Իսկապես, ուրիշ ենք 

Իսկապես, ուրիշ ենք 

Ինչպես երեւում է, արդեն ավարտվել են մտահոգություններ հայտնելու եւ սկսվել են հումանիտար օգնություն տրամադրելու գործընթացները: Առաջինը, եթե չեմ սխալվում, Շվեդիան էր, որին հետեւեց ԱՄՆ-ն, այնուհետեւ՝ Եվրամիությունը: Սպասենք այլ երկրների կամ միջազգային (իմա՝ արեւմտյան) կառույցների հումանիտար աջակցությանը, քանի որ Արցախի հարցը «լուծվել» է Արեւմուտքի ցանկության համաձայն: Դա արեւմտյան երկրների ձեռագիրն է, որ պետք է ծանոթ լիներ մեզ 100 տարի: Բայց քանի որ մենք ուրիշ ենք՝ նույնիսկ մեր պատմությունից դասեր քաղել չենք կարողանում: Մենք այնքան ուրիշ ենք, որ մեր ժամանակակիցների ընթացիկ իրավիճակից եւս դասեր չենք քաղում: Եվ որքան էլ ցավալի լինի խոստովանելը՝ մեր ուրիշ լինելը պայմանավորված է մեր ժողովրդի մեծամասնության անգրագիտությամբ եւ հայրենասիրության բացարձակ բացակայությամբ: Ծանոթ լինելով բազմաթիվ ժողովուրդների պատմությանը՝ չեմ կարող մատնանշել գոնե մեկին, որ իր հայրենիքի հետ վարվի այնպես, ինչպես մենք: Որ իր երկրում իշխանության բերի, իսկ խայտառակ պարտությունից հետո էլ պահպանի այնպիսի անձանց, որոնց միակ նպատակը հենց այդ իշխանությունն է: Կամ էլ, ավելի ճիշտ, այդ իշխանության կողմից տրամադրվող փողն ու արտոնությունները: Իսկ դրանց գործունեության հետեւանքը՝ նույն երկրի կործանումը: Ինչպես չասես, որ մենք, իսկապես, ուրիշ ենք: 

Մենք իսկապես ուրիշ ենք, քանի որ մեր անվտանգությունը լավ կամ ոչ այնքան լավ ապահովող պետության փոխարեն ընկնում ենք երազայինի հետեւից: Առանց հիշելու, որ 100 տարի առաջ մենք դա արել ենք ու արդյունքում ստացել ենք ահավոր կորուստներ: Ու հիմա կրկնում ենք նույն հանցագործ սխալը: Բավարար չէ, որ կրկնում ենք, հլա մենք մեզ մեղադրում ենք երազայինին տրվելու մեջ՝ իրականությունը 180 աստիճանով շրջելով: Այսինքն՝ հայտարարում ենք, որ երազայինը գոյություն ունեցող անվտանգային համակարգն է, իսկ իրականը՝ թշնամու առաջ ծնկի գալը: Սա ասում է մեկը (Ժիրայր Լիպարիտյան), որ ժամանակին բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել այս երկրում: Ու արդեն չես կողմնորոշվում՝ ասողը որպես հա՞յ է հանդես գալիս, թե՞ որպես հայի թշնամի: Ինչը, ի դեպ, սեւ հումորի շարքից չէ, քանի որ նրա աշակերտներից մեկը, որ այսօր պետություն է ղեկավարում, ժամանակին հպարտանում էր վայրագ թշնամու դեմ ծանր պատերազմում մեր երկրի պարտությամբ: Իսկ նրա շրջապատն էլ, նրան հրաժարական պարտադրելու փոխարեն, ստրկամտորեն ծառայում է նրան:   

Այս ամենն այնքան անբնական է, որ նույնիսկ նրա երբեմնի «կիրթ ու կառուցողական» գործընկերը չի հավատում, որ պետության ղեկավարը կարող է լինել այդքան ո՛չ հայրենասեր եւ ո՛չ արժանապատիվ եւ նույնիսկ վախկոտ անձնավորություն: Եվ երբ որոշել էր, որ պետք է վերացնի Արցախի իշխանությունն ու Պաշտպանության բանակը, զորքեր կուտակեց նաեւ Հայաստանի սահմաններին: Որովհետեւ, որպես ադեկվատ անձնավորություն, մտածում էր, որ Հայաստանի ղեկավարը չի կարող բացարձակ անտարբեր գտնվել Արցախի ճակատագրի նկատմամբ: Բայց կյանքը ցույց տվեց, որ մեր թշնամին իզուր էր մտահոգվել՝ հանուն սեփական իշխանության պահպանման, Հայաստանի ղեկավարը թքած ուներ Արցախի ու արցախցիների վրա: Ինչը ներկայացվեց իբրեւ թե Հայաստանի անվտանգության մտահոգությամբ պայմանավորված: Հետաքրքիր է՝ եթե մեր հարավային հարեւան Իրանը խնդիր չունենար սահմանային փոփոխությունների առումով, ինչպե՞ս էր իրեն պահելու Հայաստանի անվտանգությամբ մտահոգված անձը, եթե թշնամին որոշեր բացել «Զանգեզուրի միջանցքը»՝ հարձակվելով Սյունիքի ուղղությամբ: 

Իսկ եթե այդ հարցի առումով լսես նրան կամ նրա ստրկամիտ կամակատարներին, ապա կիմանաս, որ Սյունիքի անվտանգության ապահովման հույսը ժողովուրդն է, ժողովրդավարությունը եւ միջազգային գործընկերները: Այն ժողովուրդը, որն իր մեծամասնության մեջ հենց իրենց ջանքերով ու իրենց նման թքած ունի հայրենիքի վրա: Ժողովրդավարության մասին բան չասեմ՝ երեւի հումանիտար բուհերի ամենավերջին ուսանողն անգամ հասկանում է, որ ժողովրդավարությունը ո՛չ սպառազինություն է եւ ո՛չ էլ իրենց ժողովրդավար համարող երկրների (նույն այդ միջազգային գործընկերների) ռեալ ու գործնական աջակցություն: Այն ընդամենը սառը զենք է՝ արեւմտյան աշխարհից տարբերվող երկրների իշխանությունների գլխին կախված: Որը երբ գործի է դրվում, այդ երկրներն ունենում են մարդկային եւ տարածքային կորուստներ, կորցնում են անկախությունն ու ինքնիշխանությունը: Այն, ինչի առջեւ կանգնած է այսօր Հայաստանի Հանրապետությունը:

Վերջաբանի փոխարեն. Նիկոլենց ուղղորդմամբ ժողովրդի մեջ շրջում է անմիտ մի գաղափար՝ դաշնակները հանձնեցին Ղարաբաղը: Այսինքն՝ Արցախը հանձնեց ոչ թե այն բեռ համարողը, այլ՝ Արցախի խորհրդարանի մեկ-երկու շաբաթվա նախագահը: Հատկապես այն ժամանակ, երբ Իլհամը զորքեր էր կուտակում Հայաստանի ու Արցախի սահմաններին՝ Արցախի վրա հարձակվելու մտադրությամբ: Իսկ ես էլ կասկածում եմ, որ միշտ ժպտացող Արայիկը հրաժարական տվեց, որպեսզի Արցախը հանձնվի ոչ թե իր ձեռքով, այլ հանուն Արցախի պայքարողների ձեռքով: