասում է․ «18 թվականի սցենարների մասին տարբեր վարկածներ կան՝ ընդհուպ մինչեւ փոխադարձ պայմանավորվածության հնարավորության մասին, բայց փաստ է, որ Սերժ Սարգսյանն իրեն չպահեց Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի նման։ Լեւոնի դեմ մեծ ցույցեր էին լինում, իրեն այնպես էր պահում, ինչպես հիմա Լուկաշենկոն։ Եվ իր հրաժարականն արդեն նրա հետ էր կապված, որ աշխարհը, Արեւմուտքն արդեն իրեն չէին ճանաչում։ Իսկ այդ «հայտնի ուժեր», Վազգեն, ճնշում՝ սրանք բոլորը հեքիաթներ են, որ ձեռնտու են բոլորին։ Հիմա․ ինչու Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց եւ ինչու, օրինակ, Ռադիոյի տան վրա հարձակումից հետո իրեն էդպես պահեց, երբ ողջ աշխարհը կարող էր իրեն արդարացնել՝ էդ միայն ինքը կարող է բացատրել։ Բայց փաստն այն է, որ 18-ին ինքն իրեն չդրսեւորեց որպես իշխանության համար մեռած մեկը, մեկ էլ՝ Լուկաշենկոյի պես չէր ասում՝ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ նախագահ չլինել։ Ասում էր՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։

Պարույր Հայրիկյանը նկատում է՝ առավել եւս նա դեռ չի պատախանել հարցին, թե ինչում սխալվեց։