Ոչ մի բացատրություն

Ոչ մի բացատրություն

Մեր 30-ամյա պատմության տարբեր փուլերում մենք էլի ենք ունեցել հուսահատության, ապատիայի, իրականությունից օտարվելու պահեր: Եթե ընտրություններում կեղծիքների դեմ պայքարը երբեմն փողոց է հանել մեծ բազմություն` ինչպես 1996 թվականին կամ 2003-ին, ապա եղել են նաեւ ընտրություններ, որոնք հանրային վրդովմունք բացարձակապես չեն առաջացրել, օրինակ` 2017-ի ընտրությունները:

Չնայած այնպես չէ, որ մենք գոհ ենք եղել դրանց արդյունքներից, եւ դրանք հանրային իրական տրամադրություններն են արտահայտել: Պարզապես` եղել են դեպքեր, իրադարձություններ, որոնք հասարակության նյարդին են կպել, ընդվզում են առաջացրել, սակայն դրանք իրենց կարեւորությամբ երբեմն զիջել են շատ այլ իրադարձությունների, որոնց մեր հասարակությունն անհաղորդ է մնացել:

Ասենք, 2004 թվականին` ընտրություններից մեկ տարի անց, մարդկանց հոծ բազմություն փողոց ելավ եւ բողոքեց Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելու` վստահության հանրաքվե չանցկացնելու դեմ, իսկ Սեւ լիճը, Գորիս-Կապան մայրուղին, Աղավնոն թշնամուն հանձնելու դեմ շատ քիչ մարդ ընդվզեց: Ասենք` տրանսպորտի 50 դրամ թանկացումը, հոսանքի գնի փոքրիկ աճը, Կոմիտասի 5-ում մի բնակելի շենքի կառուցումը, Մաշտոցի պուրակում տաղավարներ տեղադրելը մեծ թվով երիտասարդների հանեց փողոց, հիմա այդ նույն երիտասարդները հանգիստ հետեւում են, թե ինչպես է մաս-մաս հանձնվում հայրենիքը, ինչպես են ադրբեջանական անցակետեր տեղադրվում, եւ ինչպես են Արցախից փախստականներ գալիս Հայաստան: Եթե նախկին պայքարը հանրային` սորոսական սեկտորն էր գեներացնում, ինչո՞ւ այս տարիներին չձեւավորվեց այլընտրանքային քաղհասարակություն, եւ ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին այսքան անհաղորդ դարձել պետության համար կենսական, անկյունաքարային հարցերի նկատմամբ: