Եթե Թաթուլ Հակոբյանն է այդպես կանխորոշում…

Եթե Թաթուլ Հակոբյանն է այդպես կանխորոշում…

Թաթուլ Հակոբյանի հետ երկար տարիների ծանոթ, ինչ-որ չափով մտերիմ ենք: Հարգում եմ նրա աշխատասիրությունը, լրագրողական դիտողունակությունը եւ զուսպ ոճը: Բայց այս անգամ, երեւում է, ինքն էլ գայթակղության է տրվել: Անդրադառնալով Արցախում սպասվող ընտրություններին, նա ասում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր հասնել նրան, որ Հայաստանի ՀՀԿ-ական իշխանության շարունակությունն Արցախում՝ նախագահ Բակո Սահակյանն ու թիմը, հեռանան, սակայն վարչապետն ընտրեց այլ՝ ոչ հեղափոխական, ոչ փողոցային տարբերակ, նույնիսկ փողոց դուրս եկած եւ Բակո Սահակյանի հրաժարականը պահանջողներին հորդորեց տուն գնալ: 

Խոսքը 2018թ. հունիսի առաջին օրերին Ստեփանակերտի ավտոկայանի դիմաց առավելագույնը 100 երիտասարդի մասնակցությամբ  ակցիայի մասին է, որտեղ, սակայն,  Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ չի հնչել: Արցախում նախագահ Սահակյանի հրաժարականի հանրային պահանջ երբեք չի դրսեւորվել: Որոշ շրջանակներ, այո, դժգոհել են կադրային քաղաքականությունից, բայց կազմակերպված շարժում չի ծավալվել: Բայց ի՞նչ կապ ունի այդ թեման սպասվող նախագահական ընտրությունների հետ: Դրանով ակնարկվում է, որ Արցախի գործող նախագահն անելի՞ք չունի:

Ըստ երեւույթին՝ այո: Եւ հենց այստեղ է, որ Թաթուլ Հակոբյանը սխալվում է, իրավիճակը գնահատում այնպես, որ Արցախի նախագահի երկու ֆավորիտ թեկնածու կա՝ Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայիլյանը, հիմնական պայքարը ծավալվելու է նրանց միջեւ, իսկ Մայիլյանին սատարելու մասին Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո երկրորդ փուլը գրեթե անխուսափելի է դառնում:  Ասվածն ինչ-որ կանխածրագրի տպավորություն է թողնում: Այն իմաստով, որ Արցախի նախագահն ու իշխանությունը լիովին անտեսվում են, որոշումների կենտրոն է ներկայացվում պաշտոնական Երեւանը, որն էլ, ի վերջո երկրորդ փուլում կկատարի վճռորոշ ընտրությունը՝ Հարությունյա՞ն, թե՞ Մայիլյան: Իսկ Արցախի քաղաքացի՞ն, ընտրո՞ղը: Նրա քվեն նշանակություն չի՞ ունենա: Իրոք, արտառոց ինչ-որ բան է, երեւի, տեղի ունենում, եթե Թաթուլ Հակոբյանի նման անաչառ լրագրողն է նման կանխորոշումներ ներշնչում արցախցիներիս: