Որեւէ ապացույց չկա, որ Փաշինյանի կառավարությունը կիսում է եվրոպական արժեքները

Որեւէ ապացույց չկա, որ Փաշինյանի կառավարությունը կիսում է եվրոպական արժեքները

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

- Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարծես ակտիվ մրցակցություն է ընթանում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Արդյո՞ք այդ մրցակցությունը գործընթացը կհանգեցնի փակուղու։

- Անցյալի դառը փորձը թույլ է տալիս նման գնահատականներ տալ: Հիմա գուշակել, թե ինչով կարող է այս փուլն ավարտվել, դժվար է:

- Որոշ շրջանակներ պնդում են, թե Արեւմուտքը որեւէ կարգի հետաքրքրություն չունի Հայաստանի հանդեպ եւ ազնվորեն ասում է այդ մասին, բայց հայաստանցի արեւմտամետները ոչ մի կերպ այդ ուղերձների հետ չեն ուզում հաշվի նստել։

- ԱՄՆ-ն Հայաստանին լայն համագործակցություն է առաջարկել ռազմավարական բոլոր ոլորտներում: Դա մի փաստաթղթի հիման վրա է, որն ընդունվել է Պետդեպարտամենտի կողմից, որի հիման վրա մշակվել է հայ-ամերիկյան համագործակցության պայմանագրի նախագիծը: Ֆրանսիան եւս հրապարակային, նախագահի մակարդակով Հայաստանին օժանդակելու իր պատրաստակամության մասին հայտնեց՝ սկսած անվտանգության հարցերից, վերջացրած տնտեսականով: Իմ կարծիքով, այն տեսակետը, թե Հայաստանը չի կարող ունենալ արդյունավետ հարաբերություններ ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ, իրականությանը չեն համապատասխանում: Հայտնի է, որ Եվրամիության հետ համապարփակ համագործակցության շրջանակներում Հայաստանին առաջարկվել է բավականին մեծ ֆինանսական ռեսուրս՝ 2,6 միլիարդ եվրո` տնտեսական տարբեր նախագծերի համար: Այսինքն` այդ ուղղությամբ հնարավորությունները շատ են, սակայն Հայաստանը չի օգտագործում հնարավորությունները:

- Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Հայաստանին օգնելու պատրաստակամություն հայտնեց, միեւնույն ժամանակ ՌԴ նախագահ Պուտինին, ըստ էության, հայ-ադրբեջանական հարաբերությունների խառնակչության մեջ մեղադրեց: Դրանից առաջ էլ Նենսի Փելոսիի այցը մեզանում շատերին ոգեւորեց, սակայն դրանից օրեր անց Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությունների ականատեսը եղանք: Ի՞նչ է ստացվում՝ որ Արեւմուտքը միայն հայտարարությունների եւ սրտաճմլիկ խոսքերի մակարդակով է օգնում, եւ վե՞րջ։

- Ամենակարեւոր ազդեցությունն այն էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունեցին, որ հայ-ադրբեջանական սահմանային վերահսկողությունն իրականացվելու է ԵՄ առաքելության կողմից: Այսինքն` անորոշությունը, որ 1992 թվականից մինչ օրս գոյություն ուներ այն հարցում, թե ով է պատասխանատու այս հարցում, այլեւս գոյություն չունի: Եվրամիությունն է այն մարմինը, որն այս հարցում կունենա որոշում կայացնելու իրավունք: Ցանկացած ռազմական բախման ժամանակ Եվրամիությունն է որոշելու, թե պատասխանատուն ով է: Այլեւս Հայաստանի եւ Ադրբեջանի կարծիքը հաշվի չի առնվելու:

- Այդ դեպքում ո՞րն է Ռուսաստանի անելիքը:

- Դժվարանում եմ ասել: Մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ի ուժերն օգտագործելն արդյունավետություն չունեցավ: Ուստի հենց Ռուսաստանն է, որ հայտարարություններից զատ ոչինչ անել չի կարողանում: Ռուսաստանը ոչ մի պայմանագիր կյանքի չի կոչում, անգամ այն դեպքում, երբ Ադրբեջանը հարձակում է գործում Հայաստանի վրա: ՀԱՊԿ-ի պայմանագրերը մեզանում պարզապես չեն գործում:

- Հայաստանի գործող իշխանություններն ակնհայտորեն փորձում են ռուսական վեկտորը փոխարինել արեւմտյան վեկտորով: Մենք՝ բոլորս, հրաշալի հասկանում ենք, թե ինչ ասել է Ռուսաստան, ինչ ասել է Արեւմուտք: Նաեւ հրաշալի հասկանում ենք, թե ինչ պայքար է ընթանում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Ռուսաստանն ինչո՞ւ պետք է աջակցի մի պետության, որը սերտ համագործակցության մեջ է իր թշնամիների հետ: 

- Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ Հայաստանի գործող իշխանություններն արեւմտամետ են:

- Մենք դատարանում չենք, ես կարող եմ միայն որոշ փաստեր վկայակոչել:

- Օրինակ՝ ի՞նչ փաստեր:

- Օրինակ՝ «Հայկական ժամանակում» վերջերս հրապարակված հոդվածը, որտեղ «հավաստի աղբյուրը» Ռուսաստանին կոնկրետ մեղադրում էր Հայաստանին շանտաժի ենթարկելու մեջ:

- Ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը, ինչպեսեւ նախկին նախագահները, հավատարիմ են Ռուսաստանին: Ես չեմ տեսնում գեթ մեկ գործողություն, որն այս իշխանություններին դարձնում է արեւմտամետ: Որեւէ ապացույց ես չեմ կարող ներկայացնել, որը ցույց կտա, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կիսում է եվրոպական արժեքները: Վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ գտնվել են զրոյական վիճակում: Նույնը կարելի է ասել մնացյալ արեւմտյան երկրների պարագայում: Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ սառեցրել է Հայաստանի եւ Եվրամիության համապարփակ եւ ընդարձակ համաձայնագրի գործունեությունը: Ըստ ճանապարհային քարտեզի` Դուք պետք է Շենգեն մուտք գործեիք ազատ կերպով եւ ավելի քան 90 օր մնայիք Եվրամիության անդամ ցանկացած երկրում: Մեր կառավարությունն իր պարտավորությունների շրջանում ոչինչ չի արել: Հայաստանն այս 4 տարվա ընթացքում որեւէ լումա չի ստացել նախատեսված համաձայնագրի շրջանակներում: Իմ գնահատմամբ` այսօր էլ ոչինչ անել ի վիճակի չէ: Վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանն իր հարաբերություններն Արեւմուտքի հետ զրոյացրել է: Իհարկե, ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանը սկսեց ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից առաջարկներ ստանալ, սակայն ոչինչ չի անում: