Հայկական թեման համաշխարհային նումիզմատիկայում

Հայկական թեման համաշխարհային նումիզմատիկայում

(մաս 1-ին՝ մետաղադրամներ)

Ճակատագրի բերումով ցրվելով աշխարհով մեկ ՀԱՅՆ ամենուր  հասցրել է կառուցել ու շենացնել, դարձել նորի սկզբնավորող ու հիմնադիր: Ստեղծել առաջին գունավոր հեռուստացույցն ու գունավոր ռետուշը, առաջին կերոսինային լամպն ու միզուկահատիչը, առաջինն է հայտնաբերել նյութի պահպանման օրենքն ու առաջինը մշակել տողադարձի կանոնները: Եվրոպայում առաջինը զարկ տվել տորոնի մշակությանը… Այն ժամանակ, երբ եվրոպացիների մուտքն արգելված էր Ասիայի ու Աֆրիկայի կենտրոնական շրջաններ, եվրոպացի ճանապարհորդներն ու առեւտրականներն այդ տարածքները ներթափանցելու համար ստիպված էին ծպտվել հայի տարազի ու անվան տակ: 

…Հայը եղել է Բյուզանդիայի ու Մոլդովայի, Բուլղարիայի ու Բաբելոնի կայսր ու իշխան, զորապետ, Եգիպտոսի վեզիր ու ծովակալ: Հայն ուր էլ որ եղել է, ձգտել է շենացնել ու հզորացնել իր համար երկրորդ հայրենիք դարձած երկիրը: Հայի նախագծով է կառուցվել ԽՍՀՄ պաշտպանության նախարարության շենքն ու Կրեմլի համագումարների պալատը, Բուխարեստի շտապ օգնության առաջին հիվանդանոցը, Լոնդոնի մետրոյի Վիկտորիա կայարանի հատվածը… Հայն է հիմնադրել ալերգիաբանության ռումինական դպրոցն ու Ուզբեկստանի ֆիլհարմոնիայի ժողգործիքների առաջին արհեստավարժ նվագախումբը, Ռուսաստանի առաջին էստրադային թատրոնը, Կարակալպակիայի ժողպարի համույթը, Ռումինիայի առաջին գեղարվեստի դպրոցը, Իրանի առաջին կինոթատրոնը… Հայն է նկարահանել իրանական ու լիբանանյան առաջին կինոնկարը: Հայկական արմատներ ուներ լեհական ու բելոռուսական առաջին օպերաների հեղինակը: Հայն է երկնել Սոմալիի ու Եթովպիայի, ԽՍՀՄ-ի ու Ռումինիայի, Մոսկվայի ու Սեւաստոպոլի օրհներգերը: 

Հունգարահայ գեներալ Յանոշ Ցեց(յան)ը իր կազմած հունգարական լեգիոնով մարտընչել է Ջ. Գարիբալդիի բանակի կազմում, իսկ Շիմոն Շիմոնովիչը 1593-1595-ին առաջնորդել է Ռեչ Պոսպոլիտայի զորքերը, Եփրեմ խանը դարձել է Իրանի սարդար, տվել 60 մեծ ու փոքր ճակատամարտ: Նույնքան ճակատամարտ է տվել նաեւ հայկական արմատներ ունեցող Ալ. Սուվորովը: Խորհրդային ազգերից` ռուսներից, ուկրաինացիներից եւ բելոռուսներից, նաեւ հետագայում աստիճանազրկված Բերիայից բացի, ԽՍՀՄ մարշալներ են դարձել միայն հայերը, եւ այն էլ ոչ մեկը` Բաղրամյան, Ագանով, Բաբաջանյան, Խուդյակով: Ընդամենը ԽՍՀՄ 3 նավատորմի ծովակալներից 1-ը եղել է հայ… 
 

Մ.թ.ա. 19թ. Հայաստանի նվաճման առթիվ Հռոմի Օգոստոս կայսեր դրամահատած ոսկե դրամ

Հռոմի կայսր Մարկ Անտոնիոսի դրամահատած արծաթե դինար՝ հայկական թագով: Դրամահատվել է Մարկոս Անտոնիոսի պատվին, ով Կլեոպատրայի հետ ուխտադրուժ սպանել է Հայաստանի թագավոր Արտավազդ Բ-ին, ով հաղթանակ էր տարել Մարկոս Կրասոսի նկատմամբ

Օգոստոսի (մ.թ.ա. 27-մ.թ.14) օրոք դրամահատված հռոմեական արծաթե դինար՝ թողարկվել է Հայաստան կատարած արշավի առթիվ: Դարձերեսին պատկերված է հայ նիզակակիր զինվոր:

Հայերի կողմից մատուցված այդ ծառայություններն երբեմն իրենց արժեւորումներն են ստացել, որն արտահայտվել է նաեւ նրանով, որ հայազգի գործիչների պատկերներով հատվել են մետաղադրամներ, իսկ որոշ գործիչների դիմանկարները հայտնվել են օտար պետությունների թղթադրամներին: Հայերի համար նշանակալի իրադարձությունների առթիվ նույնպես տարբեր երկրներում դրամահատվել են մետաղադրամներ: 

Դեռեւս Հին Հռոմում դեպի Հայաստան արշավներով պայմանավորված մի քանի անգամ դրամահատվել են հայկական թեմատիկայով մետաղադրամներ: Դեռեւս մ.թ.ա. 19-ին Հռոմի կայսր Օգոստոսը (մ.թ.ա.27-մ.թ.ա.14) Հայաստանին նկատմամբ տարած հաղթանակի առթիվ թողարկել է ոսկեդրամ՝ «Հայաստանը պարտված» գրությամբ, ինչպես նաեւ արծաթե դինար: Օգոստոսից առաջ եւ հետո հայկական թեմատիկայով արծաթե դինարներ են հատել Մարկ Անտոնիոսը (մ.թ.ա.37), Տրոյանոսը (98-117), Անտոնիոս Պիոսը (138-161), Լյուցիս Վերասը (161-169):

Հետագա դարերում եւ առավելապես միջնադարում, երբ արդեն հայ եւ հայազգի գործիչները օտար երկրներում  դարձել են գահակալներ, նրանց պատկերներով Բյուզանդիայում, Բուլղարիայում, Վրաստանում, Մոլդովայում եւ այլուր դրամահատել են բազմաթիվ մետաղադրամներ: 19-րդ դ. Աֆղանստանի Շահ Շուջանի հատած ոսկե եւ արժաթե դրամներին նա ուղղակի հիշատակվել է որպես հայ [տես «Հայ Սփյուռք», Երեւան-2003, էջ 111]: 


Յոն Արմյանուլի պատկերով դրամահատված Մոլդովական իշխանության պղնձե դրամ: 

 

1965-1991 թթ. ԽՍՀՄ-ում թողարկվել է 68 տեսակի հուշամետաղադրամ, որոնցից միայն 3 են նվիրված եղել Հայաստանին ու հայկական մշակույթին: Դրանք են 3 ռուբլի անվանական արժեքով ընդհանուր 2 700 000 հատաքանակով «Երկրաշարժ» պղնձանիկելային համաձուլվածքով հուշադրամը (նվիրված է այն համաժողովրդական օժանդակությանը, որ Հայաստանը ստացավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո, որը շրջանառության մեջ է դրվել 1989 թվականի դեկտեմբերի 7-ին), 5 ռուբլի անվանական արժեքով «Մատենադարան» մետաղադրամը (թողարկվել է 1990թ. հոկտեմբերի 31-ին, որը դրամահատվել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) դրամահատարանում), 5 ռուբլի անվանական արժեքով  «Սասունցի Դավիթ» հուշադրամը (շրջանառության մեջ է դրվել 1991 թվականի նոյեմբերի 13-ին):
Խորհրդային տարիներին մետաղադրամներ են դրամահատվել նաեւ հայազգի եւ հայկական ծագում ունեցող գործիչների պատվին: 

Հայկական մշակույթին է աղերսվում նաեւ Ղրիմի հայկական Սբ. Խաչ վանքը, որին անդրադարձել են եւ ուկրաինական, եւ ռուսական բանկերը: Համապատասխանաբար 2009-ին Ուկրաինայում 10 000 ընդհանուր թվաքանակով թողարկվել է 10 գրիվեն անվանական արժեքով արծաթե հուշամետաղադրամ: 


2017թ. հուլիսի 5-ից ՌԴ բանկը Հովհ. Այվազովսկու ծննդյան 200 ամյակի առթիվ «Ռուսաստանի նշանավոր անհատականություններ» շարքով շրջանառության մեջ է դրել 2 ռուբ. անվանական արժեքով արծաթե հուշադրամ: 

ՌԴ բանկը հետխորհրդային շրջանում մի քանի անգամ անդրադարձել է հայազգի ռուսական գեներալիսիմուս Ալ. Սուվորովին [Ալ. Սուվորովի հայկական ծագման մասին տես՝ «Россия и Армения. Тысячелетнее содружество в лицах. Александр Васильевич Суворов»,  «Планы освобождения Армении во второй половине XVIII века», «Нагорный Карабах в период античности и в средние века», «А. В. Суворов и русско-армянские отношения в 1770-1780-х годах». Ер.: Айастан. 1981: Николай Николаевич Вильмонт (մշակույթի հայտնի պատմաբան). «Архирусский Суворов был с материнской стороны армянином» եւ այլն]:

«Անցում Սեն Գատոր լեռնացքով» «Գեներալիսիմուս Ա. Վ. Սուվորով» «Ա. Վ. Սուվորով»
Մասնավորապես նրա պատվին միայն 2000-ին թողարկվել է 3 տեսակի հուշամետաղադրամ՝ 3 ռուբլի անվանական արժեքով արծաթե հուշամետաղադրամ «Անցում Սեն Գատոր լեռնացքով» (շրջանառության մեջ է եղել մայիսի 18-ից: Թողարկվել է ընդամենը 5000 հատ),  50 ռուբլի անվանական արժեքով արծաթե հուշամետաղադրամ «Գեներալիսիմուս Ա. Վ. Սուվորով» (շրջանառության մեջ է եղել  մայիսի 18-ից: Թողարկվել է ընդամենը 1000 հատ),        25 ռուբլի անվանական արժեքով արծաթե հուշամետաղադրամ «Ա. Վ. Սուվորով» (շրջանառության մեջ է եղել մայիսի 18-ից: Թողարկվել է ընդամենը 500 հատ): 
 

Ալ. Սուվորովի պատվին մետաղադրամներ են թողարկվել նաեւ այլ երկրներում՝ 2023-ին աֆրիկյան Չադ պետությունում 30 հազար ընդհանուր հատաքանակով դրամահատվել է 5000 ֆրանկ արժողությամբ ոսկե դրամ: Ալ. Սուվորովի պատվին դրամ է թողարկվել նաեւ չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունում: 

2008-ին ՌԴ բանկը ռուսական եւ խորհրդային ռեժիսոր, թատերական գործիչ Վլ. Նեմիրովիչ-Դանչենկոյի ծննդյան 150 ամյակի առթիվ թողարկել է 2 ռուբ. անվանական արժեքով հուշամետաղադրամ: [Հայկական ծագման մասին տես՝ Ա. Բախչինյան «Հայազգի գործիչներ», Երեւան-2002, էջ 319: Казинян А. 100 величайших армян ХХ века. М., 2006. С. 66-67)՝ ուկրաինացի Իվան Նեմիրովիչ-Դանչենկոյի եւ հայուհի Ալեքսանդրա Կասպարի Յաղուբյանի որդին]: 
Հայկական թեմատիկան տեղ է գտել նաեւ Լեհական ժողովրդական Հանրապետության թողարկած հուշամետաղադրամներում: Մասնավորապես Ի. Լուկաշեւիչին [Հայկական ծագման մասին տես՝ «Բանբեր Երեւանի համալսարանի» 1981, № 3, էջ 148-155] նվիրված լեհական հոբելյանական 50-զլոտիանոց պղնձա-նիկելային համաձուլվածքից հատված մետաղադրամ է թողարկվել է 1983-ին՝ 612 հազ. ընդհանուր հատաքանակով: 
Հետսոցիալիստական Լեհաստանում եւս 2 անգամ անդրադարձել են հայ գյուտարար Իգնացի Լուկաշեւիչին: Մասնավորապես նավթի ու գազի արդյունահանման 150-ամյակի առթիվ 

2003-ին Լեհաստանում թողարկվել է 10-զլոտիանոց արծաթե հոբելյանական մետաղադրամ: Նույն իրադարձության առթիվ նույնպես 2003-ին դրամահատվել է լեհական 200-զլոտիանոց հոբելյանական մետաղադրամ: 

Լեհաստանի բանկն անդրադարձել է նաեւ անգլո-հայկական ծագումով լեհական բանաստեղծ, դրամատուրգ, էսսեիստ, ХХ դ. եվրոպական պոեզիայի դասական Հերբերտ Զբիգնեւին [Հ. Զբիգնեւի հայկական ծագման մասին տես՝ Шапиро, Харви, «Збигнев Герберт, 73, поэт, кто искал моральные ценности». New York Times, 29 июля 1998 եւ այլն]՝ 28.05.2008-ին Լեհաստանում Հ. Զբիգնեեւի մահվան 10-ամյակի կապակցությամբ թողարկվել են 2-զլոտիանոց եւ 10-զլոտիանոց հոբելյանական հուշամետաղադրամներ: 

Լեհ գրող եւ դրամատուրգ, լեհական ռոմանտիզմի դարաշրջանի մեծագույն բանաստեղծ Յուլիուշ Սլովացկիի (լեհ. Juliusz Słowacki) մահվան 150 ամյակի կապակցությամբ Լեհաստանում 1999-ին դրամահատվել է 2 զլոտիանոց մետաղադրամ:  

Յու. Սլովացկիի հայկական ծագման մասին տես՝ Krzysztof A. Wozniak «Ormianie Polscy», «Zwoje» 4 (8), 1998, ինչպես նաեւ ks. Tadeusz Isakowicz-Zaleski, Izaak Mikołaj Isakowicz «Złotousty»՝ Վիլենյան համալսարանի լեհ պրոֆեսոր Էվզեբիուշ Սլովացկիի եւ հայուհի Սալոմեա Սլովացկիի Յանուշեւսկայայի (2-րդ ամուսնու ազգանվամբ՝ Բեքյու) որդին]: 

Հայ կամ հայազգի գործիչներից բանկերն ու դրամահատարաններն առավել հաճախ անդրադարձել են հայազգի ռումինական (մոլդովական) գրող Միհայ Էմինեսկուին [Մ. Էմինեսկուի հայկական ծագման մասին տես`Кость Бондаренко «Профиль» № 39 (157), 09.10.2010 г.,  Հակոբ Ճ. Սիրունի, «Միհայ Էմինեսկու», Պուքրեշ, 1937թ., Լ. Լանիս «Միհայ Էմինեսքու»՝ «Հայաստանի կոչնակ», 1949, էջ 869 եւ այլն]: Նրա մահվան 100 ամյակի կապակցությամբ 1989-ին Լենինգրադի դրամահատարանում թողարկվել է ԽՍՀՄ հոբելյանական 1 ռուբլիանոց մետաղադրամ: 

Մ. Էմինեսկուի ծննդյան 150-ամյակի առթիվ Մոլդովայում 2000-ին 1000 հատ ընդհանուր քանակով թողարկվել է 100 լեյ անվանական արժեքով արծաթե մետաղադրամ: Մ. Էմինեսկուի ծննդյան 150 ամյակը նշանավորվել է նաեւ Ռումինիայի բանկի թողարկած 2000 լեյ անվանական արժեքով հուշամետաղադրամով: Իսկ Մ. Էմինեսկուի ծննդյան 160-ամյակի առթիվ Ռումինիայի ազգային բանկը 2010 թ. ապրիլի 12-ին թողարկել է 500 լեյ արժողության 500 հատ 999 հարգի ոսկեդրամ:

Ռումինական բանկն անդրադարձել է նաեւ 13-րդ դարում Վանա լճի ափամերձ Արճեշ քաղաքից գաղթած հայերի հիմնած Կուրտեա դե Արճեշ քաղաքին: Դեռեւս սոցիալիաստական Ռումինիայում թողարկվել է 50 բանի անվանական արժեքով մետաղադրամ՝ նվիրված Կուրտեա դե Արճեշ քաղաքի եկեղեցուն, իսկ 2011-ին դրամահատվել է Արճեշի իշխանական պալատին նվիրված հուշամետաղադրամ: 

Ռումինիայում 2022-ին բժիշկ, ծերաբան-ծերաբույժ Անա-Վասիլիկա Ասլանի ծննդյան 125 ամյակի առթիվ թողարկվել է հուշամետաղադրամ: 

Բելառուսում ԽՍՀՄ մարշալ Հովհ. Բաղրամյանի 1-ին Մերձբալթյան ճակատը ղեկավարելու օպերացիայի պատվին «Բագրատիոն օպերացիա» անունը կրող հավաքածուում 2010-ին թողարկվել է 1 ռուբլիանոց հոբելյանական մետաղադրամ, որից թողարկվել է ընդամենը 3000 հատ: 

2019թ. դեկտեմբերի 27-ին Ստանիսլավ Մոնյուշկոյի ծննդյան 200-ամյակի առթիվ Բելառուսի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել 1999 հատ 1 ռուբլիանոց հոբելյանական մետաղադրամ

[Ստ. Մոնյուշկոյի հայկական ծագման մասին տես՝ Jan T. Z. (24 IV 2005) «Polscy Ormianie» (Հիշողություններ հայերի գենոցիդի մասին, լեհահայեր) (Polish) Retrieved February 18, 2013.Jump up to: եւ a b c d e f g University of Southern California: Polish Music Center Stanisław Moniuszko Retrieved February 18, 2013: Մոնյուշկոյի հայրը լեհ էր, մայրը՝ հայուհի։ Մայրը՝ Ելիզավետա (Էլժբետա) Մաջրսկան, եղել է արդյունաբերող, ծնունդով կոստանդնուպոլսեցի Յան Մաջարսկու (Հովհաննես Մաջարյանց) դուստրը, հայրը՝ Չեսլավ Մոնյուշկոն, եղել է զինվորական: Տես, Монюшко Станислав//Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.: Jan T. Z. (24 IV 2005 r)"Вспоминая геноцид Армян. Польские]:

Եգիպտական ալ-Ալյամ ալ-Իոում (العالم اليوم) շաբաթաթերթի 2017թ. սեպտեմբերի 17-ի հրապարակման համաձայն՝ 2018-ին Եգիպտոսի ֆինանսների նախարարությունը Նուբար փաշայի ծննդյան 140-ամյակի առթիվ պիտի թողարկեր եգիպտական 10 ֆունտանոց արժողությամբ մետաղադրամ: Այն պիտի ունենար 35մմ տրամագիծ եւ ձուլված լիներ արծաթից ու պղնձից: Հետագա տեղեկությունները բացակայում են: 

Շարունակելի

Գագիկ Արծրունի