Արցախյան հարցի կարգավորման երկու սցենար՝ արեւմտյան եւ ռուսական

Արցախյան հարցի կարգավորման երկու սցենար՝ արեւմտյան եւ ռուսական

Արեւմուտքն ու Ռուսաստանն իրար հետ մրցակցում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, որի առանցքում, մեծ հաշվով, Արցախի հարցն է: Ամեն մեկն առաջարկում է կարգավորման իր տարբերակը՝ հնարավորինս այն հարմարեցնելով իր շահերին: Ինչով են իրարից տարբերվում Արեւմուտքի եւ Ռուսաստանի առաջարկած լուծումները, եւ տարբերակներից որն ընտրելու դեպքում ինչ է սպասվում Արցախին եւ արցախցիներին:

Պրահայում ընդունված հայտարարությունից պարզ դարձավ, որ Արեւմուտքն ուզում է հնարավորինս արագ լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը հնարավորություն կտա՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: Արեւմտյան կարգավորման մոդելը հետեւյալն է. Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ վերադառնում են խորհրդային տարիների սահմանին: Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում 2021-22 թվականներին Հայաստանից բռնազավթված տարածքները, Հայաստանն էլ վերադարձնում է Տավուշի մարզում Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքները: Ենթադրաբար, Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը կարող է փոխանակվել Արծվաշենի հետ, որը Հայաստանի իշխանությանը հնարավորություն կտա ասել, որ Սյունիքի հետ կապող ռազմավարական ճանապարհը մնաց մեր հսկողության տակ, ճանապարհը փրկեցինք:

Արեւմտյան կարգավորման մոդելով՝ Հայաստանը հրաժարվում է Արցախի նկատմամբ ունեցած որեւէ հավակնությունից եւ պարտավորությունից: Ադրբեջանն ուղիղ բանակցություններ է սկսում Արցախի գործող իշխանությունների հետ: Այդ բանակցություններում Ադրբեջանն առաջարկելու է, որ արցախցիներն ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, որի դիմաց Ադրբեջանը կերաշխավորի նրանց անվտանգությունն ու այդ տարածքում ապրելու իրավունքը: Էն, որ Նիկոլն ու ՔՊ-ականներն ասում են՝ արցախցիների անվտանգության եւ իրավունքների հարցը, դա նկատի ունեն: Արցախում ապրող հայերը կստանան որոշակի մշակութային ինքնավարություն, օրինակ, դպրոցներում հայոց լեզվի դասաժամեր կլինեն, կգործեն հայկական թատրոն, ռադիո, գուցե նաեւ՝ հեռուստաալիք:

Որքան էլ որ հիմա արցախցիներն ասում են, որ իրենք բացառում են Ադրբեջանի տիրապետության տակ իրենց գոյությունը, սակայն եթե Արցախի իշխանությունները զրկվեն Հայաստանի քաղաքական եւ ֆինանսական աջակցությունից, միայնակ մնան Ադրբեջանի դեմ, արցախահայության մի մասը, այնուամենայնիվ, ստիպված է լինելու ապրել ադրբեջանական տիրապետության տակ: Ոչ բոլոր արցախցիները Երեւանում, Հայաստանում բնակարաններ ունեն եւ գոնե առժամանակ պարտադրված են լինելու ապրել իրենց բնակավայրերում, մինչեւ ճարահատյալ կարտագաղթեն կամ կադրբեջանանան: Նույնիսկ 1915 թվականի ցեղասպանության եւ գաղթի ժամանակ շատ հայեր մնացին ու շարունակեցին ապրել Թուրքիայում: Մինչեւ որ նրանց մի մասն ավելի ապահով պայմաններում հեռացավ երկրից, իսկ մյուս մասը թրքացավ-քրդացավ: Փաշինյանի առաջարկած սցենարը նույն ճակատագրին է արժանացնելու արցախցիներին:
Արեւմուտքն ուզում է այս ծրագիրը հնարավորինս արագ իրականացնել, որովհետեւ դրա արդյունքում Արցախում այլեւս ռուս խաղաղապահների կարիք չի լինի, իսկ Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի: Արցախցիները կեղբայրանան ադրբեջանցիների, Հայաստանի քաղաքացիները՝ թուրքերի հետ:

Ռուսաստանի համար՝ ընդհակառակը․ պետք է, որ գործող ստատուս քվոն հնարավորինս երկար պահպանվի, Արցախի հարցը մնա չլուծված, հայ-ադրբեջանական հարաբերություններում էլ շարունակվի լարվածությունը: Ռուսները չեն ուզում հեռանալ ո՛չ Արցախից եւ ո՛չ էլ Հայաստանից, բայց մնալու համար հիմք է պետք: Ռուսաստանի ուղղորդմամբ Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ներկայացվելիք նախագծով նախատեսվում է դրույթ, որ Արցախի բնակիչները կարող են լինել երկքաղաքացի: Ռուսաստանը վաղուց արցախցիներին բաժանած կլիներ ՌԴ անձնագրեր, ինչպես դա արվել է Աբխազիայում, Հարավային Օսիայում, Դոնեցկում եւ Լուգանսկում, բայց արցախցիներին ռուսական անձնագրեր բաժանելով՝ Ռուսաստանն անմիջական հակամարտության մեջ կմտնի Ադրբեջանի հետ, ինչն այս պահին չի կարող իրեն թույլ տալ: Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում Ռուսաստանն իրեն նման բան թույլ տվեց, քանի որ այդ երկրների հետ ուղղակի ռազմական հակամարտության մեջ էր, մինչդեռ Ադրբեջանի հետ դաշնակցային պայմանագիր է ստորագրել, Ադրբեջանի թիկունքին էլ Թուրքիան է:

Անկախ այդ պայմանագրից, Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ հայ-ադրբեջանական, այդ թվում՝ արցախյան հակամարտությունը չկարգավորվի: Ռուսաստանի ազդեցության լծակները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ բավական թույլ են, նա որոշակի ազդեցություն կարող է ունենալ Արցախի իշխանության նկատմամբ, բայց դա բավարար չէ իր ուզածին հասնելու համար:
Հայաստանի իշխանությունը, որը չունի խնդրի կարգավորման սեփական ծրագիր ու հայեցակարգ, ցույց է տալիս, որ, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականություն է վարում՝ համաձայնելով թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի ծրագրերին, իբրեւ թե փորձելով համադրել նրանց կողմից առաջարկվող լուծումները: Բայց համադրել անհամադրելին՝ անհնար է, ու Հայաստանն արդեն ընտրություն կատարել է: Փաշինյանն ընտրել է հարցի կարգավորման արեւմտյան մոդելը, որը նրանք ձեւակերպում են հետեւյալ բանաձով. «Հանձնում ենք Արցախը, որ փրկենք Հայաստանը»:

ՔՊ-ականներն արդեն հրապարակային են հայտարարում, որ Արցախը, այսպես թե այնպես, կորցրել ենք, ու դրա փշրանքների համար իմաստ չունի կառչած մնալ ռուսական խորտակվող նավից:
Իրականում Փաշինյանը հաշվել է, որ ինքն ընտրել է ուժեղին, հաշվել է, որ Ռուսաստանի վիճակը գնալով այնքան է վատանալու, որ մի ինչ-որ պահի ինքն այլեւս կկարողանա Ռուսաստանին ու դրա իշխանությանն ուղարկել որքան հնարավոր է հեռու: Այդ ժամանակ Փաշինյան Նիկոլի երազանքը կիրականանա, ինքը կդառնա անխնդիր, անպրոբլեմ Հայաստանի վարչապետ: Ո՛չ բանակ պահելու, ո՛չ Արցախին օգնելու, ո՛չ Ադրբեջանի հետ պատերազմելու, ո՛չ էլ Թուրքիային հակադրվելու հարց չի լինի, չորս կողմը միայն խաղաղություն եւ համերաշխություն կտիրեն: Բյուջեում հավաքված փողն էլ ՔՊ-ականների հետ իրար մեջ կբաժանեն, անհոգ ու երջանիկ կապրեն՝ 40 հազար ոստիկանների աչալուրջ հսկողության տակ:

Ավետիս Բաբաջանյան