Դավաճա՞ն, օտարերկրյա գործակա՞լ, թե՞ Քաջ Նազար, ով բախտի բերմամբ հայտնվել է գահին

Դավաճա՞ն, օտարերկրյա գործակա՞լ, թե՞ Քաջ Նազար, ով բախտի բերմամբ հայտնվել է գահին

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հերթական հակահայկական դրույթն է ներկայացրել մյունխենահայերի հետ հանդիպման ժամանակ: Խոսքը 1996 թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի մասին է, որտեղ միջազգային հանրություն կոչված անսեռ եւ անդեմ երեւույթը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ստորադասել է սահմանների անձեռնմխելիության թեզին: Եվ դա, ըստ վերը նշված անձի, «մենք՝ բոլորս, չգիտենք կամ երկար ժամանակ չենք տիրապետել...»:

Կարծում եմ, որ այստեղ առկա է կեղծիքների մի ողջ փունջ: Նախ, միջազգային հանրության հակահայկական որոշման վրա արգելք դրած առաջին նախագահը շատ լավ էլ գիտակցում էր, թե ինչ է արել եւ ինչու: Դժվար թե գտնվի մեկը, որ ենթադրի, թե Տեր-Պետրոսյանն այնքան չկար, որ չիմանար, թե ինչ է պահանջվում այնտեղ իրենից, բայց քանի որ պատերազմում հաղթանակած պետության ղեկավար էր, այլ կերպ վարվել ուղղակի չէր կարող: Չգիտեմ, սա Նիկոլը հասկանում է, թե ոչ, եթե չի հասկանում, ապա դա ծանր խնդիր է մեր պետության տեսակետից: Իսկ եթե հասկանալով է նման թեզ բարձրաձայնում՝ խնդիրն ավելի է ծանրանում: 

Երկրորդ․ միջազգային հանրությունը միշտ հաղթանակող պետության կողմն է, եթե դա իր համար խնդիրներ չի ստեղծում: Այսօր նա Ադրբեջանի կողմն է, քանի որ դա իր համար խնդրահարույց չէ: Նույնը 2022-ին եւ 2023-ին կարող էր լինել Ուկրաինայի առումով, եթե վերջինիս ռազմական հաջողություններն ունենային տրամաբանական ավարտ: Բայց նույն այդ հանրությունը դեմ է Ռուսաստանի հաղթանակին, քանի որ վերջին 100 տարում դեմ է եղել այդ երկրին: Ասվածի տրամաբանությամբ՝ Լիսաբոնում հավաքվածները դեմ էին մեզ, քանի որ, նախ, այսպես կոչված, տերպետրոսյանական ժողովրդավարության կղզյակը մինչ այդ կնքել էր իր մահկանացուն` 1995 եւ 1996 թթ. ընտրություններով ու հանրաքվեով: Դրան էլ գումարվել էր Ռուսաստանի հետ փոխօգնության պայմանագրի կնքումը:
Բայց, ի տարբերություն պատերազմում ծեծված ու խեղճացված Նիկոլի, հաղթանակած Հայաստանի իշխանությունը հասավ նրան, որ նույն այդ հանրությունն ընդունեց ԼՂ բնակչության իրական ինքնորոշման իրավունքը եւ ոչ թե Ադրբեջանի գերիշխանությամբ «ինքնորոշվելու իրավունքը», ինչը, ըստ թշնամի երկրի ղեկավարի խոստովանության, նրան պարտադրվում էր Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող միջնորդների կողմից: Այս հանգամանքը բավարար է, որպեսզի մյունխենահայերի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնված՝ նիկոլական ողջ «նաղլը» զրոյանար: Հաղթանակող կողմի պահվածքն այսօր ներկայացնում է Իլհամը՝ գիտակցելով դրա զորությունը

: Ի դեպ, մի օրինակ պատմությունից. նախորդ դարի 80-ականներին Իսրայելի խորհրդարանը մայրաքաղաք է հռչակել միասնական Երուսաղեմ քաղաքը, ինչը չի ընդունվել միջազգային հանրության կողմից: Բայց դա չի խանգարել, որպեսզի հրեաները մնան հաստատակամ, ինչի շնորհիվ 2019-ին Միացյալ Նահանգներն ընդունեց այդ հանգամանքը: 
Երրորդ․ աշխարհաքաղաքական փոփոխությունների շրջանում ցանկացած երկրի հաղթանակի կամ պարտության արդյունքը կարճ ժամանակ անց վերածվում է բոլորի կողմից ընդունելի իրողության: Հայաստանն իր հաղթանակը գրանցել էր (ձեռք էր բերել կադաստրի թուղթ) հենց այդպիսի իրավիճակում: Եվ եթե ազգովի հիմարություն չանեինք ու երկրի ղեկավար չկարգեինք պարտության ջահակիր ու մարմնավորում հանդիսացող անձին, ապա առաջին հերոսամարտի արդյունքներն այլեւս վերանայման ենթակա չէին լինի: Խոսքը դիվանագիտության բնագավառի մասին է: Ինչ վերաբերում է պատերազմում պարտվելուն, ապա ես 100 տոկոսով վստահ եմ, որ նույնիսկ մեր՝ բոլորի կողմից մերժված Սերժի գլխավոր հրամանատարությամբ մենք երբեւէ պարտություն չէինք կրի: Ճիշտ այնպես, ինչպես պարտություն չկրեցինք 2016-ի քառօրյայում՝ թշնամի երկրի ղեկավարին ստիպելով զինադադար աղերսել Մոսկվայից:
Այնպես որ, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ասածին, թե ինքը «ինչի՞ համար է ասում եւ անում այդ ամենը», կա հստակ պատասխան: Այն է՝ այդ ամենը կպարզվի իրեն իշխանությունից հեռացնելուց հետո իր նշանակած դատավորներից մեկի իրականացրած քննությամբ: Կպարզվի, թե ինքն իսկապես «դավաճա՞ն էր, օտարերկրյա գործակա՞լ, ով երազում էր» հայրենիքը կամ դրա մասը հանձնել թշնամուն, թե՞ ընդամենը ապաշնորհ քաջնազարական, որ բախտի բերմամբ հայտնվել էր գահին: