«Պատիվ ունեմ»-ը ԱԺ փոխնախագահի հարցը կբարձրացնի «Հայաստանի» հետ կոնսենսուսով

«Պատիվ ունեմ»-ը ԱԺ փոխնախագահի հարցը կբարձրացնի «Հայաստանի» հետ կոնսենսուսով

Մի կողմից՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները ՍԴ-ում պայքարում են ընտրությունների արդյունքների վիճարկման համար, մյուս կողմից՝ կուլիսային մակարդակում քննարկում են ապագա խորհրդարանի կառուցվածքը, նաեւ, թե ինչ պաշտոններ են վերցնելու, ինչ մարտավարություն են որդեգրելու։ 

Պառլամենտական դառնալուց հետո, երբ Սահմանադրությամբ ամրագրվեց, որ ԱԺ առնվազն մեկ երրորդը պետք է ընդդիմությունը լինի, ԱԺ երրորդ փոխնախագահի, ինչպես նաեւ մի քանի հանձնաժողովների նախագահների պոստերը հասնում են խորհրդարանական ընդդիմությանը, ավանդույթի ուժով՝ ԱԺ երկրորդ ամենամեծ խմբակցությանը, որն այս դեպքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է։ Բայց դա չի խանգարել, որ մյուս ընդդիմադիր ուժը եւս հավակնություններ դրսեւորի՝ ինչպես 2018-ին «Լուսավոր Հայաստանը» դրսեւորեց՝ Մանե Թանդիլյանին առաջադրելով ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Պարզապես՝ այն ժամանակ իշխանությունը ԲՀԿ-ի հետ չէր ուզում փչացնել հարաբերությունները, ուստի Վահե Էնֆիաջյանին ընտրեցին։

Հիմա խոսվում է այն մասին, որ ԱԺ փոխնախագահի պոստին կարող է հավակնել նաեւ երրորդ տեղը զբաղեցրած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ասում են՝ սա Ալեն Սիմոնյանի գաղափարն է, որն իր ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի խմբակցությանն ուզում է առաջ մղել։ Բայց այս քայլը դեռ չկատարած՝ արդեն իսկ դիտարկվում է իշխանության հետ ստվերային համագործակցության շրջանակներում, որտեղ դեր է խաղում նաեւ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունը։ Եթե նման բան տեղի ունենա, դա կխարխլի խորհրդարանական ընդդիմության համագործակցության դեռ չգցված հիմքերը։

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն այս թեմայով առայժմ չեն ցանկանում որեւէ բան խոսել, ասում են՝ սպասում ենք ՍԴ-ի որոշմանն ու խորհրդարանի ձեւավորմանը՝ պնդելով, թե ԱԺ-ում որեւէ պաշտոնի հարց դեռ չեն քննարկել։ Բայց մյուս ընդդիմադիրները կարծում են, որ «Պատիվ ունեմ»-ի կողմից նման հարցի քննարկում անգամ պիտի տեղի չունենար, եթե նրանք պատրաստվում են արմատական ընդդիմության դիրքերից հանդես գալ՝ բացառելով որեւէ գործարք իշխանության հետ։ 

Այնուամենայնիվ, «Պատիվ ունեմ» դաշինքից մեզ վստահեցրին, որ իրենց կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրելու հարցը կարող է քննարկման առարկա դառնալ միայն այն դեպքում, եթե «Հայաստան» դաշինքի հետ այս հարցում համաձայնության գան։ Ասացին՝ հնարավոր է քննարկեն կա՛մ ԱԺ փոխնախագահի, կա՛մ հանձնաժողովների նախագահներից մեկի պոստն իրենց զիջելու հարցը։ Եթե կոնսենսուս չլինի, ապա բացառում են իրենց կողմից թեկնածուի «դավադիր» առաջադրումը։ 

Սակայն մենք վստահ ենք, որ «Հայաստան» դաշինքը չի հրաժարվի իրեն հատկացվող պաշտոններից։ Դաշինքում, ճիշտ է, այս օրերին խառն են, այդ թեմայով քննարկում չեն արել, այսպես ասած՝ սիրտ էլ չունեն, քանզի զբաղված են իշխանությունների բռնաճնշումներին հակազդելով, ՍԴ քննությամբ եւ այլն, եւ ասում են, որ այս պահին կարեւոր է, թե ինչ է լինելու իրենց դաշինքի այն անդամների ճակատագիրը, որոնք ընտրվել են պատգամավոր, բայց դեռ մանդատը չստացած՝ ձերբակալվել ու կալանավորվել են։ Դաշինքի երրորդ համար, ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այս պահին ուղղակի որոշակի հակազդեցություն ենք մշակում այս բռնաճնշումների նկատմամբ, որ իրականացվում են «Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ։ Այսինքն՝ որեւէ քննարկում ո՛չ հանձնաժողովի ղեկավարի, ո՛չ ԱԺ փոխնախագահի մասով չի եղել, այս պահին ուրիշ հարցեր կան՝ ավելի հրատապ»։