Մանկավարժականից հակադարձում են Բրյուսովի ռեկտորին

Մանկավարժականից հակադարձում են Բրյուսովի ռեկտորին

Անցած շաբաթ պարզ դարձավ, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսվում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը միավորել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ 

Այս նախագծի դեմ ամենաթեժ քննարկումները ծավալվեցին ու ծավալվում են Բրյուսովի անվան համալսարանում: Օրեր առաջ համալսարանի գիտխորհրդում տեղի ունեցավ թեժ քննարկում՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի եւ բուհի դասախոսների, ուսանողների մասնակցությամբ, որի ժամանակ ներկաներին եւ հատկապես բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանին հունից հանեց այն փաստը, որ ԿԳՄՍ փոխնախարարը հետեւողականորեն Մանկավարժական համալսարանի գովքն է անում` թվարկելով տարբեր վարկանիշային անուններ, որտեղ Մանկավարժական համալսարանն իր գործունեությամբ մի քանի անգամ առաջատար է Բրյուսովի անվան համալսարանից։ «Ես այլեւս չեմ կարող լռել, եթե այդքան լավ համալսարան է, ինչո՞ւ է այդքան մեռած, ինչո՞ւ է 15 մասնագիտությունների գծով զրո ընդունելություն ունենում...»,- հայտարարել էր Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը:  

Մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանեցին, որ ոչ թե 15, այլ 5 մասնագիտությունների գծով է զրո ընդունելություն եղել (Գրադարանային գործ, Շրջակա միջավայր, Տեխնոլոգիա, Քիմիա, Աշխարհագրություն): 
Ավելին` նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի ընդունելության բոլոր ձեւերում մանկավարժականը գրանցել է թվերի աճ։ 

Մանկավարժական համալսարանի 2022 թվականի ընդունելության արդյունքների պատկերն այսպիսին է. առկա բակալավրիատ՝ 492 ուսանող (2021-ին` 483 ուսանող), առկա մագիստրատուրա՝ 361 ուսանող (2021-ին` 336), հեռակա մագիստրատուրա՝ 134 (2021-ին` 97), շարունակական կրթություն՝ 146 (2021-ին` 93), սփյուռք՝ 34 (2021-ին` 29), ընդամենը 1167՝ առանց հեռակա բակալավրիատի։ 

Հեռակա համակարգի դիմորդների փաստաթղթերով համալսարանն ունի 474 դիմորդ` պահպանելով 2-րդ հորիզոնականը` տնտեսագիտականից հետո (519 դիմորդ), որին հաջորդում են ԵՊՀ-ն` 424 դիմորդով, եւ Բրյուսովի անվան համալսարանը` 182 դիմորդով:  

Ի դեպ, բուհերի միավորման նախագիծն այսօր քննարկվելու է համալսարանի գիտխորհրդի ընդլայնված կազմով։