Փիլոյանն անգնահատելի ծառայություն է մատուցել Փաշինյանին՝ դառնալով նրա կաբինետի անդամ

Փիլոյանն անգնահատելի ծառայություն է մատուցել Փաշինյանին՝ դառնալով նրա կաբինետի անդամ

Hraparak.am-ը զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

-Այսօր՝ հայրենիքի համար կարևորագույն այս ժամանակահատվածում երկրում բարձր պաշտոն ունեցող անձինք, պարզվում է՝ զբաղվել են կոռուպցիայով եւ անգամ կալանավորվում են։ Ինչո՞ւ գոնե Ազգային հերոսի կոչումը չի զսպում եւ չի ստիպում վերջիններիս լինել խոհեմ։

-Անդրանիկ Փիլոյանին 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անտեղի հերոսացրեց` շնորհելով Ազգային հերոսի կոչում, հետո նախարար նշանակեց, այսօր ձերբակալեց` կոռուպցիոն մեղադրանքով։ Ընդ որում, հասարակությանն այդպես էլ չմատուցվեց, թե Փիլոյանն ինչ անուրանալի ծառայություններ է մատուցել պատերազմի ժամանակ։ Առհասարակ, աբսուրդ է, երբ պարտված պատերազմի ժամանակ ինչպես կարող էին այդքան «հերոսներ» հայտնվել։ Ըստ ամենայնի, Փիլոյանն անգնահատելի ծառայություն մատուցեց Փաշինյանին, երբ պատերազմից հետո համաձայնեց նրա կաբինետի անդամը դառնալ՝ հերոսի կարգավիճակով։ Թերևս, այդ նպատակով էլ Փաշինյանը բոնուսով «պարգևատրել» էր Փիլոյանին։ Հիմա պարզվում է՝ գործ ունենք շարքային կոռուպցիոների հետ։ Փաշինյանի թեթև ձեռքով այսպես է Հայաստանում արժեզրկվում Ազգային հերոսի ինստիտուտը։ 

- Ի՞նչ սպասել Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումից։

-Ապրիլի 6-ին Բրյուսելում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Դժվար է կանխատեսել` այս հանդիպումը կդառնա խաղաղության գործընթացի մեկնա՞րկ, թե՞ նոր էսկալացիայի սկիզբ։ Անկեղծորեն ուզում եմ հավատալ առաջին տարբերակին։ Ինչո՞ւ եմ նման երկընտրանք առաջ քաշում։ Արդյո՞ք ԵՄ հովանու տակ տեղի ունեցող հանդիպումը, այսպես ասած, խաղաղության գործընթացի շրջանակներում է։ Եթե հիշում եք՝ Բաքուն հինգ կետ էր առաջադրել Երևանին ու առաջարկել էր բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, ինչից հետո՝ գործընթացը կազմակերպելու նպատակով Երևանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Եթե խոսքն այս գործընթացի մասին է, ապա տարակուսելի է, թե ինչու են բանակցություններն ընթանում ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ՝ ԵՄ-ի տանիքի ներքո։ Մյուս խնդիրը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, որպես կանոն, քննարկվում է Հայաստան- Ադրբեջան- Ռուսաստան եռանկյունում։ Արդյո՞ք ԵՄ նախաձեռնությունը մոսկովյան միջնորդության շարունակությո՞ւնն է, թե՞ գործ ունենք նոր գործընթացի հետ։ Եվ վերջապես՝ գլոբալ հակադրության այսօրվա համատեքստում ԵՄ-ն ունի՞ գործիքակազմ՝ նպաստելու հայ- ադրբեջանական երկխոսությանը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները թույլ կտան հասկանալ՝ այս հանդիպումը կդառնա խաղաղության գործընթացի մեկնա՞րկ, թե՞ նոր էսկալացիայի սկիզբ։ 

- Բրյուսելում կայանալիք բանակցություններից հետո նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Որքանո՞վ կազդեն բրյուսելյան բանակցություններն այս հանդիպման վրա։

-Ես չէի ուզենա ուղիղ կապ տեսնել Բրյուսելի բանակցությունների ու Պուտին-Փաշինյան հանդիպման միջև։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական դրսևորումներն, այդ թվում՝ ԼՂ խնդրում, ուրվագծվելու են ոչ թե բրյուսելյան բանակցություններից, այլ մոսկովյան հանդիպումից հետո։