Քերոբյանը չի ծառայել երկրին, ծառայել է Փաշինյանին եւ դեռ շատ կափսոսա դրա համար

Քերոբյանը չի ծառայել երկրին, ծառայել է Փաշինյանին եւ դեռ շատ կափսոսա դրա համար

Երբ հունվարի 31-ին Քննչական կոմիտեն իր աշխատասենյակում ձերբակալեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին, մենք այն ժամանակ գրեցինք, որ Փաշինյանի թիրախն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է. Քննչական կոմիտեն Իսպիրյանին ձերբակալել էր իր ղեկավարի դեմ ցուցմունք կորզելու համար, ինչը թերեւս տեղի է ունեցել: Քերոբյանն ինքն էլ, հասկանալով, որ թիրախն ինքն է, մինչեւ պաշտոնազրկումն ակտիվորեն պաշտպանում էր Իսպրյանին եւ իր ղեկավարած նախարարության մյուս մեղադրյալ աշխատակիցներին՝ դրանով պաշտպանելով իրեն: Մինչեւ պաշտոնազրկումը նա մի հարցազրույցում անդրադառնալով հարուցված քրեական գործին՝ ասում էր. «Երբ որ Քննչական կոմիտեն ասում է պաշտոնական դիրքի չարաշահում, Մչարաշահում» բառն ունի երկու արմատ՝ «չար» եւ «շահ», եթե քրեական գործով չար շահը նկարագրված չի, եւ ապացուցված չի` ինքը չկա: Կաշառք չկա, բյուջեի միջոցների ծախս չկա եւ ընդհանրապես ասած՝ դեպքն էլ չկա»: Քերոբյանի զրուցակիցը նրան հարցնում է. «Եթե չարաշահում չկա, նշանակում է ընկել են Ձեր հետեւից», ինչը Քերոբյանը փաստացի չի հերքում. «Էդ չեմ կարող ասել, հուսով եմ՝ պարզաբանումները, հանգուցալուծումներն արագ կլինեն»: Հանգուցալուծումն իսկապես շատ արագ եղավ, Քերոբյանը ոչ միայն հրաժեշտ տվեց պաշտոնին, այլեւ ինքն էլ հայտնվեց ԱԱԾ-ում, քննչականում եւ երկու ամսով տնային կալանքի ենթարկվեց:

Ինչո՞ւ Փաշինյանը հեռացրեց պաշտոնից Քերոբյանին եւ նրա դեմ քրեական գործ հարուցեց: Երբ Փաշինյանը Հայաստանի էկոնոմիկայի նախարար նշանակեց Վահան Քերոբյանին, մենք համարեցինք, որ մեծ վնաս է հասցվում Հայաստանի տնտեսությանը, քանի որ չի կարելի առեւտրի եւ սպասարկման ոլորտում աշխատանքի փորձ ունեցողին նշանակել երկրի տնտեսության քաղաքականությունը որոշող ղեկավար: Հայաստանն առանց այն էլ առեւտրի եւ սպասարկման երկիր է, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լիներ արդյունաբերության, էներգետիկայի եւ գյուղատնտեսության զարգացմանը, ինչը նախարար Քերոբյանի դեպքում չէր կարող լինել եւ չեղավ: Բայց Փաշինյանը Քերոբյանից ազատվեց ոչ թե Հայաստանի տնտեսությունը զարգացնելու անկարողության համար, այլ իրենից թաքուն փող ուտելու կասկածների համար:  

Փաշինյանի ցանկացած կադրային քաղաքականության հետեւում պետք է տեսնել 2 գործոն` իդեալական ստրուկի որոնում եւ փող, որոնք փոխշաղկապված են, որովհետեւ որեւէ իդեալական ստրուկ իրեն թույլ չի տա տիրոջից թաքուն փող ուտել: Քերոբյանն այդպես էլ չմտավ իդեալական ստրուկի դերի մեջ: Ոչ միայն չցանկացավ, գուցե նաեւ չկարողացավ` դրա համար առանձնակի հատկանիշներ են պետք: Նա ինչ-որ անցյալ ուներ, որոշակի կապեր, ձեւավորված աշխարհայացք` մինչեւ փաշինյանական իշխանության ներկայացուցիչ դառնալը իրենից ինչ-որ բան էր ներկայացնում. սրանք հատկանիշներ են, որոնք խանգարում էին նրան ձուլվել անդեմ ու անսկզբունք իշխանությանը: Փաշինյանին նման մարդիկ պետք չեն, նրան պետք են բացարձակ գորշություններ, մարդիկ, ովքեր ոչ միայն չեն հակադրվում իր կարծիքին, այլեւ կարծիք չունեն, որովհետեւ կարծիք ունենալն արդեն իսկ վտանգավոր է: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները պարտավոր են բարձրաձայնել միայն այն, ինչ իրենց հանձնարարված է, ՔՊ-ից դուրս նրանք շփումներ չպետք է ունենան, Փաշինյանից բացի որեւէ մեկի չցիտեն. անգամ անտիկ շրջանի փիլիսոփաներին ու տնտեսագետներին, որովհետեւ եթե ՔՊ-ականը տեղյակ է, թե ինչ են ասել, խոսել կամ գրել այլ գործիչներ, հնարավոր է, որ նա նրանց համեմատի Փաշինյանի մտքի գոհարների հետ եւ արդյունքում վտանգավոր եզրակացությունների գա: Այս իմաստով Քերոբյանը որքան էլ ՔՊ անդամ էր, ամեն պատեհ-անպատեհ առիթով հիմարություններ էր դուրս տալիս, փորձելով համապատասխանել կատարյալ ՔՊ-ականի կերպարին, միեւնույն է` նրա մոտ դա այնքան էլ լավ չէր ստացվում, եւ Փաշինյանը որոշեց նրանից ազատվել:

Երկրորդ գործոնը փողն է: Քերոբյանն իր հրաժարականի տեքստում գրում է, որ իր գործունեության 3 տարիների ընթացքում էկոնոմիկայի նախարարության բյուջեն 12,5 միլիարդից դարձել է 91 միլիարդ դրամ: Նրան թվում էր, թե դա ինչ-որ մեծ ձեռքբերում է, իր լավ աշխատանքի արդյունքը, որի համար Փաշինյանն իրեն աշխատանքից հեռացնելու փոխարեն պետք է խրախուսեր: Մինչդեռ երբ էկոնոմիկայի նախարարության բյուջեն 12,5 միլիարդ էր, Փաշինյանը համարել է, որ այդքան փողը կարելի է վստահել Քերոբյանին, որովհետեւ այդքան փողը հեշտ է վերահսկել, իսկ 91 միլիարդն արդեն շատ լուրջ թիվ է, այդքան փող կարելի է վստահել միայն նրան, ով ամբողջովին քո ենթակայության տակ է, այդ փողի վրա աչք չունի, չի մտածում, որ դրանից ինքն էլ պետք է բաժին ունենա եւ կբավարարվի նրանով, ինչ իրեն Փաշինյանը հարկ կհամարի տալ: Ո՞նց կարող էր Փաշինյանը 91 միլիարդը թողնել Քերոբյանի հսկողության տակ, որ նա ինչ ուզենա, անի, իսկ երբ դրա մի մասն անհետանա, ասի` դե նախարարության աշխատակիցները սխալվելու իրավունք ունեն, եւ փողի մի մասն էլ կարող է եւ կորել: 

«Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար»,- իր հրաժարականի տեքստն ավարտել է Քերոբյանը: Նրան պետք է ասել, որ փաշինյանական իշխանության ցանկացած ներկայացուցիչ չի ծառայել երկրին, որովհետեւ եթե նրանք ծառայեին երկրին, երկրի վիճակն այսքան ողբերգական չէր լինի: Ինքն ու իր նման պաշտոնյաները ծառայել են Փաշինյանին, ամրապնդել նրա իշխանությունը: Ինչ վերաբերում է Փաշինյանին շնորհակալություն հայտնելուն, դրա համար եւս վաղ է. երբ կազատվի քրեական հետապնդումից, այդ ժամանակ էլ որոշի՝ ինքը բարոյապես կամ ֆինանսապես օգտվե՞ց նախարարի պաշտոնը զբաղեցնելով, թե՞ տուժեց,  եւ միայն դրանից հետո շնորհակալություն հայտնի կամ անիծի այն օրը, երբ հանդիպեց Փաշինյանին: 

Քերոբյանի փոխարեն ո՞ւմ կնշանակի Փաշինյանն էկոնոմիկայի նախարար. արդեն պարզ է, որ մեկին, ով ավելի անսկզբունք է, չունի որեւէ արժեք եւ գիտելիք, գիտակցում է, որ այդ 91 միլիարդը Փաշինյանինն է, եւ պատրաստ է մշտապես գովաբանել նրան ու ամեն օր հայտարարել, որ նրա գլխավորությամբ Հայաստանը գրավում է նորանոր բարձունքներ, անգամ եթե երկիրն անդունդի հատակում է:

Ավետիս Բաբաջանյան