Կհամաձայնե՞ն ռուսները Արմեն Գրիգորյանի հետ աշխատել

Կհամաձայնե՞ն ռուսները Արմեն Գրիգորյանի հետ աշխատել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սորոսական անցյալ ունեցող Արմեն Գրիգորյանը, որն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելու պահից ի վեր խնդիրներ է ստեղծել ՀՀ իշխանությունների համար՝ Ռուսաստանի իշխանությունների հետ հարաբերություններում, երեկ նշանակվեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Որոշ շրջանակներ չեն բացառում անգամ, որ Գրիգորյանն իրականում նախարարի տեղապահ է նշանակվել, պարզապես Նիկոլ Փաշինյանը սպասում է ՍԴ որոշմանը, որից հետո կձեւավորվեն խորհրդարանն ու կառավարության իր կաբինետը, եւ Գրիգորյանը կնշանակվի արտգործնախարար։ 

Հիշեցնենք, որ հետպատերազմական անկայուն վիճակում գտնվող Հայաստանը մայիսի 27-ից արտգործնախարար չունի։ Արա Այվազյանի հրաժարականից հետո ազատման դիմումներ ներկայացրին նաեւ բոլոր չորս փոխնախարարները, ավելի ուշ պարզվեց, որ չի ընդունվել միայն Արմեն Ղեւոնդյանի հրաժարականը։ Դա էլ՝ որպեսզի ԱԳՆ-ն լրիվ անգլուխ չմնա, եւ Ղեւոնդյանը, փաստորեն, ի պաշտոնե այս ընթացքում ղեկավարեց հանրապետության համար կարեւոր այս գերատեսչությունը։ Երեկ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն օրերս այցելել է ԱԳՆ՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը, եւ արդյունքում որոշումներ են կայացվել։ Մեր տեղեկություններով, փոխնախարարների հավանական թեկնածուները պրոֆեսիոնալ դիվանագետներ են՝ երկու Տիգրանները՝ Սեյրանյան եւ Մկրտչյան։

Տիգրան Սեյրանյանը, որը ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի հորեղբոր որդին է, երկար տարիներ Չեխիայում եւ Սլովակիայում մեր դեսպանն էր, 18-ից հետո ՀՀ դեսպան նշանակվեց Ուկրաինայում։ Իսկ Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանն էր մերձբալթյան երկրներում, սակայն 2021թ․ մարտի 15-ի հրամանագրով հետ է կանչվել եւ արդեն 4 ամիս է՝ կադրերի ռեզերվում է։ Վերադառնալով Արմեն Գրիգորյանի նշանակմանը՝ որոշ շրջանակներ քիչ հավանական են համարում, որ Նիկոլ Փաշինյանը դեմ կգնա ռուսներին եւ նրանց համար կարեւոր այս գերատեսչության ղեկավար կնշանակի սորոսական կադրին։ Բայց վերջինիս նշանակելով ԱԳ նախարարի առաջին տեղակալ՝ կպահի հավասարակշռությունը՝ չի նեղացնի սորոսական ՀԿ-ներին եւ արեւմտյան իր հովանավորներին։ Արմեն Գրիգորյանն էլ կդառնա Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի աչքն ու ականջն ԱԳՆ-ում։

Հիշեցնենք․ երբ նոր էր հակառուսական հայացքներով հայտնի Արմեն Գրիգորյանը նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնում, ռուսական շրջանակներում լրջորեն դժգոհել էին եւ երկար ժամանակ նրան չէին վստահում՝ պահանջելով Երեւանից՝ այն փաստաթղթերը, որոնք պարունակում են գաղտնի համարվող տվյալներ իրենց հայաստանյան ռազմական կայանի մասին, հասանելի չդարձնել սորոսական Արմեն Գրիգորյանին: Ռուսներն անգամ նրա հրաժարականի պահանջն էին դրել Փաշինյանի առաջ: Իհարկե, Արմեն Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ իր հարցազրույցների միջոցով փորձում էր սիրաշահել ռուսներին, վերջերս էլ վստահություն հայտնեց, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները 4.5 տարի հետո չեն հեռանալու, եւ նրանք են պահելու մեր անվտանգությունը, սակայն հաջողվե՞լ է արդյոք նրան մոռացության տալ Պուտինի դեմ ակցիաները, մաքրել Արեւմուտքի լրտեսը լինելու իր պիտակը՝ պարզ կդառնա առաջիկայում նրա նախարար նշանակվել-չնշանակվելու փաստից։

Ի դեպ, Արմեն Գրիգորյանը նաեւ նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի քրոջ որդին է, իսկ Հակոբյանը Փաշինյանին ամենից շատ ցավեցրած գործիչներից է, որը հանրությանը տեղեկացրել է Աննա Հակոբյանի՝ բունկերում դերակատարման մասին։ Վերջին շրջանում Գրիգորյանը նաեւ Փաշինյանի մահակի դերն է խաղում՝ ընդդեմ հասարակության, ընդդիմության։ Նա էր կադրային ջարդի մասին հայտարարություն անողը եւ այլն։ Մի բան փաստ է, որ իշխանության կադրային բազան այնքան սնանկ է, իսկ փորձառուներն էլ, հավանաբար, չեն ցանկանում աշխատել Փաշինյանի հետ, որ վերջինիս հույսը արմենգրիգորյաններն են մնացել, եւ ԱԳ նախարարի թեկնածու էլ չի գտնվում։ 

Այս նշանակման վերաբերյալ փորձեցինք լսել փորձառու դիվանագետ, ՔՊ ցուցակից դուրս մնացած Հովհաննես Իգիթյանի կարծիքը։ Նա չցանկացավ խոսել իր՝ ցուցակում չընդգրկվելու, ներկայիս կարգավիճակի եւ ապագայի մասին, միայն ասաց․ «Երբ լինի որեւէ որոշում, դուք կիմանաք այդ մասին»։

- Արմեն Գրիգորյանի նշանակումն ինչպե՞ս կմեկնաբանեք, այս բարդ, նուրբ իրավիճակում կարո՞ղ էինք մեզ թույլ տալ նման շռայլություն եւ ԱԳՆ պատասխանատու պաշտոնում նշանակել դիվանագիտության ասպարեզում անփորձ մեկին, ով նաեւ հստակ քաղաքական գծի է հարում։

- Դեռ թող նշանակվի, նոր կխոսենք, թողենք ՍԴ-ն ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնի, հետո կառավարություն կձեւավորվի, հիմա ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար՝ առաջին տեղակալ է նշանակվել։

- Այսինքն՝ վերջնակա՞ն նշանակում չէ, ու հնարավոր է նախարա՞ր նշանակվի։

- Ես նման բան չասացի, եկեք սպասենք, հատկապես, որ տեղս շատ անհարմար է, Երեւանից հեռու, հիմա խոսում եմ, ինձ լսում են, իսկ ես չեմ ուզում, որ լսեն։

- Ինչո՞ւ, ուզում էիք վատ բանե՞ր ասել այս նշանակման մասին, որ չեք ուզում լսեն։

- Ոչ, ոչ մի բան չեմ ասելու։

- ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակվելու փաստը գնահատեք, այս բարդ ժամանակներում իշխանությունն ինչո՞ւ է փորձարկումների գնում եւ պրոֆեսիոնալ դիվանագետ չի նշանակում։

- Ես չեմ կարող քննարկել այդ հարցը, բացի այդ՝ ես ո՞վ եմ, որ քննարկեմ։

- Իշխանական թիմի անդամ եք, դիվանագիտական աշխատանքի երկարամյա փորձ ունեք։

- Եկեք հերթականությամբ գնանք՝ սպասենք ՍԴ-ն ավարտվի, հետո խորհրդարան ձեւավորվի, հետո՝ կառավարություն։

- Ինչո՞ւ՝ կասկածներ ունեք, որ արդյունքները չեղյա՞լ կհամարվեն։

- Խնդրում եմ՝ մեր զրույցը հարցազրույցի մի վերածեք, եկեք հերթականությամբ, հիմա դրա ժամանակը չէ։

- Ճիշտ եք ասում՝ այս կարեւոր կառույցը կարող է երկու՝ չէ, մի երեք ամիս էլ այսպես անգլուխ մնալ, դրա ժամանակը չէ։

- Չեմ կարծում, որ այդ հարցը հիմա պետք է քննարկենք, հիմա այդպես ստացվեց, այդ քննարկումից ինձ ի՞նչ։