Պետությունը հիմնարկ չէ, որ փակես ու անհետանաս. ի՞նչ է սպասվում արցախցիներին

Պետությունը հիմնարկ չէ, որ փակես ու անհետանաս. ի՞նչ է սպասվում արցախցիներին

2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Այս ծանր որոշումը «ծանր սրտով» երեկ ստորագրեց հայկական երկրորդ հանրապետության՝ ԼՂՀ-ի վերջին՝ 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ըստ հրամանագրի՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները եւ կազմակերպությունները, եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ Արցախից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ եւ անհատական որոշում կայացնելու նպատակով՝ ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին,- տեղեկացնում է Ստեփանակերտը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։

Փաստացի, Արցախի վերջին ղեկավարի այս հրամանագրով վճռվեց մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, բայց վճռվե՞ց արդյոք։ Հարցն այստեղ անձնական եւ նույնիսկ քաղաքական էմոցիոնալ տիրույթում չէ։ Ի դեպ, հիշյալ հրամանագրի ստորագրումից հետո դրա բուն տեքստին ծանոթանալ հնարավոր չէ, քանի որ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջն այլեւս չի գործում։

Շահրամանյանի հրամանագիրն իրավական ուժ չունի եւ կարող է չեղարկվել նույնիսկ ԼՂ տարածքից դուրս․ սա հայ իրավաբանների հավաքական տեսակետն է։ ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գեւորգ Դանիելյանը, օրինակ, կարծում է, որ հրամանագիրը որեւէ իրավական արժեք ու նշանակություն չունի։
Նրա գնահատմամբ, եթե նույնիսկ Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցվեր, դա պետք է լիներ ոչ թե նախագահի միանձնյա հրամանագրով, այլ հանրաքվեով` այնպես, ինչպես ժամանակին հռչակվել է Արցախի անկախ հանրապետությունը։

Այդ դեպքում եւս, միեւնույն է, այդ որոշումն իրավական ուժ չէր ունենա, քանի որ ընդունվել է բռնաջնջման վտանգի ներքո, իսկ միջազգային իրավունքով` ցանկացած իրավական ակտ, որ ընդունվում է սպառնալիքի տակ, համարվում է անվավեր՝ ընդգծել է իրավաբանը։ Օրերս «Հրապարակ»-ի հետ զրույցում լեհ քաղաքական գործիչ, բլոգեր Թոմաշ Լեխ Բուչեկը հետեւյալ կարծիքն արտահայտեց․ «Թուրքերին ու ադրբեջանցիներին վստահել պետք չէ, նրանց երաշխիքներն անարժեք են։ Միայն հերոս հայերը կարող են ապահովել Արցախի անվտանգությունը։ Արցախի իշխանությունը պետք է իրեն հռչակի քաղաքական վտարանդի եւ բոլոր գործողություններն իրագործի Եվրոպայից կամ ԱՄՆ-ից։ Սա կօգնի Արցախի գործին։ Դա նաեւ ավելի մեծ անվտանգություն կապահովի Արցախի քաղաքացիների համար։
Հայոց պատմության մեջ նման նախադեպեր եղել են ու կան, ինչպես ժամանակին ՀՀ կառավարությունն իրեն քաղաքական վտարանդի ճանաչեց, ինչպես Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն կա հիմա։ Սա նաեւ համաշխարհային պրակտիկայում հայտնի քայլ է։

Լուսահոգի Մոնթեի պատգամն այս իմաստով վերստին արդիական է դառնում․ «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Իսկ մենք չե՛նք ուզում կորցնել ո՛չ Արցախը, ո՛չ էլ շրջել հայոց քաղաքակրթական պատմագրքի վերջին էջը։ Երկիրը, սուրբ հողը, Հայրենիքը, պետությունը հիմնարկ չեն, որ փակես ու անհետանաս։ Նման բարոյական իրավունք ոչ մեկը չի ունեցել եւ չունի։  

Վերջին տվյալներով, ԼՂ-ից բռնի տեղահանված 98.929 անձ է ժամանել Հայաստան՝ հայտնել են կառավարությունից, իսկ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ դատավճռի պես սեպեց․ «Մի քանի օր հետո Արցախում ոչ մի հայ չի լինի»։ Անձ, որ այդպես էլ չտարբերեց պետությունը, Հայրենիքը հիմնարկից ու ամբիոնից, անձ, որի համար հումանիզմ է Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած արցախցիներին 100 հազարական դրամ օգնություն տրամադրելը։ Գանձապետի, հաշվապահի պես՝ չոր ու հաշվարկված։ Եվ վերջ․․․

Գուցե Արցախում ժամանակավորապես հայ չի լինի, բայց Արցախն ու արցախցին հավերժորեն կան ու լինելու են, եւ հայկական մեր սուրբ հողակտորի համար պայքարը նոր թափ է ստանալու, եւ սա արդեն բոլորիս կռիվն է՝ բոլոր իմաստներով․․․

Արա Ալոյան