Դատարանը վարույթ է ընդունել Գևորգ Գրիգորյանի հայցն ընդդեմ պարետի

Դատարանը վարույթ է ընդունել Գևորգ Գրիգորյանի հայցն ընդդեմ պարետի

Տեղեկացրել էինք, որ պարետ Ավինյանի կինը վիրավորական արտահայտություն էր թույլ տվել ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի հասցեին և վերջինն հայտնել էր, որ կգնա իրավական ճանապարհով, եթե Ավինյանը ներողություն չխնդրի։ Ինչպես տեղեկացանք Գրիգորյանի փաստաբանից՝ հայցադիմումն արդեն ընդունվել է՝ գործը մակագրվել է դատավոր Գոռ Թադևոսյանին։ Բացի ներողություն խնդրելուց բժիշկը պահանջում է նաև 1 միլիոն դրամ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը հետևյալ բովանդակությամբ գրառումն էր արել․ «Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա». Հերդեր

Ցավալի է հետևել, թե ինչպես է մեր երկրում ձևավորվում պաշտոնատար անձանց մի այնպիսի շերտ, որը չի կարողանում տարանջատել քաղաքականությունը ընտանիքից: Նման մոտեցումը բնորոշ չէ հասուն պետական և քաղաքական գործիչներին, ովքեր քաջ գիտակցում են, որ պաշտոններն ընդմիշտ չեն շնորհվում, իսկ ընտանիքը կայուն է, և այդ նույն ընտանիքն է լինելու տղամարդու կողքին՝ նույնիսկ պաշտոնից ազատվեուց հետո: Ընտանիքին, մասնավորապես, կնոջը հասցված բարոյական վնասը չի ներվում և վեր է ածվում անձնական թշնամանքի, սակայն դա հասկանալու և գիտակցելու համար տղամարդը պետք է ունենա անցած ուղի, ճիշտ ուսուցիչ, ընտանիքի մասին թեկուզև «հին», բայց բարոյապես ճիշտ պատկերացում, որպեսզի բացատրի, որ էմոցիոնալ և անբռնազբոս հայտարարությունները, անկախ տարիքից, հարիր չեն պետական այրի կնոջը:
Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք, և այսօր սոցիալական ցանցերում որոշ պաշտոնատար անձանց կանայք, չկարողանալով զսպել իրենց էմոցիաները, սակայն չհասկանալով, որ քաղաքական քննադատությունը չի նախատեսում անձնական թշնամանք, կատարում են գրառումներ, որոնք անձնավորված են, ինչով ցույց են տալիս ոչ միայն իրենց անձնական թշնամանքը և թշնամանքի սերմանումը ընդդիմախոսի հանդեպ, այլ նաև սեփական ամուսնու բովանդակային պատասխան տալու ապիկարությունը և անզորությունը: Որպես ցայտուն օրինակ կարող է ծառայել hraparak.am կայքում տեղ գտած հոդվածը, որը նկարագրում է այսօր Հայաստանի ապագայի համար մեծ պատասխանատվություն կրող փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կնոջ բառամթերքը և վերաբորմունքը քաղաքական ընդդիմախոսիների նկատմամբ»։

Հիշեցնենք, Ավինյանի կինը՝ Մարիամ Փահլավունին նրա մասին արտահայտվել էր այսպես՝ «Առանց դրա էլ բոլորը գիտեն ում շունն ա»։