Քայլ արա՝ երկխոսիր

Քայլ արա՝ երկխոսիր

Բոլորը պետք է գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն այն հրաշալի փրկությունը չէ, որը կարելի է տենչալ․ ինչպես հասարակության մի հսկա հատված 2018-ին տենչում էր Սերժ Սարգսյանի հեռացումը եւ կարծում էր, որ դա իր միակ երազանքն է, որի կատարումից հետո ուրիշ ոչինչ իրեն պետք չէ։ Կյանքը միայն սեւ ու սպիտակ գույներից չէ կազմված, եւ մաքսիմալիզմը, որպես կանոն, ոչ հասուն հասարակություններին է բնորոշ՝ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով ապրող։ Կյանքը նաեւ կոմպրոմիսներից ու ժամանակավոր նահանջներից է կազմված։ Երբեմն այնքան կարեւոր չէ նպատակը, որքան դեպի այն ձգվող ուղին։ Ասել կուզի՝ այս պայքարն ինքնին շատ օգտակար է, եթե չասենք՝ արդեն տվել է օգուտ։ Դա արտահայտվում է հատկապես Արցախի հարցում արձանագրվող հայտարարությունների տեսքով, իշխանությունները՝ վերից վար, սկսել են հավատացնել, որ Արցախն Ադրբեջանին հանձնելու մտադրություն չունեն եւ ամեն ինչ անելու են, որ պաշտպանեն Արցախի հարցը։

 

Դա արտահայտվում է տարբեր սոցիալական եւ այլ ծրագրերի տեսքով, որով, պարզ է,  փորձում են կաշառել փողոց ելած մարդկանց։ Եվ հատկապես արտահայտվում է համեստացած լեքսիկոնի ու նախկինում հնչած հաթաթաների նվազելու տեսքով՝ ասֆալտին փռելու, վնգստալու եւ վրեժի կոչելու փորձերն իրենց տեղը զիջել են նորմալ մարդկային խոսքին։ Հաջորդ քայլը պետք է լինեն ընդդիմության հետ երկխոսության գնալու փորձերը։ Նախ, պետք է ընդդիմությանը զիջեն օրենսդրությամբ նրանց հատկացված պորտֆելները, ապա զսպեն իրենց լկտի թիմակիցներին։ Վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը կգիտակցեն այսքանը, բայց եթե ուզում են պահպանել իրենց աթոռներն ու երկիրը հանել այս իրավիճակից, պետք է գնան իշխանությունը զիջելու եւ քաղաքական հակառակորդների հետ երկխոսելու ճանապարհով։